«Անդրանիկ Քոչարյանն ասում է, թե Զանգեզուրը երկար ժամանակ բզկտում են․․․Շատ ճիշտ է, ինքնախոստովանական ցուցմունք է։ Ճիշտ է խոստովանում՝ իրենք են բզկտում։ Օրինակ՝ համայնքի ղեկավարներին ապօրինի զրկում են ազատությունից, կալանավորում, բայց ի պատիվ դատավորների՝ նրանք ազատ են արձակվում»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Սյունիքի վերջին իրադարձությունների հետ կապված իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին։
«Իրենք բզկտում են Սյունիքը՝ ճիշտ ինքնախոստովանական ցուցմունք է։ Առանց գետինը մտնելու՝ հայտարարում են, թե հակառուսական քայլեր կան եւ պոպուլիստաբար ասում, թե չպետք է նսեմացնեն ռուսական գործոնը։ Արա՜, նսեմացնելն էլ ո՞նց է լինում։ Ռուսական ո՞ր գործոնը, արա՜, մեղավորությո՞ւնը, թե օգտակարությունը։ Մեկը մի բան է ասում, մյուսը՝ մի։ Անդրանիկ Քոչարյան, որ այդքան մտահոգ ես, ինչո՞ւ մի հատ չես գնում Զանգեզուր»,-հարց տվեց Գեւորգ Պետրոսյանը։
Նա նաեւ նշեց՝ դեմ է, որ Նիկոլ Փաշինյանի օրոք արտահերթ ընտրություններ լինեն․ «Սրան պետք է քշել մինչեւ ընտրությունները։ Դե կտեսնեք, թե նա ինչեր է անելու։ Նա միտումնավոր, ծրագրված հայաստանակործան գործունեություն է իրականացնում։ Զարմանում եմ, թե ժողովուրդն ինչին է սպասում։ Իր արբանյակներն էլ սկսել են կաթեցնել, թե պետք է պատրաստ լինել վատ զարգացումների։ Իբր մինչեւ հիմա բոլոր զարգացումները հերիք չէի՞ն․․․ուզում են կաթեցնել, որ չզարմանաք, եթե Երեւանում մի օր մեր դուռը թուրքը ծեծի։ Թուրքն արդեն մեր տանն է»։
Գեւորգ Պետրոսյանը հիշեցրեց, որ օրերս ՀՀ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե մեր խնդիրը եղել է իրավիճակի հստակ արձանագրությունը։ «Դիսպետչերությո՞ւն ես անում, ամոթ չի՞»,-հարցադրում արեց Գեւորգ Պետրոսյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ