ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Ազատության հրապարակում աշխարհազոր գրվելու կոչով ստորագրահավաք է նախաձեռնել: Այդ առիթով պատասխանելով լրատվամիջոցների հարցերին՝ Հրանտ Բագրատյանն ասաց. «Թշնամին անընդհատ խորանում է մեր սահմաններից ներս: Պայմանական թվեր ասեմ. խորանում են 7 կմ, հետո սկսում բանակցությունները, մի 2 կմ հետ են գնում, արդյունքում մոտ 5 կմ իրենց է մնում: Փաշինյանն էլ ասում է՝ վերջապես համաձայնվեցինք, 2 կմ հետ են գնացել: Աշխարհազոր ձեւավորելով դիմելու ենք պետությանը, ասենք՝ եղբայր, եթե դու չես կռվում, մեզ զենք տուր, գնանք, կռվենք:
Պետությունը չի պաշտպանում մեր հայրենիքը: Մեր բանակը չի կրակում: Մենք հստակ գիտենք, թե ինչ է եղել Սիսիանում: Նրանք բարձունքներին նստել են, ասել՝ Սեւ լճին կարող եք մոտենալ: Ընդամենը սա: Մենք հաստատապես գիտենք, որ երբ Մուրադովը բանակցում էր, ադրբեջանցիները մի քանի դրդապատճառ են բերել: Ասել են, որ եկել կանգնել են այստեղ, որովհետեւ միջանցք են ուզում բացել, ասել են՝ թող Հայաստանը մեզ հետ տա Տավուշի ութ եւ Արարատի մեկ գյուղը՝ Քյարքին, որը հիմա Տիգրանաշենն է: Ընդ որում, խոսք չկա, որ ադրբեջանցիները 90-ականների պատերազմի սկզբին մեզանից վերցրել են Արծվաշենը եւ Նախիջեւանի հատվածում՝ Նոր Զնաբերդը: Նրանք չեն թաքցնում, թե ինչ են ուզում»:
Հրանտ Բագրատյանը դժվարացավ ասել, թե Աշխարհազորը որքան ժամանակում կարող է կազմավորվել: «Շնորհակալ եմ, մարդիկ գալիս անդամագրվում են: Ամեն օր՝ մի 7, 10, 12 օր, գալու ենք ցուցակագրենք: Հետո գնալու եմ կառավարություն: Եթե ընդունեն, ասելու եմ զենք տվեք:Ես ուրիշ ի՞նչ կարող եմ անել: Վարչապետը Փաշինյանն է, նախագահը՝ Արմեն Սարգսյանը, պաշտպանության նախարարը ինչ-որ անուն-ազգանունով մարդ է: 90-ականների սկզբին եղել եմ շարժման անդամ, հետո՝ վարչապետ: Գնացել՝ կռվել ենք, ու հաղթել ենք: Ես բաներ ասում եմ, ասում են՝ սուտ է, հետո պարզվում է՝ ճիշտ է: Հիմա ես պետություն էլ չունեմ, սահմանապահ զորքերը իմը չեն, որ ասեմ, թե մետր առ մետր ինչքան խորացան: Մեր ժողովրդին դարձրել են վախկոտ, թուրքերից վախենալու սինդրոմ ենք ստացել: Էն թուրքերից, որոնց սատկացնում էինք: Թուրքը մեր անունը լսում՝ փախչում էր:
Ինչ ասացին, սուտ դուրս եկավ: Ասաց՝ մի թուղթ եմ ստորագրել, պարզվեց երկու հայտարարություն է, չորս պրոտոկոլ: Ընդդիմությանն էլ ասում են՝ խուճապ եք տարածում: Եղբայր, ավելի լավ չի՞ ես խուճապ տարածեմ, քան իրենք պաշտոնական սուտ ասեն: Ո՞րն է ավելի լավ, իմ անվնաս խուճապը՞, թե՞ իրենց մահաբեր հաղորդագրությունը, որը ի վերջո վերածվում է կորուստների»,-ասաց Հրանտ Բագրատյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ