Հայրը երգ է նվիրել հերոս որդու հիշատակին
Նարեկ Արտուշի Փարսադանյանը Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած տղաներից է: Նա ծնվել է 1993թ. Երեւանում, սովորել է Հակոբ Օշականի անվան 172 դպրոցում, ապա ընդունվել եւ ավարտել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Ժամկետային զորակոչով ծառայել է Իջեւանում` կրտսեր սերժանտ կապավորի կոչումով: Նարեկը 27 տարեկան, երազներով լի, բարձրագույն կրթություն ստացած համեստ, հայրենասեր երիտասարդ էր:
Թուրք -ադրբեջանական բանակի հարձակման ժամանակ մեկնել է Արցախ՝ պաշտպանելու Արցախ աշխարհի սահմանները 2020թ. հոկտեմբերի 14-ին:
Պատերազմի ավարտից հետո երեք ամիս ի վեր լուր չունեին ծնողները, հուսալով, որ ողջ է: Ցավոք, իրականությունը շատ դաժան էր: ԴՆԹ անալիզով հաստատվել է նրա զոհված լինելու փաստը, եւ այժմ նա հազարավոր հայ երիտասարդների կողքին Եռաբլուր սրբավայրի Հերոսների պանթեոնում է…
Կարդացեք նաև
44-օրյա պատերազմի ժամանակ Նարեկ Փարսադանյանը ամենաթանկը` կյանքը չէր խնայել հայ ազգի թշնամիների դեմ պայքարում, հերոսաբար կռվել ու զոհվել էր: Փառք մեր հայրենասեր, ազնիվ հերոս երիտասարդներին, որոնք որպես արծիվներ այսօր ճախրում են Հայոց աշխարհի երկնակամարում:
Արցախյան կռվում հերոսացած Նարեկ Փարսադանյանի հայրը երգ է նվիրել որդու հիշատակին, երաժշտությունը գրել է Արտուշ Փարսադանյանը, խոսքերը` Նոնա Պողոսյանը.
Հպարտ ու խրոխտ գնացիր կռիվ,
Քեզ քո Արցախն էր կանչում վիրավոր,
Քո նախնյաց կանչը թնդում էր սրտիդ,
Ու երթ էր քո մեջ հազար թեւավոր:
-կրկներգ-
Քո հերոսությամբ կմնաս հավերժ,
Երկնքի լուսե կամարների տակ,
Փա՛ռք քեզ, քաջարի՛, դու հերոս Նարեկ,
Որ դարձար հավերժ երկրիդ զարկերակ:
Դու ելար մարտի` ինչպես սեգ արծիվ,
Ու նենգ թշնամին քո զարկից դողաց,
Սխրանքդ սուրաց երկնքով անծիր,
Ու փառքդ հողին հավերժ որոտաց:
-կրկներգ-
Քո հերոսությամբ կմնաս հավերժ,
Երկնքի լուսե կամարների տակ,
Փա՛ռք քեզ, քաջարի, դու հերոս Նարեկ,
Որ դարձար հավերժ երկրիդ զարկերակ:
«Առավոտ» օրաթերթ
15.05.2021
Փառք քեզ եղբայր։