Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

ԵՄ-ի ֆինանսավորմամբ «Ընտանիքի անկյուն» Գյումրիում․ կբացվի նաև «հայրերի դպրոց»

Մայիս 17,2021 21:50

Այսօր Գյումրիում Եվրամիության ֆինանսավորմամբ բացվեց «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնը։

Այն Հայաստանի Հանրապետությունում առաջին նման կենտրոնն է, որը նպատակ ունի ընտանիքում երեխաների խնամքի մեջ տղամարդու ներգրավվածությունը մեծացնելու, տղամարդկանց ու կանանց դերակատարության շուրջ կարծրատիպեր փոխելու։

«Ընտանիքի անկյուն»-ը հիմնադրվել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ-ի հետ համագործակցությամբ՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և «ՄԱԿ-ի կանայք» կազմակերպության կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահասավասարության․ միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։

Նման անկյուններ շուտով կբացվեն նաև Լոռու ու Տավուշի մարզերում։

Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորին, թեև Գյումրի չէր եկել, անձամբ չէր մասնակցում, սակայն տեսաուղերձ էր հղել՝ նշելով, որ այս անկյունները «երջանիկ և լավ ընտանեկան կյանք» ունենալու հնարավորություն են տալիս։

«Ընտանիքի անկյուն»-ում արդեն իսկ անցկացվել են ծնողավարության դասընթացներ: Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ նախագահ Արթուր Նաջարյանն ասաց, որ ծնողավարության դպրոցում իրականացնում են տարբեր թեմաներով դասընթացներ, վերապատրաստումներ, ֆիլմերի դիտումներ, քննարկումներ։

«Մեր կենտրոնի բուն նպատակը կրթություն ապահովելն է՝ այսպես ասած ծնողավարման ոլորտում և որպես հարթակ ծառայեցնել՝ փորձի փոխանակման, ինչու չէ նաև մարտահրավերներին դիմակայելու․ երիտասարդ հայրերը շատ դժվարությունների միջով են անցնում»,-ասաց Արթուր Նաջարյանը։

Նա հետաքրքիր մանրամասներ պատմեց ծնողավարման դասընթացներին մասնակցող երիտասարդ զույգերի տպավորություններից, նաև տեղեկացրեց, որ շուտով Գյումրին կունենա «հայրերի դպրոց»։

«Մենք ունենք նորապսակներ, որոնք պլանավորում են երեխա ունենալ։ Այստեղ՝ դասընթացի ժամանակ, կինը մեր փորձագետներին խոստովանեց՝ առաջին անգամ է տեսնում, որ իր ամուսինը կարող է այդքան ռոմանտիկ լինել և երբևէ այդքան շռայլ չի եղել կնոջ նկատմամբ սիրո խոստովանությունում։ Նրանք ասացին, որ դա փոխեց մեր կյանքը, դասընթացների և այս կենտրոն այցելության ընթացքում մենք զգացինք, որ ոչ միայն իրար սիրում ենք, այլ իրարով ապրում ենք ու ամենակարևորը՝ հասկանում ենք։ Ու այն ներդաշնակությունը, որն առաջացել է, անգամ կոնֆլիկտների լուծումը դարձել է ավելի հեշտ։ Մեզ՝ կազմակերպիչներիս համար լավագույնն է լսել և իմանալ, որ ամենասկզբում արդեն կան շոշափելի արդյունքներ։ Եվ ինչպես ամուսինները, հատկապես կանայք են փաստում՝ իրենց ամուսինները երբեք չեն վախենում ասել, որ այո՛, երեխայիս խնամում եմ, կաթ եմ տալիս, հարկ եղած դեպքում տակդիրն եմ փոխում և, իհարկե, կնոջս աշխատանքի ժամանակ տանն եմ մնում և հոգ եմ տանում երեխայի համար։

Սա կարծրատիպ է , շատերիս համար միգուցե ծիծաղելի, բայց մարզերում մեր բազմաթիվ ուսումնասիրությունները փաստել են, որ սա լուրջ խնդիր է։ Եվ մենք հուսով ենք, որ մեր փոքրիկ աշխատանքով ինչ-որ մի ձևով կկարողանանք դրական փոփոխություն բերել հասարակության մեջ»,-ասաց Արթուր Նաջարյանը։

Միջոցառմանը մասնակցող ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն էլ, խոսելով կարծրատիպերի վերացման մասին, ասաց, որ թեև մեր հարևաններին քանակով չենք կարողանա գերազանցել, սակայն մարդկային կապիտալի վրա կարող ենք մեծ ներդրումներ անել, որպեսզի հայ անհատը լինի շատ ավելի կարողունակ։ Ըստ նրա, շատ կարևոր է կանանց ու տղամարդկանց իրավահավասարությունը։

«Ինքս առիթ եմ ունեցել գնալու տղայիս ծնողական ժողովին ու հայտնաբերելու, որ միակ տղամարդն եմ, որը մասնակցում է ծնողական ժողովին։ Ավելին, ուսուցիչները դիմում էին՝ «սիրելի՛ մայրեր» արտահայտությամբ, կարծես թե ծնողը միայն մայրն է», -ասաց փոխնախարարը։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանն էլ նշեց՝ խորհրդանշական է, որ Ընտանիքի միջազգային օրն է բացվում «Ընտանիքի անկյուն»-ը։

Նա խոսեց աշխարհում ընդունված «և, և» մոդելից։

«Այսինքն այնպես անենք, որ կանայք ներգրավված լինեն աշխատաշուկայում, մյուս կողմից հայրերին բերենք ընտանիք, և՛ կզարգանա տնտեսությունը, և՛ կունենանք ամուր, բարեկեցիկ ընտանիք։ Այս ծրագիրը հենց սրան է միտված», -ասաց Ծովինար Հարությունյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31