Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երկրում «Ընտանիքի օրն» անցնում է տխուր, պատկան մարմինների ղեկավարները երբեմն չեն էլ հիշում»

Մայիս 17,2021 14:00

Ըստ Հովսեփ Պողոսյանի, չունենալով ընտանիքի արժեքավորման արժեհամակարգ եւ ընդունելով Եվրոպական արժեհամակարգերն՝ ամեն տեսակ կոնվենցիաներով, մենք մեզ դատապարտում ենք եւս մեկ եղեռնի:

Այսօր՝ մայիսի 15-ին մեր երկիրն էլ շատ պետությունների պես կնշի ընտանիքի օրը: Ընտանիքի միջազգային օրը 1993 թվականին սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան: Նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել ընտանիքի առջեւ ծառացած մի շարք խնդիրներին։
Ընտանիքը` որպես հասարակության հիմնական բջիջ, եղել եւ մնում է մարդկային արժեքների եւ մշակույթի պահապան, կայունության եւ զարգացման գրավականը: Մարդու կյանքը սկսվում է ընտանիքից, այստեղ է նա ձեւավորվում որպես քաղաքացի: Ընտանիքի շնորհիվ ամրանում եւ զարգանում է պետությունը, բարգավաճում ժողովուրդը: Այս համոզմանն է «Որն է ընտանիք ստեղծելու համար պիտանի սերը եւ ինչպես պահպանել այն ամուսնությունից հետո», «Հայկական հարսանիքը՝ հնի եւ նորի խաչմերուկում» գրքերի հեղինակ Հովսեփ Պողոսյանը:

Սակայն, պարոն Պողոսյանը ցավով է նշում, որ մեր երկրում այդ օրն անցնում է շատ տխուր եւ պատկան մարմինների ղեկավարները երբեմն հիշում են, երբեմն էլ՝ ոչ: Մինչդեռ, ըստ Հովսեփ Պողոսյանի, ընտանիքին լուրջ ուշադրություն դարձնելով մեխանիկորեն լուծում ենք նաեւ Հայաստանի համար այդքան կարեւոր ու սպառնալիք դարձած ժողովրդագրության խնդիրը: Նրա խոսքով, ընտանիքի արժեքավորման արժեհամակարգ դեռեւս չենք ձեւավորել՝ ո՛չ խորհրդային միության ո՛չ էլ անկախության այս տարիներին, ինչը շատ վատ է: Եվ ընտանիքին վերաբերողը Սահմանադրության մի քանի հոդվածներն են ու Ընտանեկան օրենսգիրքը, որը շատ ավելի իրավական փաստաթուղթ է՝ երեխաների, ծնողների, ամուսիների միջեւ փոխհարաբերությունների կարգավորման:

«Երբ այս խնդրով մտահոգված նամակով ուզում էի դիմել հանրապետության նախագահին, նախկին վարչապետին, գործող վարչապետին, փորձեցի ուսումնասիրել կուսակցությունների ծրագրերը եւ, եւս մեկ անգամ համոզվեցի, որ անգամ կուսակցական ծրագրերում ընտանիքը որեւէ ձեւով արտացոլված չէ եւ նրա նկատմամբ, որեւէ քաղաքականություն որդեգրված չէ: Միակ բանը, որ այսօրվա դրությամբ փորձում են իրականացնել, ժողովրդագրության բարելավման հարցերն են: Վարչապետի գլխավորությամբ անգամ ստեղծել ենք ժողովրդագրության բարելավման հանձնաժողով, որոնք երբեմն-երբեմն հավաքվում են եւ շեշտադրումն այն է, որ բազմազավակ մայրերին կամ ընտանիքներին հարկավոր է ֆինանսապես աջակցել, բնակարանային հարցեր լուծել եւ այլն եւ դրանով հարցը փակվում է»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Հովսեփ Պողոսյանը: Իսկ թե ի՛նչ է կատարվում բուն ընտանիքներում, ըստ մեր զրուցակցի, մնացել է հասարակական, քաղաքական եւ պետական մարմինների ուշադրությունից դուրս: Հովսեփ Պողոսյանի խոսքով. «Արդյունքում ունենք ամուսնություններ, բայց նաեւ գնալով ահագնացող մեծ թվով ամուսնալուծություններ եւ ավելի շատ նաեւ միայնակներ, որոնք այդպես էլ ընտանիք չեն կազմում: Այսինքն՝ ժողովրդագրությունն ունի մեծ պոտենցիալ, ներուժ՝ պայմանավորված նրանով, որ մենք կարողանանք փոքրացնել ամուսնալուծությունների թիվը: Դա նշանակում է՝ երեխաների նոր ծնունդներ եւ ուշադրություն դարձնենք այն հարցերին՝ ինչո՞ւ մարդիկ չեն ամուսնանում կամ հետաձգում են իրենց ամուսնությունները: Եթե կարողանանք այդ հարցերը լուծել, ուրեմն նորից ավելի շատ երեխաներ կծնվեն, եւ ոչ թե կթիրախավորեն բազմազավակ երեխաներին, որոնք այս շղթայի վերջին արդյունքն է: Այսինքն՝ սկսել ենք վերջից, փոխանակ գանք սկզբից»:

Ըստ մեր զրուցակցի, եթե պետական մակարդակով ուշադրություն չդարձնենք այս խնդրին, կունենանք այն՝ ինչ ունենք Եվրոպայում՝ մահացող եւ ծերացող ազգեր. «Որտեղ մարդու իրավունքների բացարձակացված տարբերակները հանգեցրել են նրան, որ ընդհանրապես, մարդու իրավունքը դարձել է բացարձակ արժեք, իսկ մնացածներն ածանցվում են այս արժեքից եւ, բնականաբար, ընտանիքը, երեխաները որպես արժեքային համակարգ, դուրս են մնում ընդհանուր հետաքրքրություններից: Չծնվող երեխաներ, ծերացող բուն ազգեր: Իհարկե Եվրոպական այդ երկրները փորձում են այդ խնդիրը լուծել ներգաղթյալների հաշվին՝ աշխատուժի եւ այլնի տեսքով, բայց իրենք, որպես ազգ ծերանում են, վերանում են: Եվրոպացիներն առայժմ շատ են՝ միայն ծերության երկարատեւության հաշվին այլ ոչ թե նոր սերունդների, որոնք գալիս են փոխարինելու: Սա ես համարում եմ սպիտակ եղեռն: Եվ հենց այդ մարդու իրավունքների արժեհամակարգի բացարձակացման հետեւանք»:

Մեր զրուցակցի խոսքով, շատ երկրներ ունեն նախարարություններ, որոնց անվան մեջ ընտանիք բառն առկա է՝ Ընտանիքի եւ երիտասարդության հարցերի նախարարություն, Ընտանիքի եւ սոցիալական հարցերի նախարարություն եւ այլն. «2019-2020 թվականներին Մեծ Բրիտանիայում ավելացվեց եւս մեկ նախարարություն՝ Միայնակների նախարարություն: Պարզվեց, որ միայն Բրիտանիայում 6-7 միլիոն միայնակ մարդ է ապրում, որոնք այդպես էլ ընտանիք չեն ստեղծել եւ նրանք հիմա խնդիրներ ունեն: Եվ այդ խնդիրներով զբաղվելու համար հարկավոր է նախարարություն: Արդյոք սա այն ցանկալի ապագան է, որը մենք ուզում ենք Հայաստանի համար եւ ինքներս մեզ չենք դատապարտում եվրոպական տիպի պետություն կառուցելու մեր նպատակների մեջ: Ընդունելով Եվրոպական արժեհամակարգերն՝ ամեն տեսակ կոնվենցիաներով, մենք մեզ չենք դատապարտում եւս մեկ եղեռնի, այն եղեռնի, որը մեր աչքի առաջ տեղի է ունենում Եվրոպայում: Փաստորեն մենք մեր ձեռքով կատարում ենք այն, ինչ 106 տարի առաջ թուրքերը երազում էին բռնի կերպով իրականացնել»:

Հովսեփ Պողոսյանը գտնում է, որ սթափվելու ժամանակն է ե՛ւ քաղաքական, ե՛ւ հասարակական շրջանակներում. «Պետք է ընտանիքի օրը դառնա փոքրիկ առիթ, որպեսզի այդ թեմաներով կարողանանք խոսել, բարձրաձայնել, որպեսզի ստեղծվեն համապատասխան ինստիտուտներ նախ՝ մեր աճող սերնդին ընտանիքին պատրաստելու համար եւ արդեն ընտանիք կազմած երիտասարդների օգնությունը հստակ կազմակերպելու համար: Եվ այն, ինչ այսօր ժողովրդագրական տեսանկյունից խնդիր է դառնում, այսպիսի մոտեցման պարագայում ինքնաբերաբար կլուծվի: Այսինքն՝ մենք խնդիրը կսկսենք շոշափել բուն պատճառի մեջ եւ ոչ թե դրա հետեւանքների վերացման մեջ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31