«Ակնհայտ է, որ թշնամին հարձակման է պատրաստվում։ Մի մտածեք, թե միայն տարածքային կորուստներ ենք ունենալու։ Գորիսում եւ Սիսիանում որոշ չափով մտավախություններ հնչեցին, բայց, միաժամանակ, աղետի իրական գիտակցում չկա։ Նույնը 1915թ․-ից առաջ էր։ Մարդիկ մեղավոր չեն, որովհետեւ քաղաքական առաջնորդները չունեն այդ գիտակցումը»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Սյունիքում առկա իրավիճակին՝ ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
Նա նախորդ երկու օրերին եղել է Սյունիքում եւ Վայոց ձորում։ «Խոսել եմ պայմանագրային զինծառայողների հետ․ մեկ օրում կարող էին բոլորին մաքրել, ոմանց վերցնել գերի եւ փոխարինել մեր գերիների հետ, որովհետեւ եղել են շրջափակման մեջ։ Մերոնք են վերահսկել, բայց որեւէ մեկին չի թույլատրվել որեւէ կրակոց արձակել։ Հրաման է եղել չկրակելու եւ թույլ տալու, որ ադրբեջանցիները դիրքավորվեն։ Հիմա էլ կարող են գերի վերցնել, բայց դիտավորյալ չի արվում։ Կասկածում ենք, որ այս ամենը պայմանավորվածությունների մեջ է։ Սիսիանը Նախիջեւանի հետ կապող հատվածից բացի Մեղրիի հատվածն էլ է նախատեսվում որպես միջանցք։ Սահմանամերձ գյուղերին դիտավորյալ չեն զինում, չեն պատրաստում պատերազմին դիմադրելուն։ Խուճապ պետք չէ, բայց երբ չես պատրաստվում, կլինի ցեղասպանություն»,-նշեց Զարուհի Փոստանջյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ