Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արցախի առողջապահական ոլորտն ունի լրջագույն բարեփոխումների կարիք»

Մայիս 17,2021 15:00

Հարցազրույց Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ

– Պարոն նախարար, խնդրում եմ ներկայացնեք «Բժիշկները Արցախի համար» ծրագիրը:

-Ծրագիրը մեկնարկել է 2021թ.-ից, երբ պատերազմով պայմանավորված ֆիզիկական եւ հոգեբանական ծանրաբեռնվածությունը որոշակիորեն հաղթահարելուց եւ ուշքի գալուց հետո առողջապահական համակարգը նորից գիտակցեց, որ պետք է կրկին հավաքել ուժերը եւ լծվել արցախցու` առանց այդ էլ բազմակի խոցված առողջությունը պահպանելու գործին: Պատերազմի հետեւանքով մենք կրկին ունեցանք բազմաթիվ վիրավորներ, հաշմանդամներ, որոնց միայնակ թողնելը ուղղակի անթույլատրելի էր, այդ պատճառով Արցախի առողջապահական համակարգը նորից ոտքի կանգնեց եւ թեկուզ կարճ, բայց հաստատուն քայլերով սկսեց առաջ գնալ: Հետպատերազմյան շրջանում մենք հանդիպեցինք օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք խնդիրների, որոնցից առաջնայինը դա բժշկական ոլորտի մասնագետների որոշակի խմբի արտահոսքն էր եւ նրանց տեղը լրացնելու խիստ պահանջը: Մենք կարճ ժամկետում գույքագրեցինք մեր մասնագիտական հնարավորությունները` դրա հիման վրա հստակ որոշելով նաեւ պահանջարկը: Թեեւ ի սկզբանե բոլորին թվում էր, թե այդ խնդիրը անլուծելի է, սակայն կարճ ժամկետում Արցախից ու մայր Հայաստանից մի այնպիսի փորձագիտական թիմ ձեւավորվեց, որի առջեւ, հիմա արդեն հստակորեն կարող եմ ասել, որ անլուծելի խնդիրներ չեն կարող լինել: Դեռ ծրագիրը չմեկնարկած` մենք արդեն ունեցանք փորձագետների խմբի մի շարք այցելություններ, հետազոտություններ, որոնք զուգակցվում էին նաեւ մասնագիտական աշխատանքի կատարմամբ ոչ միայն Ստեփանակերտում, այլեւ Արցախի շրջաններում: Մոտ երեք ամիս տեւած կազմակերպչական աշխատանքները, հանդիպումներն ու բանակցությունները հիմա արդեն թույլ են տալիս միանշանակ փաստելու, որ մեր առջեւ դրված նպատակները իրագործելի են: Պատկերացրեք, որ խնդիրների լուծման մեր ընտրած մեթոդներն ու տարբերակները նույնիսկ հետաքրքրել են հայաստանյան մեր գործընկերներին:

– Ինչպես գիտենք` պետպատվերով Արցախից ուսանողներ կան ՀՀ բուհերում, խոսքս մասնավորապես Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի մասին է։ Համալսարանն ավարտած արցախցիները չե՞ն վերադառնում եւ աշխատանքի անցնում Արցախի բուժհաստատություններում։ Ինչպիսի՞ն է պատկերն այս առումով:

– Տարիներ շարունակ Արցախը ունեցել է այդ խնդիրը, պետական պատվերի շրջանակում ուսում ստացած մասնագետները չեն վերադարձել Արցախ եւ կարծում եմ, որ նման դեպքերը կրել են պարբերական բնույթ բացառապես այն պատճառով, որ առողջապահական համակարգն այդ երեւույթներին կամ չի արձագանքել, կամ ոչ պատշաճ է արձագանքել: Այսօր եւս կան նման դեպքեր, քչերն են վերադառնում Արցախ, բայց այս դեպքում մենք որոշել ենք փոխել մարտավարությունը եւ պետության հաշվին ուսում ստացած ու գիտելիքները Արցախին ծառայեցնելուց հրաժարվողների մասով դիմելու ենք իրավապահ մարմիններին:

– Ընդհանուր վերցրած` հանրապետության մայրաքաղաքում եւ շրջաններում, ինչպես նաեւ մյուս համայնքներում ի՞նչ մասնագետների կարիք է զգացվում։

– Մենք մասնագետների բավարար քանակ չենք ունեցել նույնիսկ նախքան պատերազմը, պատկերացրեք, թե ինչպիսի կադրային սով կարող է լինել հիմա: Եթե Ստեփանակերտում այդ բացերը հնարավոր է լինում կոմպենսացնել այս կամ այն կերպ, ապա շրջաններում վիճակը առավել բարդ է: Այդ պատճառով մենք մեր բոլոր ծրագրերը ուզում ենք սկսել շրջաններից, գյուղական համայնքներից: Կադրերի կարիք ունենք գրեթե բոլոր մասնագիտական ոլորտներում:

– Խնդրում եմ ներկայացնեք, թե պատերազմից հետո ի՞նչ խնդիրներ են առաջացել առողջապահական ոլորտում:

– Խնդիրները շատ են, սակայն ես դրանք բաժանում եմ երկու մասի` համակարգային խնդիրներ եւ միջանկյալ: Համակարգային խնդիրները եւս բաժանվում են երկու խմբի` մասնագիտական եւ նյութատեխնիկական: Մեզ համար առավել լուրջ կարեւորություն է ներկայացնում համակարգային խնդիրների լուծումը: Բարեբախտաբար, համակարգային ներկայացված երկու խումբ խնդիրների լուծման ուղիներն արդեն ունենք, առաջին խումբը կփորձենք լուծել մասնագետների վերապատրաստման եւ տարբեր ծրագրերով մասնագետների ներգրավման ճանապարհով, իսկ նյութատեխնիկական միջոցների հետ կապված խնդիրները` ՀՀ առողջապահության նախարարության եւ բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով: Ինչ վերաբերում է միջանկյալ խնդիրներին, ապա դրանք թեեւ հաճախ մեծ քանակ են կազմում, այդուհանդերձ, լուծվում են` հիմնականում մեր ուժերով:

– Նաեւ խոսենք նախարարությանը կից մասնագիտական խորհրդի մասին։ Ե՞րբ է ձեւավորվել, ի՞նչ գործառույթներ է կատարում եւ ովքե՞ր են ընդգրկված խորհրդի կազմում։

– Մասնագիտական խորհրդի կազմը ձեւավորվել ու այն սկսել է գործել 2021թ. մարտ ամսից, թեեւ խորհրդի անդամները դեռեւս հունվար ամսից արդեն սկսել էին այցելությունները Արցախի մայրաքաղաք եւ շրջաններ: Խորհրդում ընդգրկված են ավելի քան 30 փորձագետներ, որոնցից յուրաքանչյուրը իր ոլորտում հրաշալի մասնագետ է` պատրաստ իր ներուժը ներդնելու Արցախի առողջապահական համակարգի զարգացմանը: Հենց այդ է պատճառը, որ խորհրդի անդամները իրենց գործունեությունը սկսել են իրենց ոլորտներում հետազոտական աշխատանքների կատարմամբ, որոնց արդյունքների վերաբերյալ կազմված եզրակացությունները բավարար տեղեկություններ են պարունակում այս կամ այն ոլորտի թերությունների, խնդիրների եւ դրանց լուծման ուղիների մասին: Այդ փաստաթղթերը մենք փորձում ենք ծառայեցնել որպես համապատասխան ոլորտներում բարեփոխումներ կատարելու ուղեցույց` դրան գումարելով նաեւ Արցախի առողջապահության նախարարության մասնագետների կողմից վեր հանված խնդիրներն ու լուծման առաջարկները: Բացի փորձագիտական ու խորհրդատվական աջակցությունից, խորհրդի անդամները կատարում են նաեւ ԱՀ բուժհիմնարկներն անհրաժեշտ մասնագետներով եւ նյութատեխնիկական միջոցներով համալրելուն ուղղված աշխատանքներ, քանզի նրանք նաեւ հայաստանյան կամ արտասահմանյան բուժհիմնարկների, տարբեր միավորումների ներկայացուցիչներ կամ ղեկավարներ են եւ ունեն համագործակցելու, միջոցները մեկտեղելու եւ բաշխելու լայն հնարավորություններ:

– Պարոն նախարար, Արցախում գործող Ք. Քոքսի անվան միակ վերականգնողական կենտրոնի հետ կապված ի՞նչ կասեք։ Շենքային պայմանների հետ կապված նորություններ կա՞ն, ե՞րբ նրանք նոր մասնաշենքում կիրականացնեն իրենց ծանր, կարեւոր ու պատասխանատու աշխատանքը։

– Վերականգնողական կենտրոնը եւ նրա բոլոր աշխատողները ինչպես նախկինում, այնպես էլ այսօր կատարում են հերոսական աշխատանք: Որպեսզի ասածս լիարժեք ընկալելի լինի, ասեմ հետեւյալը` կենտրոնի անձնակազմը կատարում է կենտրոնի հնարավորությունները մի քանի անգամ գերազանցող ծավալի աշխատանք եւ դա կրկնվում է ամեն օր: Իհարկե, այսօրվա մեր պահանջարկը ենթադրում է կենտրոնի հնարավորությունների կտրուկ ընդլայնում եւ ներկայումս մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, փորձում ենք նոր շենք ձեռք բերել, ինչպես նաեւ հայթայթել այն ժամանակակից սարքավորումներով կահավորելու համար անհրաժեշտ միջոցներ: Բայց մինչ այդ ստիպված ենք մեր խնդիրները լուծել առկա շենքային պայմաններում:

– Կխնդրեմ խոսեք նաեւ համաճարակային իրավիճակի մասին։ Կորոնավիրուսը նաեւ Արցախը չշրջանցեց։ Ի՞նչ հակահամաճարակային աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ։

– Դժբախտաբար պատերազմն ամբողջությամբ ոչնչացրեց կորոնավիրուսից պաշտպանվելու համար մեր հանրության շրջանում ձեւավորված թեկուզ փոքր, բայց որոշակի արդյունավետություն ապահովող զգուշավորությունը, ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ դրա ընթացքում եւ հետո հասարակությանը հուզող խնդիրներն ու հարցերը այնքան շատ էին, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու բոլոր կանոնները երկրորդ պլան էին մղվել: 2021թ. հունվար ամսից մենք որոշակի աշխատանքներ սկսեցինք տանել այդ ուղղությամբ, բայց ամենօրյա վիճակագրությունը փաստեց, որ ամեն դեպքում առկա է վիրուսի տարածման վտանգ, որը վերջերս համեմատաբար ավելի է մեծացել: Իհարկե, առողջապահության նախարարության կողմից կազմակերպվում են տարբեր խորհրդատվական ու պարզաբանող, ուսուցանող ծրագրեր, միջոցներ են ձեռնարկվում հասարակական տարբեր վայրերում ախտահանման աշխատանքներ կատարելու ուղղությամբ, սակայն առավել մեծ շեշտադրումը ներկայումս դրված է պատվաստման գործընթացի արագացման վրա: Վերջերս ռուսական կողմը Արցախին հատկացրել է որոշակի քանակ պատվաստանյութ, որով պատվաստումը ներկա փուլում կատարվում է խոցելի խմբում գտնվող անձանց:

– Արդյոք պետության կողմից տրամադրվող բյուջեն բավարարո՞ւմ է առողջապահական ոլորտի աշխատանքների կազմակերպմանը։

– Ինչպես ասում են` գումարը երբեք շատ չի լինում, բայց այն խնդիրները, որոնք այս փուլում դրված եմ առողջապահության նախարարության առջեւ, ապահովված են պետական բյուջեի բավարար միջոցներով: Բայց մենք սահմանափակված չենք միայն բյուջեի միջոցներով, ունենք բազմաթիվ գործընկերներ, համագործակցող բարեգործներ ու բարեգործական կազմակերպություններ, որոնք եւս ցուցաբերում են ֆինանսական եւ այլ տեսակի աջակցություն: Միայն այն, որ նախորդ տարվա համեմատ առողջապահական ոլորտի համար պետական բյուջեով հատկացվող գումարի չափը ավելացել է մոտ 3 միլիարդ դրամով, սա արդեն խոսուն է:

-Ինչի՞ կարիք ունի Արցախի առողջապահական ոլորտը:

– Արցախի առողջապահական ոլորտը ունի լրջագույն բարեփոխումների կարիք, ընդ որում՝ բարեփոխման անհրաժեշտությունը նկատելի է գրեթե բոլոր ոլորտներում` աշխատանքի կազմակերպում, վարձատրություն, ծառայությունների մատուցում, պետպատվերի պլանավորում եւ իրագործում, պոլիկլինիկային եւ հիվանդանոցային բուժծառայության կազմակերպում եւ այլն: Մեր փոքր տարածքում առկա է զինվորական հոսպիտալ եւ քաղաքացիական բուժհաստատություններ, երկու բուժհիմնարկներում էլ կատարվում է խառը բուժսպասարկում, ընդ որում՝ կան մասնագետներ, որոնք միայն զինվորական հոսպիտալներում են ներգրավված, կա հակառակը, կան բժշկական սարքավորումներ, որոնք միայն քաղաքացիական բուժհաստատություններում են տեղադրված, կա հակառակը: Արդյունքում ստացվում է, որ երկու տեսակի բուժծառայություն, երկուսն էլ թերի, այն դեպքում, երբ դրանք կարելի է միացնել ու ստանալ մեկ, առավել ամբողջական բժշկական հիմնարկ` առավել լայն հնարավորություններով: Մի խոսքով` հարկ է վերակազմակերպել եւ վերանայել մեր աշխատանքը` դրա հիմքում դնելով արդի բժշկության կազմակերպման մեթոդներն ու եղանակները:

Զրույցը՝ Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ
Լուսանկարը` Էդգար Քամալյանի

«Առավոտ» օրաթերթ
15.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31