Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր կարող են անվճար «Զագս» գնալ, բիզնես գրանցել ու հանրային այլ ծառայությունների համար պետտուրք չվճարել

Մայիս 17,2021 14:48

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) ոլորտի որոշ ծառայությունների համար պետական տուրքերը հանվել են, որոշների ժամկետներն էլ կրճատվել են: Փոփոխություններ են եղել նաեւ ռեգիստրի ծառայություններում: Այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն ասաց՝ պետական տուրքից ազատվում են կենսաթոշակառուները, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, հաշմանդամություն ունեցող երեխաները, նպաստառու ընտանիքների անդամները, ռազմական գործողությունների մասնակիցները կամ ռազմական գործողությունների հետեւանքով զոհված, մահացած ճանաչված քաղաքացիների ամուսինը, զավակը, ծնողը:

Ամուսնությունը «Զագսում» գրանցելու համար որեւէ մեկից մեր երկրում պետական տուրք չի գանձվի: Պետտուրք չեն վճարի նաեւ անհատ ձեռնարկատերերը, եթե բիզնեսը գրանցեն առցանց եղանակով:

Ըստ փոխնախարարի, անվան փոփոխության համար նախատեսված 5 ամիս ժամկետը կրճատվել է՝ դառնալով 15 աշխատանքային օր:
Ծննդյան, անվանման կամ տարեթվի մեջ սխալը ուղղելու, փոփոխելու, վերականգնելու համար նախատեսված 4 ամիս ժամկետը նույնպես կրճատվել է` դառնալով 15 օր: Ծառայությունը կմատուցվի անվճար, քանի որ այդպիսի սխալները տեղի են ունեցել պետական մարմինների մեղքով: Վահե Դանիելյանի խոսքով, այսպիսի շտկումների համար տարիներ ի վեր մեր քաղաքացիները բախվել են բյուրոկրատական քաշքշուկների, կոռուպցիոն ռիսկերի:

Գրանցված ակտերն էլ ոչ թե ֆիզիկական տարբերակով տրամադրելու են քաղաքացուն, այլ ուղարկելու են նրա էլեկտրոնային հասցեին՝ QR կոդով:

Մեկ այլ փոփոխությամբ էլ, ՀՀ-ից դուրս գործող մեր երկրի հյուպատոսական հիմնարկները կարող են բիզնես գրանցել կամ բիզնեսում մասնաբաժին գնել: Վահան Դանիելյանի խոսքով, այս նորամուծությամբ նպատակ ունեն խթանել ներդրումները: Փոխնախարարը չի կարող ասել՝ որքան քաղաքացի կօգտվի այդ հնարավորությունից, բայց կարծում է` կհեշտացնի այն մարդկանց գործը, որոնք ուզում են մեր երկրում բիզնես գրանցել կամ բիզնեսում մասնաբաժին գնել: Նրա խոսքով, նման դեպքում երկրները տվյալները նույնականացնելու խնդիր են ունենում, հյուպատոսարանների միջոցով այդ խնդիրը լուծվում է:

Կրճատվել է նաեւ ընկերություն հիմնելու ժամկետը: Բոլոր այդ փոփոխությունները ուժի մեջ են մտել մայիսի 16-ից՝ բացառությամբ օտարերկրյա պետություններում հյուպատոսական մարմնում բիզնես գրանցելը, որովհետեւ, ըստ փոխնախարարի, դրա համար անհրաժեշտ է ենթաօրենսդրական ակտ ընդունելու օրենքով սահմանված ժամկետ:

Հարցին՝ ՔԿԱԳ տարածքային գրասենյակները տարիներ ի վեր գտնվել են անմխիթար վիճակում, Վահե Դանիելյանն ի պատասխան ասաց՝ այդ ոլորտում ոչ միայն բովանդակային փոփոխություն են նախատեսում, այլ նաեւ՝ գեղագիտական: Ըստ նրա, ծառայությունները կմատուցվեն ժամանակակից կենտրոններում, ինչի համար հիմնում են միասնական գրասենյակ. «Մի տեղում կհավաքագրվեն բոլոր ծառայությունները: Քաղաքացին ստիպված չի լինի մեկ պետական մարմնից գնա մեկ այլ պետական մարմին: Իջեւանում արդեն միասնական նման գրասենյակ կա որտեղ մատուցվում են բոլոր ծառայությունները: Այլ մարզերում նույնպես նախատեսում ենք նման գրասենյակների ստեղծումը»:

Թե որքան զույգ է ցանկություն հայտնել ամուսնանալ հանդիսավոր պայմաններում, որի համար վերջերս Մարզահամերգային համալիրում բացվել է «Զագսի» գրասենյակ, պարոն Դանիելյանն ասաց, որ արդեն 3 տասնյակից ավելի մարդ ցանկացել է այդ պայամններում ամուսնանալ: Ասաց նաեւ, որ, եթե մարզերում էլ լինի հանդիսավոր պայմաններում ամուսնանալու պահանջարկ՝ մարզերում էլ կկազմակերպեն այդպիսի արարողություններ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31