Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի դեմ գործով դատարանը ներգրավել է վարչապետին, որպես երրորդ անձ

Մայիս 17,2021 13:30

Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը այս տարվա մարտի երեքին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ:

Նախնական դատական նիստը ՀՀ վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանը նշանակել է հունիսի 8-ին:
Նախագահի փետրվարի 24-ի թիվ ՆՀ-25-Ա հրամանագրով Տ. Խաչատրյանը ազատվել է գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից, եւ հայցվոր զինվորականը պահանջում է անվավեր ճանաչել այդ հրամանագիրը:

Դատարանի նախաձեռնությամբ այս գործով, որպես երրորդ անձ, ներգրավվել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաեւ այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դատական ակտը անխուսափելիորեն եւ ուղղակիորեն տարածվելու է նաեւ որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պայմանագրային զինծառայողին բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակում է Հանրապետության նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությանը կցվում են նաեւ բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը եւ պետական լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան միջնորդությունը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է հրամանագիրը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում նույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե Հանրապետության նախագահը չի կատարում նույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջները, ապա Սահմանադրության 139-րդ հոդվածի համաձայն` պայմանագրային զինծառայողը բարձրագույն հրամանատարական կազմի տվյալ զինվորական պաշտոնին նշանակված է համարվում իրավունքի ուժով` նույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրվում է վարչապետի կողմից եւ հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:
Դատարանի որոշմամբ, անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության վարչապետին սույն գործով դատավարության մեջ ներգրավել, որպես երրորդ անձ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Ի դեպ, վարչական դատարանում է նաեւ «Հայրենասեր նախաձեռնող խմբի անդամներ»՝ Ա.Գրիգորյանի, Թ. Ասլանյանի, Տ.Հարությունյանի, Վ. Ալեքսանյանի, Ա.Նավասարդյանի, Վ. Բալյանի եւ Ա. Խերիմյանի հայցադիմումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Դատարանին խմբի անդամները խնդրել էին պարտավորեցնել պատասխանող գործադիրին՝ ձեռնպահ մնալ միանձնյա եւ գաղտնի որոշումներ ընդունելուց: Անգամ միջնորդել էին կիրառել հայցի ապահովման միջոց, այն է՝ արգելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին միանձնյա եւ գաղտնի որոշումներ կայացնել, ՀՀ Սահմանադրության եւ օրենքներին հակասող ցանկացած գործողություն իրականացնել: Այն դեռեւս վարույթ ընդունել-չընդունելու փուլում է:

«Առավոտ» օրաթերթ
15.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31