Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստացի ունենք իրավիճակ, երբ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած անձանց իրավապահ մարմինները չեն ձերբակալում՝ ինչ-ինչ նկատառումներից ու հաշվարկներից ելնելով. «168 ժամ»

Մայիս 18,2021 09:30

Պետական սահմանն ապօրինաբար հատելը կոնկրետ հանցակազմ է, որը նկարագրված է ՀՀ Քրեական օրենսգրքում, և սահմանախախտներին նախ ձերբակալում են, հետո քրեական գործ են հարուցում, ապա կալանավորում են ու անցնում քրեական գործի նախաքննությանն ու հետագայում արդեն՝ դատաքննության փուլին, մինչև վճռի հրապարակում:

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ապօրինի սահմանահատման հոդվածով 25 անձինք են պահվում, և անհասկանալի է, թե մայիսի առնվազն 13-ից մինչ օրս ինչո՞ւ այդ թիվը չի համալրվում մի քանի հարյուրով:

Ի դեպ, մայիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանը Սյունիքի մարզի Սև լիճ հատվածում ապօրինի հատելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու փաստի առթիվ:

Դատախազությունում նախ ընդունել են, որ 2021թ.-ի մայիսի 12-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ, ԱՀ ԶՈւ մի քանի զորամիավորումների հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության հատել են ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական տարածքում գտնվող՝ Սև լճի հատվածում պահպանվող պետական սահմանը:

Հետագայում, իհարկե, պարզվեց, որ միայն Սյունիքում չի գրանցվել սահմանախախտության դեպք, այլ նաև Գեղարքունիքում:

«Մոտ 3-3.5 կմ առաջանալով ՀՀ տարածքով, նրանք դիրքավորվել են բարենպաստ բարձունքներից մեկի վրա և իրենց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ հայտնել, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին, չեն թույլատրում առաջանալ, իսկ առաջանալու դեպքում սպառնացել են զենք կիրառել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են Ադրբեջանի ԶՈՒ-ի զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ տարածքի մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելու հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի երկրորդ մասի և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով»,- ասվում է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Ձերբակալվածների մասին, բնականաբար, ոչ մի խոսք: Այսինքն՝ սահմանախախտները ՀՀ ՔԿՀ-ներում ինչպես 25-ն էին, այնպես էլ մնացել են 25-ը: Հետաքրքիր է՝ ինչ են արել այս 25-ը, որ գտնվում են ազատազրկման վայրերում, և ինչ չեն արել Սյունիք ու Գեղարքունիք ներխուժած ադրբեջանցիները, որ դեռևս գտնվում են ազատության մեջ: Եվ սա՝ այն դեպքում, երբ Ադրբեջանի բանտերում ունենք հարյուրավոր գերիներ, որոնց փոխանակելու համար ադրբեջանցի սահմանախախտների ձերբակալությունը կարող էր հարմար դիտարկելի տարբերակ լինել՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքը պահպանելով:

Փաստացի ունենք իրավիճակ, երբ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած անձանց իրավապահ մարմինները չեն ձերբակալում՝ ինչ-ինչ նկատառումներից ու հաշվարկներից ելնելով:

Գոհար ՍԱՎԶՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31