Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այսպես շարունակել այլևս չի կարելի»․ պետության փրկության նոր տեսլականը. Jamnews

Մայիս 17,2021 11:28

Jamnews. Վստահություն, երկարաժամկետ պլանավորում, պրագմատիզմ և քրտնաջան աշխատանք։ Այս մոտեցումներով է գործելու «Ապագա հայկականը» նախաձեռնությունը, որի հիմնական նպատակը նոր մոդելի Հայաստան ստեղծելն է։ Դրա համար նախագծի հեղինակները անհրաժեշտ են համարում, առաջին հերթին, կայուն զարգացման շուրջ համընդհանուր փոխըմբռնում ձևավորելը, պետության փրկության նոր տեսլականի շուրջ խոսակցություն սկսելը։

Նախաձեռնությամբ հանդես են եկել 4 հայ բարերարներ։ Ովքեր են նրանք, ինչ նպատակներ են առաջ քաշում և ինչ ուղիներ են առաջարկում։

Հեղինակների մասին

«Ապագա հայկականի» համահիմնադիրներն են Ռիչարդ Ազարնիան (Ֆրանսիա), Արթուր Ալավերդյանը (Հայաստան), Նուբար Աֆեյանը (ԱՄՆ) և Ռուբեն Վարդանյանը (Ռուսաստան)։ Նրանք բոլորը հայ հասարակությանը ծանոթ են իրենց մարդասիրական գործունեությամբ, նաև որպես աշխարհում հաջողած գործարարներ։

Նրանք ստեղծել են «Ապագա հայկականը»՝ հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած խնդիրները, որոնք առավել օրհասական են դարձել հետպատերազմական շրջանում: Նախաձեռնությանը կարող է միանալ յուրաքանչյուր մարդ, ով կիսում է դրա գաղափարներն ու մոտեցումները։ Հայտարարվում է, որ արդեն միացել է 380 մարդ։

Նախաձեռնության համահիմնադիրները համոզված են՝ հենց այս ծանր պահին երկիրն ունի բացառիկ հնարավորություն՝ ստեղծելու նոր մոդելի Հայաստան։ Նպատակները 15–ն են։

Այսպես շարունակել այլևս չի կարելի

Նախաձեռնության համահիմնադիրները վստահ են՝ Արցախյան 44–օրյա պատերազմում կրած պարտությունը, տնտեսական ճգնաժամը, ապագայի նկատմամբ ունեցած անորոշությունը ցույց տվեցին, որ այսպես շարունակել այլևս չի կարելի։

Ժամանակն է խոսել Հայաստանի և հայերի համար չափազանց բարդ և ցավոտ խնդիրների մասին, վերհանել դրանք և լուծման ուղիներ գտնել։

Առաջին բանը, որ պետք է արվի, սեփական պետության և ազգի ապագայի մասին միասնական, ընդհանուր պատկերացում ձևավորելն է։ Քանի դեռ չկա հստակ ձևակերպված պատասխան «Ինչպիսի՞ Հայաստան ենք ուզում ունենալ» հարցին, չեն կարող լինել նաև որոշումներ։
Հրաժարվել առասպելներից

Նախաձեռնության համահեղինակները վստահ են՝ Հայաստանի խնդիրների մեծ մասի հիմքում ընկած են աշխարհի, սեփական ինքնության, անցյալի և ապագայի վերաբերյալ միֆերն ու երազանքները, որոնք իրականության հետ աղերս չունեն։

Իսկ երաշխավորված պետականության համար անհրաժեշտ է նախ և առաջ ընդունել Հայաստանի անվտանգության դեմ սպառնալիքի առկայությունը և կառուցել ավելի արդյունավետ ու հեռանկարային պաշտպանական համակարգ:

Նոր մոդելի Հայաստան

Նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը համոզված է՝ այսօր կան այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք երկիրը երբեք չի ունեցել։ 21–րդ դարում Հայաստանում կա ներուժ՝ ստեղծելու նոր մոդելի Հայաստան, սակայն դրա համար պետք է այնպիսի միջավայր, որը կխրախուսի ազնիվ քննարկումները երկրի ներկայի ու ապագայի վերաբերյալ։

Ըստ նրա՝ պետք է փոխել քաղաքական դաշտի մակարդակը։ Ներքաղաքական այն դիսկուրսը, որը գերակշռում է այսօր հայաստանյան իրականության մեջ՝ դավաճանների և մեղավորների փնտրտուք, կոռուպցիայի դեմ տապալված պայքար, բացառապես անցյալի մասին է և բոլորովին միտված չէ ապագային։

Նոր մոդելի Հայաստանում պետք է հստակ սահմանազատվեն անցյալն ու ապագան․ անցյալի խնդիրները թողնելով անցյալում, բոլոր գործողություններն ուղղելով դեպի ապագա։

Ներկայում անցյալի վերաբերյալ քննարկումները վտանգի տակ են դնում Հայաստանի ապագան։

Մարդկային ռեսուրս և կրթություն

Հայաստանը երկիր է, որը չունի նավթ, ոսկի կամ այլ արժեքավոր ռեսուրսներ, սակայն այն ունի մեկ այլ բացառիկ ռեսուրս՝ տաղանդավոր ժողովուրդ։ Այդ պատճառով էլ «Ապագա հայկականը» նախաձեռնության նպատակներում առանձնահատուկ կերպով շեշտադրվում են տեսությունը, կրթությունը, գիտությունը, տեխնոլոգիաներն ու ստեղծագործական գործունեությունը:

Պայմանավորվածությունների վերանայում

Ըստ նախաձեռնության հեղինակների՝ 30 տարի առաջ, երբ իրականացավ հայ ժողովրդի հավաքական երազանքը անկախ պետականության մասին, հասարակության, քաղաքական էլիտաների և Սփյուռքի միջև կնքվեց յուրօրինակ «պայմանագիր»։

Համաձայն դրա՝ իշխանությունները ստանում էին գործողությունների որոշակի ազատություն՝ կոռուպցիայի, հարստացման և այլ արտոնությունների տեսքով, փոխարենը հասարակությանը տալով պատերազմում տարած հաղթանակի վրա ձևավորված ազգային ինքնագիտակցություն և անվտանգության զգացողություն։

Սփյուռքը՝ լինելով այս «պայմանագրի» երրորդ կողմ, դիտարկվում էր որպես աջակից հզոր ուժ, որը, սակայն, իրավունք չուներ միջամտելու Հայաստանի ներքին քաղաքական որոշումների կայացմանը։ Ըստ նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի՝ այս «պայմանավորվածությունը» գոհացնում էր բոլոր կողմերին։

Սակայն 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո գործող պայմանագիրը «լուծարվեց»։ Իսկ Արցախյան 44–օրյա պատերազմը և պարտությունը վերջնականապես չեզոքացրեցին նախկին բոլոր պայմանավորվածությունները։

Ըստ Վարդանյանի՝ հիմա, երբ դրանք այլևս չկան, ստեղծվել է հնարավորություն ավելի ազնիվ, հավասարակշիռ և ապագային միտված պայմանագրի կնքման համար։

Նորացված քաղաքական դաշինքներ

Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ հայաստանցիների 87 %–ը կարծում է, որ պետք է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն քաղաքական դիսկուրս այն մասին, թե ինչպիսին դրանք պետք է լինեն, չկա։

Չի տրվում պատասխան ամենակարևոր հարցին՝ Ռուսաստանն ուզում է տարածաշրջանում ունենալ պարզապես ազդեցության գոտի՞, թե՞ փոքր, բայց ուժեղ դաշնակից։

Սոնա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31