Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այդ գրառումից հետո ինչպե՞ս եք շարունակում շփվել, հարցեր քննարկել, սուրճ խմել. Ավետիք Իշխանյանի բաց նամակը Մատենադարանի տնօրենին

Մայիս 17,2021 16:48

Հայաստանի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Ավետիք Իշխանյանը բաց նամակ է հղել Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանին:

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Տեր-Ղևոնդյան,
Ս․թ․ մայիսի 13-ին Ձեր ղեկավարած Մատենադարանի գիտաշխատող Գայանե Այվազյանը Ֆեյսբուքյան գրառում է արել, որն էլ զարմանալիորեն հանրային քննարկման առարկա է դարձել։ Ինչո՞ւ զարմանալիորեն, որովհետև որևէ այլ երկրում, որտեղ ժողովուրդը հարգում է իր պետությունն ու պատմությունը, անհնար է պատկերացնել անգամ, որ որևէ մեկն, առավել ևս այդպիսի հարգանք վայելող հիմնարկի գիտաշխատողն իրեն թույլ կտար նման միտք ունենալ, առավել ևս հրապարակել և հրապարակումը քննարկվեր, փոխանակ միայն պարսավանքի ենթարկվելու։ Սույն նամակում ինքս այդ գրառումից մեջբերումներ չեմ անի, ևս մեկ անգամ այդ «մտքերը» չտարածելու համար։

Իհարկե, կարդացի նաև գրառման հետ կապված Մատենադարանի տնօրինության հայտարարությունը։ Ըստ հայտարարության, Գայանե Այվազյանն արտահայտել է ոչ թե Մատենադարանի, օրինակ՝ գիտխորհրդի, այլ ընդամենը սեփական կարծիքը։ Այսպիսով, այս գրառումն ընդամենը կարծիքի, խոսքի ազատ արտահայտություն է, ուրիշ ոչինչ։ Արդյո՞ք․․․

Ձեր հայտարարության մեջ նշում եք, որ Գայանե Այվազյանի գրառումը խոր վրդովմունք է առաջացրել աշխատակիցների շրջանում։ Հասկանալի չէ, թե վրդովմունքն առաջացել է գրառման բովանդակությունից, թե՞ ընդամենը դրա հրապարակումից։ Եթե վրդովմունքը հարուցել էր գրառման բովանդակությունը, ապա չե՞ք կարծում, որ Մատենադարանի տնօրինությունը հայտարարությամբ պետք է խստորեն քննադատեր հենց բովանդակությունը։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Մատենադարանի գիտաշխատողների հետազոտական թեմաները չեն առնչվում Հայոց նորագույն պատմության հետ։

Հարգելի պարոն Տեր-Ղևոնդյան, այս փաստարկը համոզիչ չէ։ Ի վերջո, ցանկացած բնագավառի գիտաշխատող, բացի նեղ մասնագիտականից, ընդհանուր գիտելիքներ ունի իր բնագավառից։ Իսկ Մատենադարանի գիտաշխատողներն, առավել ևս, պետք է լավատեղյակ լինեն հայոց ողջ պատմությունից։ Այսպիսով, անձամբ չճանաչելով Գայանե Այվազյանին, կարծում եմ, որ նա մասնագետ պատմաբան չի, անկախ պատմաբանի դիպլոմ ունենալու հանգամանքից։

Համաձայն եմ ձեր հայտարարության այն մտքի հետ, որ Գայանե Այվազյանի գրառումը քաղաքական է։

Կարծեմ, Մատենադարանը պետական հաստատություն է։ Հաշվի առնելով այսօրվա Հայաստանում տիրող մթնոլորտը` նշենք, որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ պետական ծառայողներն անմիջապես ազատվել են զբաղեցրած պաշտոնից, եթե Հայաստանի իշխանության պաշտոնական տեսակետից, այլ կարծիք են հայտնել կամ «լայքել» են որևէ ընդդիմադիր խոսք։ Ավելին, նույնպես բազմաթիվ են դեպքերը, երբ պետական ծառայողը հայհոյել, նույնիսկ հարվածել է այլ կարծիք ունեցողին, և ոչ մի հետևանք։

Այսպիսով, հնարավո՞ր էր արդյոք, որ Մատենադարանի մեկ այլ աշխատող հրապարակային քննադատեր այսօրվա իշխանության վարած քաղաքականությունը, և այն հետևանքներ չունենար։ Կասկածում եմ։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ գրառումը որևէ աղերս չունի խոսքի ազատության հետ։ Այն անթաքույց մեր թշնամիներ՝ ադրբեջանա-թուրքական քարոզչություն է։ Եթե մենք ունենայինք իրավական պետություն և իրական ազգային անվտանգությամբ զբաղվող մարմիններ, ապա այդ գրառումը անհետևանք չէր կարող մնալ։

Ցավոք, հայրենի իրավապահները «հայտնաբերում» և պատժում են միայն իշխանության քննադատներին։ Հետևաբար, կարելի է առնվազն հիմնավոր կասկած ունենալ, որ Գայանե Այվազյանի գրառումը, նաև համընկնում է այսօրվա Հայաստանի իշխանության տեսակետին։

Եվ, ներեցեք, վերջին հարցը․
-Այդ գրառումից հետո, Մատենադարանի աշխատողներն ու անձամբ Դուք, ինչպե՞ս եք շարունակում շփվել Գայանե Այվազյանի հետ, զրուցել, հարցեր քննարկել, միմյանց ժպտալ, սուրճ խմել։ Հա, մոռացել էի, կարծիքի և խոսքի ազատության մասին։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31