Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գրոտեսկային կերպար» Բաբաջանյանի հոբելյանական երեկոն` կոնսերվատորիայի ուսանողների մասնակցությամբ

Մայիս 17,2021 13:00

Եթե մարդը հանճար է, ուրեմն նրա ստեղծագործությունները ժամանակային եւ աշխարհագրական սահմաններ չեն ճանաչում։ Ասել, թե կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի երգերն արդեն քանի տասնամյակ հնչել են եւ կհնչեն աշխարհում, նշանակում է ոչինչ չասել։ Այսօր խոսենք կոմպոզիտորի բազմաժանր գործունեությունից միայն երգարվեստի մասին։

Մեջբերենք տասնամյակներ առաջ Էդվարդ Միրզոյանի խոսքը. «Եթե լսես կինոյի բոլոր ժամանակների եւ ժողովուրդների ամենամեծ կոմպոզիտոր Էնիո Մարիկոնեի մոգական երաժշտությունը, ապա վաղ թե ուշ կհանգես այն մտքին, որ իտալացի մաեստրոյի եւ Առնոյի երգերի մեղեդայնությունը անհավանականորեն մոտ են… Առնոն կարողացավ անկեղծորեն ուրախանալ կյանքով եւ կիսել այդ զգացմունքն այլ մարդկանց հետ։ Նա աշխատանքային օրերին տոներ էր կազմակերպում եւ հրավիրում բոլոր նրանց, ովքեր դեմ չէին միանալ խրախճանքին։ Կարճ ասած՝ Առնոյի կյանքը դարձավ սիրո յուրօրինակ պատմություն, որը նաեւ զարմանալի երգերով տարածվեց աշխահով մեկ»։

«Արամ Խաչատրյան» համերգասրահում օրերս Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների մեկնաբանմամբ հնչեցին բաբաջանյանական երգերը՝ նվիրված կոմպոզիտորի ծննդյան 100-ամյակին։ Ընդ որում, երեկոն անցկացվեց կոնսերվատորիայի հիմնադրման 100-ամյակի շրջանակներում։

«Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտոր, կոնսերվատորիայի ջազ եւ փոփ երաժշտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Նարինե Զարիֆյանը փաստեց, որ երգերը հնչեցին օրիգինալ տարբերակով. «Այս ժանրում ստեղծագործող մեր կոմպոզիտորների երգերը պետք է ներկայացվեն այնպես, ինչպես գրվել են։ Հարկ չկա փոխելու ստեղծագործության հարմոնիկ լեզուն, հետեւաբար՝ մեղեդայնությունը։ Հակառակ դեպքում կաղավաղվի երգի «դեմքը» եւ այն կդառնա պարզապես այլ գործ»։ Կայացած համերգին մասնակցեցին ճանաչված դեմքերի՝ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ռաիսա Մկրտչյանի, դոցենտներ Արմանուշ Հակոբյանի, Էմմա Պետրոսյանի, Լուսինե Կչոզյանի եւ Էմմա Ասատրյանի ուսանողները։ Բաբաջանյանի 22 երգերի մեկնաբանողների թվում էին նաեւ արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Լեւոն Չուգուրյանն ու Նարեկ Հովհաննիսյանը։

Երվանդ Երզնկյանը

Բաբաջանյանական երեկոյի ընթացքում ուսանողները հանդես եկան կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ղեկավարած Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ։

Հիանալի համերգից հետո Նարինե Զարիֆյանի եւ Երվանդ Երզնկյանի հետ զրույցը ավելի շատ երգարվեստի ոլորտի խնդիրների մասին էր. ջազ, փոփ երաժշտի կոնսերվատորիական կրթությունից մինչեւ Երեւանի կոնսերվատորիայի եւ ընդհանրապես արվեստի բուհերի՝ Բոլոնյան կրթական համակարգում մյուս բուհերի չափանիշներով ընդգրկվելը։ Մեր զրուցակիցները համոզված են, որ մշակույթին անհրաժեշտ է առանձին նախարարություն, քանի որ, ըստ մեր զրուցակիցների՝ մի բան է դասավանդելը, մի այլ բան՝ ուսումնական ծրագիր գրելը։

Լեւոն Չուգուրյանը

Ժամանակին գործել են մեթոդ կաբինետներ, որտեղ մասնագետներն աշխատել են եւ ներկայացրել միասնական ուսումնական ծրագրեր, այլ ոչ թե ամեն մեկն իրենը։ Անհրաժեշտ է վերանայել ոչ միայն պետական, այլ նաեւ մասնավոր TV-ների երաժշտական քաղաքականությունը եւս։
Շուրջ 25 տարի 100-ամյա կոնսերվատորիայում գործող ջազ եւ փոփ երաժշտության ամբիոնի շուրջ մինչ օրս էլ երբեմն հնչող այն կարծիքին, թե արդյոք այդ ժանրը «արժանի» է կոնսերվատորիական կրթության, մաեստրո Երզնկյանն ասաց. «Եթե դուք նկատի ունեք ժամանակին մեզանում ստեղծագործող աստղերի գործունեությունը՝ Զառա Տոնիկյան, Էլվինա Մակարյան, Տաթեւիկ Հովհաննիսյան կամ ջազմեն Մալխաս եւ այլն, նրանք եզակի էին, բնությունից օժտված։ Այո, այս ժանրում ստեղծագործող մեր երիտասարդները սովորելու շատ բան ունեն կոնսերվատորիայում։ Ավելին՝ նրանք դասական երաժշտարվեստի բոլոր առարկաներին զուգահեռ ուսումնասիրում են նաեւ ջազային արվեստ»։

Նարեկ Հովհաննիսյանը

Շարունակելով պարոն Երզնկյանի խոսքը, տիկին Զարիֆյանը նշեց, որ ի վերջո երաժիշտն է, որ ճաշակ է ձեւավորում հանդիսատեսի շրջանում, այլ ոչ թե հակառակը, թեեւ, չգիտես ինչու, այդ «հակառակը» վերջին ժամանակներս հաճախ ենք լսում։ Անդրադառնալով ուսանողների ելույթներին, համակարծիք էր մաեստրո Երզնկյանի հետ, որ ուսանող երգիչները իսկապես հիանալի էին։ Մասնավորապես շեշտեց, որ աշխարհում չես գտնի մի կոնսերվատորիա, որտեղ ուսանողներին հնարավորություն ընձեռվի աշխատել նման բարձրարվեստ կոլեկտիվի՝ էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Մեր զրուցակիցները հատկապես նշեցին, որ իրենց ամբիոնի ուսանողները հաճախ են մասնակցում վարպետության դասերի ու նման միջոցառումների ինչպես մեզ մոտ, այնպես էլ արտերկրում։ Օրինակ՝ վերջին պատերազմի մասնակից, ջազային կոմպոզիտոր Գարիկ Շառոյանը «Erasmus +» ծրագրով մեկնել է Իտալիա, Նարեկ Հովհաննիսյանը՝ Սիենայի ջազ ակադեմիա, որտեղ 6 ամիս ուսանելուց հետո վերադարձել են։ Վերջին շրջանում ուսանող երգիչները ելույթներով հանդես են եկել նաեւ Հայաստանում տարբեր երկրների դեսպանատներում, այդ թվում՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ այլն։ Դասախոսների այնքան կարեւոր սերնդափոխության մասին էլ տիկին Զարիֆյանն ասաց. «Ընդամենը մեկ փաստ արձանագրենք. անվանի կոմպոզիտորներ Մարտին Վարդազարյանի եւ Երվանդ Երզնկյանի կողքին դասավանդում են երիտասարդ ջազմեն Դավիթ Գյոդակյանը, սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը, անսամբլի նրբություններին ծանոթացնում է Տատյանա Մինասովան եւ այլն»։

«Շոպենի կամ Ռախմանինովի ժամանակներում ավելի հեշտ էր. ժողովներ չէին անցկացվում, նարդի եւ շախմատ չէին խաղում, եւ կյանքն այնքան էլ հետաքրքիր չէր։ Այսօր նույնիսկ չգիտես՝ երաժշտություն գրես, թե ապրես։ Եթե ես կոմպոզիտոր չլինեի, հավանաբար բեմում կխաղայի, կատակերգու կլինեի։ Չէ, ես կարծում եմ՝ գրոտեսկային կերպար եմ…»,- այս միտքը հարցազրույցների ժամանակ հաճախ է հայտնել Առնո Բաբաջանյանը։ Հետաքրքիր է՝ այսօր է՞լ նույնը կասեր, թե՞ ինչ-որ բան կհավելեր՝ իր արվեստին հատուկ մագնիսական ձգողությամբ։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Նարինե Զարիֆյանը ուսանող-երգիչների հետ

«Առավոտ» օրաթերթ
15.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31