Լրահոս
Օրվա լրահոսը

Դաժանությամբ սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով վկաներին սպառնացել են՝ եթե չփոխեն ցուցմունքը

Մայիս 17,2021 22:20

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր հերթական դատական նիստն էր։ Արդեն վեց տարի ընթացող այս դատական գործը, կարծես, մոտենում է հանգուցալուծման, սակայն դատական գործից դուրս վերջերս որոշ իրադարձություններ են տեղի ունեցել։

Գործով երեք վկա տեսաուղերձներ են ուղարկել դատարանին, որում ասել են՝ հիմք ընդունել վերջին ցուցմունքը՝ ոչինչ չենք տեսել, ոչինչ չենք լսել։ Մյուս վկան էլ իր տեսաուղերձում ասել է․ «Հայկազ Բարսեղյանի սպանության օրը եղել եմ դիվիզիոնում՝ օրապահ, եւ ուզում եմ նշել, որ իմ ծառայության ընթացքում ոչ մի արտառոց դեպք տեղի չի ունեցել, շեշտեմ, որ ժամը մեկից երեքն ընկած հատվածում եղել եմ արթուն եւ ոչ մի բան չեմ տեսել այդ ժամանակ, հանգստացել եմ միայն իմ հանգստի ժամին, որը նախատեսված է եղել ներքին ծառայության կանոնագրքով, երկու ժամ կանգնելուց հետո երկու ժամ հանգստացել եմ, իսկ իմ ծառայության ընթացքում ես ոչ մեկին չեմ տեսել»։

Aravot.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Անի Թորոսյանը պատմեց՝ ոմն Սամսոն Շահումյան, որը Վանաձորից է, երբեւէ գործի հետ որեւէ առնչություն չի ունեցել, գործով վկաների դեմ ակտիվ արշավ է սկսել, ընդ որում, հանդես է եկել դատարանի անունից իբրեւ թե դատարանն է իրեն հանձնարարել իրեն այդ նյութերը ստանալ։ Այս Սամսոն Շահումյանը, որը ամբաստանյալներից մեկի՝ Վաչե Սահակյանի ընկերն է, զանգել է գործով անցնող վկաներին եւ հորդորել իրենց նախաքննական ցուցմունքները փոխեն, ասեն, որ իրենք ոչինչ չեն տեսել։

Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2015 թվականի հունվարի 29-ին։ Ըստ մեղադրանքի, ծառայակից ընկերները գիշերն առանձնակի դաժանությամբ սպանել են Հայկազ Բարսեղյանին, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրա մարմինը տեղափոխել են ինստիտուտի մարզահրապարակ ու կախել պտտաձողից։ Գործով մեղադրյալները Հայկազ Բարսեղյանի ծառայակիցներն են՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Նորիկ Սահակյանը եւ Գնել Թեւոսյանը։

Փաստաբան Անի Թորոսյանի պատմելով՝ գործով վկաներից երեքը վերջերս դատարանին տեսանյութ են ուղարկել, որով հերքում են իրենց նախաքննական ցուցմունքն ու ասում, իբրեւ թե ոչինչ չեն տեսել։ Այս վկաներից մեկն, ըստ փաստաբանի, նույնիսկ տեղյակ չի եղել, որ իրեն կողքից տեսանկարահանում են․«Սամվել Սերոբյանի մասին է խոսքը, իսկ մյուսը՝ Խաչիկ Մինասյանն այսպես, թե այնպես դատարանում ասել էր, որ ոչինչ չի տեսել, տեսանյութում նույնը պնդել է։ Մյուսը Թելման Մխիթարյանն է, որը նշել է, որ ոչինչ չի տեսել։ Տարօրինակն այն է, որ մյուս բոլոր վկաներին էլ է փորձել կապվել, հանդիպել, մի մասը դուրս չեն եկել հանդիպման։ Գեւորգ Վարդանյանի մայրը զանգել է քննիչին եւ բողոքել, թե՝ սա ի՞նչ է, զանգերի տարափ է։ Այսինքն, բոլորի հետ փորձել է ակտիվ աշխատել։ Հոգեբանական լուրջ գործոն է եղել, սպառնացել է, ասել է՝ բա չ՞եք մտածում, որ քսան տարի հետո դուրս են գալու, ու դուք էդ ժամանակ ընտանիք երեխա եք ունենալու, բա ի՞նչ եք անելու»։

Երբ դատարանն այս տեսանյութերը ստացել է, Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը փորձել է բոլորին զանգել, որպեսզի հասկանա, թե դա ինչ տեսանյութ է, ինչ է կատարվում, փորձել է բոլորի հետ խոսել։ Փաստաբանն ասաց, որ Հայկազի հայրը զանգել է նաեւ Սամսոն Շահումյանին, հարցրել՝ ի՞նչ ես անում, ինչո՞ւ ես ահաբեկում վկաներին, դու ո՞վ ես այս գործում, ի՞նչ իրավասություն ունես, որ միջամտում ես, վերջինս պատասխանել է՝ ինչ անում եմ, լավ եմ անում, ես ինքս եմ ուզում համոզվեմ, ինքս եմ ուզում օգնած լինեմ, հասկանամ՝ ինչ է եղել։

«Այսինքն, բոլոր քննչական գործողությունները, որոնք վեց տարի է ընթանում են, նախաքննությունից ու դատաքննությունից դուրս մի երրորդ անձ փորձում է վկաների ցուցմունքներում նոր բեկում մտցնել»,-ասաց փաստաբան Անի Թորոսյանը։ Արկադի Բարսեղյանն այս տեսանյութերի կամ վկաների վրա ազդելու գործով դիմել է ոստիկանություն։

Մեր հարցին՝ ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ վկաների այս տեսանյութերը, որով փորձում են ցուցմունք փոխել, փաստաբանն ասաց՝ տեսանյութը վկայի ցուցմունք չէ, այսինքն` այն չի փոխարինելու, դատավարական փաստաթուղթ չէ, բայց փաստն այն է, որ փորձ է արվել ազդել վկաների վրա, հետո քննությունը ցույց կտա, թե ինչ է կատարվել, կպարզվի․«Մի վկայի դեպքում նույնիսկ տուն է գնացել, հասել է Գյումրի, այդպես անվախ ձեւով գնացել է տուն։ Նման բան անել չի կարելի, արգելված է։ Մեր հաղորդման մեջ մի քանի վկաների անուններ է նշված, որոնց կամ հանդիպել է կամ զանգել։ Ես չեմ կարծում, որ գործի ընթացքի վրա տեսանյութը որեւէ ազդեցություն կունենա, դրանք ցուցմունքներ չեն, անհայտ պայմաններում ուղարկված տեսանյութ է»։
Բացի այս, փաստաբանն ասաց, որ հարցաքննության փուլն ավարտվել է, պաշտպանական կողմը մի քանի տարի միջնորդություններ էր ներկայացնում, միջնորդություններ անելու բազմաթիվ հնարավորություններ ուներ, ընդ որում, դատարանն էլ այնքան է բավարարել իրենց բոլոր միջնորդությունները՝ բազմակողմանիությունն ապահովելու համար, եւ հիմա հանկարծ գործը հասել է վերջին փուլին, ամենավերջին կետին, փորձում են վկաների վրա ազդել։

Այսօր դատական նիստում վերջին պաշտպան Արա Զաքարյանն է ճառով հանդես եկել, եւ ինչպես ասաց տիկին Թորոսյանը, էլի մի քանի միջնորդություններ է ներկայացրել․«Իհարկե, դրանք ուշացված բաներ են, որովհետեւ ժամանակն անցել է։ Ամբաստանյալն էլ ցանկություն են հայտնել ճառով հանդես գալ, ենթադրում եմ հաջորդ նիստին իրենք էլ ճառ կներկայացնեն»։

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը մայիսի 31-ին է, ժամը 13։00-ին։ Ամբաստանյալներն իրենց մեղքը չեն ընդունում, նրանց սպառնում է 18-20 տարի ազատազրկում։

Ըստ մեղադրանքի․«Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյան, Մովսես Ազարյանը նախնական համաձայնությամբ բռնել են անկողնում պառկած Հ.Բարսեղյանի ոտքերը եւ ձեռքերը, ձեռքի ափով փակել բերանը, ապա սուր կտրող ծակող գործիքով կտրել է նրա աջ նախաբազկի վերին երրորդականում՝ արմնկափոսում տեղակայված երակը: Օգտվելով իրենց իսկ գործողություններով պայմանավորված ննջարանում գտնվող թվով վեց կուրսանտների մոտ առաջացած սարսափի հետեւանքով Հ.Բարսեղյանի կյանքը փրկելու կամ այլ կերպ օգնություն ցույց տալու անզորության գիտակցմամբ պայմանավորված անգործությունից՝ Հ.Բարսեղյանի կտրած երակից արյունահոսելու պայմաններում, գիտակցելով, որ իրենց գործողությունները առանձնահատուկ հոգեկան տառապանքներ եւ ֆիզիկական տանջանքներ են պատճառում Հ.Բարսեղյանին, նրան առանձին տառապանք պատճառելու դիտավորությամբ, շարունակելով խոշտանգումները, Վ.Սահակյանի ու Մ.Ազարյանի կողմից Հ.Բարսեղյանի ոտքերը բռնած լինելու պայմաններում, Ն.Սահակյանի հետ հարվածներ են հասցրել Հ.Բարսեղյանի կրծքավանդակին եւ դեմքին՝ շարունակելով սառնասրտորեն փակել բերանը, սեղմելով պարանոցը՝ կոտրել են Հ.Բարսեղյանի ենթալեզվային ոսկորը: Տեսնելով, որ իրենց գործողությունների հետեւանքով Հ.Բարսեղյանը այլեւս կորցրել է դիմադրելու եւ սեփական կյանքի համար պայքարելու ունակությունը, համոզված չլինելով նրա սպանված լինելու հանգամանքում՝ խմբի անդամներով Հ.Բարսեղյանի ներկայությամբ, սկսել են քննարկել նրան պատշգամբից ցած նետելու կամ կախելու միջոցով սպանությունը որպես ինքնասպանության նմանակելու հարցը, որից հետո Նորիկ Սահակյանի հետ հագցրել են Հ.Բարսեղյանի հագուստները եւ խմբի անդամներով վերջինին տեղափոխել են զորամասի մարզահրապարակ, որտեղ քառատակ քուղերով նախապես պատրաստված օղակով պտտաձողից կախել են արդեն իսկ իրենց գործողությունների արդյունքում շնչահեղձությունից մահացած Հ.Բարսեղյանին՝ փորձելով տեղի ունեցածը ներկայացնել որպես ինքնասպանություն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31