Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակի, ՀԱՊԿ-ից սպասելիքների, այդ ֆոնին ներքաղաքական շահարկումների շուրջ զրուցել ենք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի հետ.
– Պարոն Հարությունյան, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Անվտանգության խորհրդի մայիսի 17-ի նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվել է ադրբեջանական ուժերի կողմից լարվածության աճ: Եթե ունեք տեղեկություններ՝ խնդրում եմ պարզաբանել, ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ իրավիճակ է հիմա:
– Այդ հայտարարության պատճառ էր հանդիսացել այն, որ ադրբեջանական դիրքերի կողմից դեպի մեր դիրքերը եղել էր փոքր շարժ կամ սադրիչ փոքր գործողություններ, որոնք մեր ուժերի կողմից կանխվել էին:
– Չե՞ք կարծում, որ պետական մարմինների տեղեկատվական համակարգերի վատ աշխատանքի կամ թերացման արդյունքում է, որ քաղաքական որեւէ ուժի կամ որեւէ անձի հաջողվում է ցանկացած տեղեկություն կամ ապատեղեկատվություն տարածել: Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետեւ վերջին օրերին բոլորը գիտեին, որ սահմանին բանակցություններ են, բայց պաշտոնական որեւէ տեղեկություն չկար դրանց արդյունքի կամ գոնե դրա բացակայության մասին: Այս վակուումը չէ՞ նաեւ իշխանությունների մատնանշած «մեդիատեռորի» առիթը:
Կարդացեք նաև
– Այս հարցի մեջ ճշմարտության որոշակի հատիկներ կան: Մեր իշխանության ոչ ուժեղ կողմերից է եղել կատարված աշխատանքի ցուցադրումը: Շատ հաճախ մենք կենտրոնանում ենք աշխատանքի վրա եւ մոռանում ենք դա պատշաճ կերպով լուսաբանել եւ ներկայացնել, որովհետեւ մեր թիմի համար աշխատանքը առավել կարեւոր է, քան դրա ցուցադրությունը: Այնուամենայնիվ, ուզում եմ համաձայնել ձեզ հետ, որ այո՛, որոշ առումով այդ հաղորդակցությունը պետք է լինի պատշաճ մակարդակի: Կոնկրետ այս դեպքում կուզեմ ասել, որ մենք առավել եւս շեշտը դրել ենք արդյունքի վրա, քան դրա մասին տեղեկություն տարածելու, որովհետեւ բանակցությունները բավականին բարդ են ընթանում, կոնկրետ արդյունքներ չեն արձանագրվում, եւ որոշակի արդյունքի մասին խոսելը կարող է շատ ուղիղ ազդեցություն ունենալ հետագա բանակցությունների վրա: Մենք այստեղ պետք է հաշվի առնենք, որ գործ ունենք անվտանգային խնդիրների հետ:
– Պարոն Հարությունյան, օգտվելով առիթից, խնդրում եմ ասել նաեւ՝ հնարավո՞ր է հունիսի 20-ի ընտրությունները չեղարկվեն կամ հետաձգվեն սահմանային իրավիճակի պատճառով:
– Արտահերթ ընտրությունների չեղարկման քննարկումներ այս պահին չկան եւ մեր իշխանությունը շահագրգռված է արտահերթ ընտրությունների անցկացմամբ, որովհետեւ այն ժամանակ, երբ որ մենք այս ամենը նախաձեռնեցինք, սրանով հստակ ցույց տվեցինք, որ Հայաստանի հետագա զարգացման համար եւ ներքաղաքական իրավիճակը որոշակի առումով հարթելու համար նոր մանդատի վերահաստատումը մեզ համար շատ կարեւոր է, եւ մենք շահագրգռված ենք արտահերթ ընտրությունների անցկացմամբ: Շատ մեծ հույս ունեմ, որ սահմանի վրա լարվածությունը չի մեծանա եւ մենք ստիպված չենք լինի այլ գործիքներ կիրառել, որոնք կհանգեցնեն ընտրությունների չեղարկմանը: Մենք այդ հարցը չենք քննարկել:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում