Փաստաբան Դավիթ Ավագյանը, որն իրավաբանական օգնություն է ցուցաբերել Խոսրով Հարությունյանին ոստիկանության բաժնում, ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ մի քանի արձանագրում.
1) Ազատության հրապարակում ոմն քաղաքացու կողմից տեղի էր ունեցել ակնհայտ սադրանք, մասնավորապես վերջինս անպարկեշտ վարքագիծ էր ցուցաբերել՝ հրապարակային հայհոյանքներ հնչեցնելով տարբեր անձանց հասցեին,
2) պարոն Հարությունյանը փորձել է տվյալ քաղաքացուն հանդարտեցնել, որին ի պատասխան՝ այդ քաղաքացին հրել է պարոն Հարությունյանին,
Կարդացեք նաև
3) պարոն Հարությունյանը որևէ կերպ չի պատասխանել այդ սադրանքին, սակայն ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել նաև վերջինիս,
4) ոստիկանության ծառայողները տեղում գտնվելու և միջադեպին ականատես լինելու պայմաններում առնվազն հնարավորություն ունեին տարբերակել սադրանք իրականացնողին և հակահասարակական ու հակաիրավական վարքագիծ ցուցաբերողին և հարկադրանքի միջոցներ կիրառեին հասցեական, որի պայմաններում ակնհայտ անհիմն և ոչ իրավաչափ էր պարոն Հարությունյանին բերման ենթարկելը,
5) Ցանկացած պարագայում նման կոշտ միջոցով բերման ենթարկելը համաչափ չէր,
6) ոստիկանության բաժնում ոստիկանության ծառայողները գործել են պրոֆեսիոնալ ու հարգալից»։