Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մարդիկ շարունակում են Ալիեւի թեզը տարածել Հայաստանում, ինձ որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ո՞րն է դրա նպատակը». Արթուր Հովհաննիսյան

Մայիս 17,2021 15:08

Անվտանգության խորհրդում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կան ուժեր, որոնք, ըստ էության, թիկունքում պրոադրբեջանական գործունեություն են ծավալում. «Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, նրանց անուն ազգանունները նույնիսկ կարելի է նշել, և այդ մարդիկ 2020 թվականին Ադրբեջանի նախագահին հրավիրում էին հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա, այս իրադարձություններից առաջ ցույց էին տալիս մոտավորապես այն տեղանքները, որտեղից կարելի է ներխուժել Հայաստանի Հանրապետության տարածք և նրանք հիմա նաև Հայաստանի Հանրապետության հանրության շրջանում տարածում են Ադրբեջանի քարոզչական թեզեր»:

Aravot.am-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին հարցրեց՝ դուք ձեր ֆեյսբուքյան գրառման մեջ որոշ անուններ էիք տվել, Նիկոլ Փաշինյանի ասածը հենց ա՞յդ շրջանակներին էր վերաբերվում ու եթե անունները պարզ են, ինչո՞ւ ԱԱԾ-ն դրանով չի զբաղվում՝ նա պատասխանեց. «Հա, միանշանակ: Իհարկե, կարծում եմ, վարչապետը պետք էլ չի, որ այդ մարդկանց անունները տա: Բոլորի համար կարծում եմ ակնհայտ է: Ես ամենեւին չեմ ուզում մտածել, որ Հայաստանում հենց ուղիղ իմաստով գործակալներ կան, հույս ունեմ, որ չկան, բայց այդ մարդիկ իրենց գործունեությամբ, վարքով, խոսույթով այն թեզերով, որով նրանք առաջ են տանում, միմիայն ուղիղ օգնում են ադրբեջանական քարոզչությանը: Մինչեւ այս պահը, օրինակ, «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը արել է Ալիեւը ու արել են կոնկրետ այդ մարդիկ, ուրիշ ոչ ոք: Մենք երբեք միջանցքի հարց չենք քննարկել եւ չենք էլ քննարկելու, ինչպես որ այսօր նշեց վարչապետը: Հազար անգամ ասել ենք, որ նման բան չկա, այդ մարդիկ շարունակում են Ալիեւի թեզը տարածել Հայաստանում: Ինձ որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ո՞րն է դրա նպատակը: Կամ ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ բացատրի՝ ինչո՞ւ են օդի մեջ տեղեկություն ստանում, չեն էլ կարող այդ մարդիկ տեղեկություններ ստանալ նախ բանակցային գործընթացից, այդ մարդիկ այդքան չկան, որ տեղեկություն ստանան: Չեն կարող տիրապետեն: Բայց եթե ինչ-որ մի բան պայմանական պատկերացնենք, որ տիրապետում են, ընկերնե՛ր, ինչո՞ւ եք տարածում»:

Արթուր Հովհաննիսյանը վստահ է, որ իշխանությունները այդ շրջանակներին տեղեկատվություն չեն տրամադրում, վստահ է նաեւ ռուսական կողմի վրա ու, ըստ նրա, մնում է ադրբեջանական կողմը: Պատգամավորի համոզմամբ, ազգային անվտանգության մարմինները պետք է ուշիուշով հետեւեն այդ շրջանակների ամեն մի քայլը ու դա չի կարող որակվել՝ որպես հետապնդում:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասել էր, որ Տավուշում 8 գյուղ են տալու: Արթուր Հովհաննիսյանը ցնդաբանություն որակեց դա: Խոսելով Սյունիքում իրավիճակի մասին՝ նա վստահեցրեց, որ իրենք ամեն ինչ անում են՝ բանակցությունների միջոցով հարցը կարգավորելու համար. «Բոլորի համար ակնհայտ պետք է լինի, որ մենք պայքարում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Արթուր Հովհաննիսյանի եւ Արեն Մկրտչյանի լուսանկարը՝ «Պարա թիվի» ընկերության նախագահ Էլիզաբեթ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31