Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը պատասխանել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ ուշադրությամբ ուսումնասիրել է նախագահ Սարգսյանի նշած խնդիրները, դրանք ներկայացրել ԵԱՀԿ համապատասխան կառույցներին:
«Ես շարունակում եմ հետևել իրավիճակին և այս ու հարակից հարցերի վերաբերյալ կապի մեջ եմ Մինսկի խմբի համանախագահների ու գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Տեղյակ եմ, որ այս խնդիրները քննարկել եք նաև գործող նախագահ Անն Լինդեի հետ մարտին Երևան կատարած նրա այցի ընթացքում:
Մինսկի խմբի համանախագահները 2021 թ. ապրիլի 13-ին հայտարարություն են տարածել, որում անդրադառնում են նաև Ձեր նամակում նշված հարցերին: Համանախագահներն ընդգծել են, որ լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ` դեռևս գոյություն ունեցող մտահոգությունները փարատելու և երկարատև խաղաղությանը նպաստող փոխադարձ վստահության մթնոլորտ ձևավորելու համար:
Կարդացեք նաև
Այդ համատեքստում համանախագահները մատնանշել են բոլոր ռազմագերիների և կալանավորված այլ անձանց վերադարձի հետ կապված խնդիրները` համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի դրույթների: Նրանք, ինչպես և ես ու ԵԱՀԿ մյուս պաշտոնյաները, շարունակելու են հետևել և բարձրացնել այս հարցը: ԵԱՀԿ ինստիտուտներն ու կառույցները ԵԱՀԿ բոլոր երեք հարթություններում ծրագրված աշխատանքների միջոցով արդեն իսկ սերտորեն համագործակցում են Հայաստանի հետ:
Հույս ունեմ որպես ԵԱՀԿ գլխավոր քարտուղար իմ պաշտոնավարման ընթացքում զարգացնել և առավել ընդլայնել այս համագործակցությունը»,-ասված է Հելգա Մարիա Շմիդի նամակում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ