Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Մուսայելյանը` Պոլիտեխնիկի 4-րդ մասնաշենքի ճակատագրի մասին

Մայիս 17,2021 16:03

Aravot.am-ը մտահոգություն էր ստացել Պոլիտեխնիկից, ըստ որի՝ լուրեր են պտտվում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 4-րդ մասնաճյուղի վաճառքի վերաբերյալ: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը հերքեց բուհի 4-րդ մասնաշենքի վաճառքի մասին լուրերը:

«Հոգաբարձուների խորհուրդը չի կարող վաճառքի վերաբերյալ որոշում ընդունել, ընդհակառակը` հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել այդ շենքի նպատակային նշանակության վերաբերյալ: Այսինքն, մենք ներկայացրել ենք նամակ, որոշում ենք կայացրել, կոնկրետ ծրագիր ենք դրա տակ դրել, խնդրել ենք մեկամսյա ժամկետ, որից հետո կառավարություն կներկայացնենք: Իսկ այն, ինչ ենթադրվում է ծրագրով, կծառայի միայն Պոլիտեխնիկի կարիքների համար»,-ասաց պարոն Մուսայելյանը:

Հարցրինք` արդյոք Պոլիտեխնիկը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ է իրականացնելու ծրագիրը, հատկապես, որ նման լուրեր են պտտվում:

«Իրենք էլ էին առաջարկություն արել, բայց խոսքն իրենց մասին չէ, մենք այլ ծրագիր ենք ներկայացրել, քննարկել ենք խորհրդում, միաձայն որոշել: Նաեւ Պոլիտեխնիկն է շահագրգիռ այդ ծրագրով: Խնդրել ենք ժամկետ տալ, որպեսզի ծրագիրն ամփոփ ներկայացնենք: Սա է ամբողջ պատմությունը»,-հավելեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը` առանց «փակագծեր» բացելու:

Հավելեց, որ որոշումը վերջնական չէ, դրա համար ձեռնպահ է մնում այլ մանրամասներ հայտնելուց: Ընդամենն ասաց, որ ամսվա վերջին լրանում է մեկամսյա ժամկետը:

Հարցրինք` իր նշած ծրագրից Պոլիտեխնիկի ուսանողնե՞րն են շահելու, դասախոսնե՞րը, ո՞վ է գլխավոր շահառուն:

«Ուսանողներն են շահելու եւ ողջ Պոլիտեխնիկը: Ենթադրվում է, որ դրանք լինելու են գիտահետազոտական լաբորատորիաներ, նաեւ մտածում ենք օտարերկրյա ուսանողների կեցության խնդիրները լուծել: Ուզում ենք` համալիր լինի, որպեսզի օտարերկրացի ուսանողներին էլ կարողանանք ընդունել: Մի խոսքով, 100 տոկոսով, Պոլիտեխնիկն է շահելու»,-ընդգծեց նա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31