Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ռուսական զորքը նպաստի ադրբեջացիների նահանջին, դա կամրապնդի գործող իշխանության դիրքերը, հակառակ դեպքում Փաշինյանի քաղաքական թիմը լրացուցիչ ճնշումների կենթարկվի»

Մայիս 17,2021 14:30

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը պատասխանում է «Առավոտի» հարցերին:

– Պարոն Մելիքյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Սյունիքում տեղի ունեցողը եւ արդյոք հայկական կողմի հակազդեցությունը համարժե՞ք է:

– Ըստ էության, ադրբեջանական կողմն ուժային գործողություն է նախաձեռնել՝ իր զինված ուժերի ստորաբաժանումները տեղակայելով ՀՀ ինքնիշխան տարածքում: Հայկական կողմը դեռեւս ձեռնպահ է մնում ուժին ուժով պատասխանելուց ու առայժմ նախընտրում է հարցը բանակցություններով կարգավորել, թեեւ արդեն դիմել է ՀԱՊԿ-ին՝ վերջինից համապատասխան աջակցություն ստանալու ակնկալիքով: Ադրբեջանի այսօրինակ պահվածքն, անշուշտ, անհանդուրժելի է եւ պետք է արժանանա կոշտ հակազդեցության, սակայն անհրաժեշտ է նաեւ շրջահայաց լինել եւ հավանական ուժային գործողությունների դիմելու պարագայում, բացի տեղում մեր տարածքը թշնամու ներկայությունից ազատելուց, նաեւ այնպիսի կանխարգելիչ գործողություններ նախատեսել, որոնք, օրինակ, կկանխեն Ադրբեջանում ապօրինաբար գերության մեջ պահվող հայ պատանդ ռազմագերիների կյանքի ու առողջության հանդեպ հավանական ոտնձգությունները:

– Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման այս միջադեպերը էսկալացիայի ռիսկեր չե՞ն պարունակում, սա չի՞ նշանակում, որ Ադրբեջանն ընդլայնում է Հայաստանի նկատմամբ կիրառվող ճնշումների գործիքակազմը եւ հայկական կողմից նոր զիջումներ է ակնկալում: Որո՞նք պիտի լինեն մեր իշխանությունների գործողությունները:

– Անշուշտ ադրբեջանական կողմը հատուկ սադրանքներ է իրականացնում ստեղծված իրավիճակում իր համար առավելագույն օգուտները ստանալու ակնկալիքով: Հավանաբար Բաքվում զգում են, որ Ռուսաստանը նախընտրում է չգնալ իրավիճակի սրման եւ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կդիմի ուժի՝ ադրբեջանական նկրտումները զսպելու համար: Դա նշանակում է, որ Ադրբեջանի կողմից հրահրված համեմատաբար փոքր միջադեպերը կարող են մնալ անպատիժ: Մեծ հաշվով, կատարվածը նաեւ նպատակ է հետապնդում ստուգելու, թե Ռուսաստանը որքանով է պատրաստ հավատարիմ մնալ Հայաստանի հանդեպ ունեցած դաշնակցային պարտավորություններին: Մյուս կողմից էլ, եթե Ռուսաստանը կոշտ կերպով հակազդի ադրբեջանական սադրանքներին, ապա Բաքուն կարող է առիթից օգտվել ու անմիջապես հանդես գալ ՌԴ խաղաղապահներին Արցախից դուրս բերելու պահանջով եւ այդ դեպքում անգամ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը բավարար իրավական հիմք չի հանդիսանա այդ պահանջն անտեսելու համար:

– Ի՞նչ եք կանխատեսում Սյունիքում տեղի ունեցողի ֆոնին ներքաղաքական զարգացումների հարցում: Լսում ենք հայտարարություններ, որ արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհը Հայաստանում նոր իշխանության ձեւավորումն է, մյուս կողմից կան մտահոգություններ, որ հնարավոր է ռազմական դրություն մտցվելու պարագայում հունիսին նշանակված ընտրությունները հետաձգվեն:

– Եթե ադրբեջանական ստորաբաժանումները ետ չքաշվեն իրենց ելման դիրքերն, ապա կտրուկ կմեծանա ռազմական բախման հավանականությունը: Իսկ դա նշանակում է, որ ռուսական զինուժը կամ պետք է աջակցի հայկական բանակին, կամ մի կողմ քաշվի: Երկու դեպքում էլ որակապես նոր ռազմաքաղաքական իրավիճակ է ձեւավորվելու, ընդ որում՝ ոչ միայն հայ-ադրբեջանական ԶՈՒ շփման գծի երկայնքով, այլեւ, առհասարակ, Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում: Ռուսական զինուժի պահվածքը նաեւ անմիջականորեն կներազդի Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա: Եթե ռուսական զորքը այս կամ այն կերպ միջամտի ու նպաստի ադրբեջանցիների նահանջին, ապա դա կամրապնդի գործող իշխանության դիրքերը, հակառակ դեպքում վարչապետ Փաշինյանի քաղաքական թիմը լրացուցիչ ճնշումների կենթարկվի:

– Իլհամ Ալիեւը ռուս խաղաղապահներին «Ադրբեջանի տարածքում ժամանակավոր» է համարում, սակայն ռուսական կողմից էլ հակառակն ապացուցող գործողություններ առանձնապես չենք տեսնում, օրինակ՝ Սյունիքի դեպքերի հետ կապված եւ այլն: Ձեր դիտարկմամբ՝ հետաքրքիր է՝ ի՞նչ են մտածում այս մասին Ռուսաստանի իշխանությունները, մասնավորապես՝ նախագահ Պուտինը, պաշտպանության նախարար Շոյգուն ու ԱԳ նախարար Լավրովը:

– Ես կարծում եմ, որ Ռուսաստանի իշխանական վերին օղակները ձգտում են մեր տարածաշրջանում ՌԴ երկարաժամկետ ռազմավարական նպատակների իրագործումն ապահովել Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանական վերնախավերի, նաեւ անձնական ու կորպորատիվ շահերը վտանգող կամ քաջալերող քայլերի միջոցով եւ այդ կերպ իր համար կարեւոր խնդիրների լուծումները կողմերին պարտադրված կոնսենսուսի հանգեցնել: Դա բարդ խաղ է նաեւ այն պատճառով, որ կան արտատարածաշրջանային ազդեցիկ ուժեր, որոնք կարեւոր են համարում Ռուսաստանի վերջնական դուրսմղումը Հարավային Կովկասից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31