«Հայրենիք» կուսակցության վարչության անդամ, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Ռոբերտ Հարությունյանը անդրադառնալով Սյունիքում եւ Գեղարքունիքում ստեղսծված իրավիճակներին եւ ներքաղաքական զարգացումներին՝ ասաց. «Այն, ինչ տեղի է ունենում արդեն ոչ թե սահմաններում, այլ մեր երկրի տարածքում, շատ տխուր է: Եվ այդ իրավիճակի միակ պատասխանատուն ներկայիս իշխանությունն է: Ինչո՞ւ: Որովհետեւ, եթե նույնիսկ չվերլուծենք վերջին երեք տարիների, մինչեւ պատերազմի ժամանակահատվածի իրենց գործունեությունը, այլ միայն ուսումնասիրենք պատերազմի եւ դրան հետեւած ժամանակահատվածը, կտեսնենք, որ այս իշխանությունները այնքան ապիկար են, որ որեւէ գործողություն, որը հնարավորինս կերաշխավորեր խուսափել նման իրավիճակից, մեր սահմաններին, չեն արել: Այս իշխանության գործելաոճը մշտապես եղել է իր վրայից պատասխանատվությունը տեղափոխելն այլոց վրա եւ անպատասխանատու հայտարարություններ անելը: Նաեւ մշտապես մոլորեցնելը մեր ժողովրդին, հանրությանը, խոսելը մի բանի մասին, որն իրականում չկա, իրականությանը չի համապատասխանում: Խոսում են բանակցությունների մասին, բայց տեսնում ենք, որ նույնիսկ չեն կարողանում բանակցել, եւ մեր փոխարեն բանակցում է Մուրադովը: Խոսում են Ադրբեջանի հետ հարաբերություններում իրենց վստահ լինելու մասին, բայց ակնհայտ է, որ դիմել են ՀԱՊԿ-ին եւ խոսում են նրա միջոցով:
Եթե գնահատենք իրական իրավիճակը, Ադրբեջանը հետեւողականորեն իրականացնում է այն ծրագիրը, որ ինքը ուներ եւ ինչի մասին Իլհամ Ալիեւը բազմիցս, այդ թվում նաեւ վերջերս հայտարարել է. եթե հայերը չուզենան միջանցքը, ապա մենք դա կստիպենք: Ինքը փորձում է լարվածություն ստեղծել, արդեն Հայաստանի տարածք է մտնում: Եվ, ցավոք սրտի, այս իշխանությունը վեց ամիսների ընթացքում որեւէ բան չի արել եւ չի անում, որպեսզի մենք հնարավորություն ունենանք խուսափել նման իրավիճակներից: Ինչո՞ւ չի արվում, երկու պատճառ կարող է լինել. կամ չգիտեն ինչպես, կամ հատուկ չեն անում: Իսկ եթե երկուսը միասին, ապա կարող ենք փաստել, որ շատ լավ էլ գիտեն ինչպես անել, որ մեր մոտ լավ չլինի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ