«Սյունիքի դեպքը լոկալ տարածքային հարց չէ, սա տարածաշրջանային վերադասավորումների հարց է։ Մեր տարածաշրջանում տեղի է ունենում աննախադեպ դարակազմիկ աշխարհաքաղաքական մի տեղաշարժ, նման բան անգամ առաջին և երկրորդ աշխարհամարտի ժամանակ տեղի չի ունեցել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով Սյունիքում և Գեղարքունիքում Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանի խախտմանը։
Պատգամավորը վստահեցնում է, որ Արցախյան հարցը այս գլոբալ դասավորումների մեջ առաջին բախումն էր։ Եվ պատահական չի համարում, որ Սյունիքի դեպքերը և Իսրայելա-Պաղեստինյան հակամարտությունը սկսվեցին միաժամանակ։
Ա․Եղոյանը նաև գտնում է, որ մեր տարածաշրջանում դաշնակիցներ են փոխվում, ուժերի հարաբերակցությունն է փոխվում։ Սաուդյան Արաբիայի ու Իրանի, ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերություններն են վերականգնվում, Չինաստանն ու Հնդկաստանն են Իրանի հետ խոշոր ծրագրեր պլանավորում։ Եվ Իրանի համար երկար տարիներ անց Սև ծով դուրս գալու հնարավորություն է բացվում, տարածաշրջանում Չինաստանից ու Հնդկաստանից Եվրոպա ապրանքաշրջանառություն իրականացնելու ծրագրեր մշակվում։ Եվ Ա․Եղոյանն ասում է, այն ինչ կատարվում է Հայաստանի շուրջ, պետք է այդ զարգացումների շրջանակում դիտարկել։
«Աննախադեպ աշխարհաքաղաքական շարժ է, մենք ապրում ենք պատմական աննախադեպ փոփոխության շրջանում։ Ես չգիտեմ, թե մեկ ժամից ինչ կլինի, ամեն ժամ իրավիճակ է փոխվում։ Եվ ապագայում աշխարհի պատմությունը բաժանվելու է մինչև 2020-2021թթ․և դրանից հետո»,- ասում է նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում