«Ա1+». Հակագազով եւ մահակով ցուցմունք կորզելու գործով պաշտպանական կողմը միջնորդեց վաղեմության ժամկետ կիրառել։
Հիշեցնենք, որ 13 տարի առաջ Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Վաչագան Ներսիսյանը եւ նախկին ավագ օպերլիազոր Նարեկ Սիմոնյանը ցանկալի ցուցմունք կորզելու համար բռնություն էին գործադրել Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են խմբով, դիտավորությամբ բռնություն եւ հատուկ միջոց գործադրելով զուգորդված այնպիսի գործողություններ կատարելու մեջ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից եւ էական վնաս պատճառել անձի իրավունքներին ու շահերին։
Ըստ պաշտպան Բաբկեն Մարտոյանի՝ թեեւ Վաչագան Ներսիսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն, առողջական խնդիրներից ելնելով, խնդրում է վաղեմության ժամկետ կիրառել։
Թե մեղադրող, եւ թե տուժող կողմը դեմ էին միջնորդությանը։ Ըստ մեղադրող Գ. Սաֆարյանի’ նմանատիպ մեկ այլ գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՄԻԵԴ եւ այժմ սպասում են պատասխանի։ Կողմերի առարկությունները լսելուց հետո, դատավորը որոշեց մերժել միջնորդությունը։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 4-ին։