Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավատացնում եմ, Նիկոլն իմ հոգեւոր հայրը չի». Նաիրա Զոհրաբյան

Մայիս 17,2021 10:23

Aravot.am-ի զրուցակիցն է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը

– Տիկին Զոհրաբյան, երեկվանից իշխանությունը գրոհ է սկսել ձեր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի եւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ։ Արսեն Թորոսյանն անգամ իր գրառման («Թշնամու առաջ պաշարված բերդերի դռներ բացողների ու հարձակման ճանապարհներ ցույց տվողների հոգեզավակները հիմա նոր անուններ ունեն՝ վահեհակոբյաններ, հրանտբագրատյաններ, նաիրազոհրաբյաններ»,- գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը.-խմբ.)։ մեջ ձեր հոգեւոր հայրերին մեղադրեց բերդաքաղաքը՝ Շուշին հանձնելու մեջ։ Այս գրոհը կարո՞ղ է կապ ունենալ Սեւ լճի շուրջ բանակցությունների ելքի հետ։

– Այո, գրոհն աննախադեպ է, բայց սույն աննախադեպ գրոհի արդյունքը մի յուրօրինակ exit poll եղավ իշխանության համար՝ հազարավոր մեր հայրենակիցներ ամենավերջին հայհոյանքն էին գրում արսենթորոսյաններին, արայիկհարությունյաններին եւ մնացյալներին։ Բարեբախտաբար, մեր հանրությունն այլեւս շատ ավելի սթափ է գնահատում իրավիճակը եւ ունենալով 44-օրյա պատերազմի ստի եւ կեղծիքի արշավը, երբ 44 օր ժողովրդին խաբեցին «հաղթելու ենք» հեշթեգով ու նոյեմբերի 9-ին ծնկի իջան թուրքի առաջ, հանրությունը երեկ իր շատ հստակ վերաբերմունքն արտահայտեց իշխանության հանդեպ եւ իրենց ֆեյք ինդուստրիայով անգամ չէին հասցնում հակադարձել հանրության գնահատականներին։

Ինչ վերաբերում է առողջապահության նախկին նախարարի անհեթեթ գրառմանը, ապա ավելին, քան իր գրառման տակ ասել էին հազարավոր մեր հայրենակիցներ, ես ավելացնելու բան չունեմ։ Ամեն ինչ ասված է եւ կարծում եմ՝ իրենք հրաշալի հասկացան, թե ինչպիսին են այսօր հանրության տրամադրությունները եւ որ իրենք չեն կարող այլեւս ստով եւ կեղծ թիրախներով ժողովրդին շեղել երկրի իրական օրակարգից եւ իրական մտահոգություններից։ Ընդամենը մի փոքրիկ «սպռավոչկա»՝ հանրային հայհոյանքի հանդեպ բարձր իմունիտետ ունեցող սույն անձը իմ հոգեւոր հորը մեղադրում է Շուշին հանձնելու մեջ։ Շուշին հանձնել է Նիկոլ Փաշինյանը եւ վստահեցնում եմ ձեզ՝ Նիկոլն իմ հոգեւոր հայրը չէ։

– Տիկին Զոհրաբյան, այդուհանդերձ, ի՞նչ տեղեկություններ ունեք երեկ ավարտված բանակցություններից, որովհետեւ տարբեր լուրեր են շրջանառվում, որոնք չեն կարող մտահոգիչ չլինել, իսկ պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա, թեեւ բանակցությունների ավարտից 15 ժամից ավելի է անցել։

– Ես այս օրերին մշտական կապի մեջ եմ Սյունիքի համայնքապետերի եւ ռուս խաղաղապահների հետ, երեկ Գորիսի փոխքաղաքապետն ու Վերին Ակների համայնքապետը եւս մամուլին որոշ տեղեկություններ էին տրամադրել, սակայն պաշտոնական որեւէ հայտարարություն բանակցությունների ելքի վերաբերյալ, բացի իմքայլականների հաղթական գրառումներից՝ չկա։

Հուսանք, որ Հայաստանի ինքնիշխանությանը որեւէ հատվածում՝ լինի Սյունիքը, Գեղարքունիքը՝ վտանգ չի սպառնում։ Եվ լինենք զգոն՝ երբ իրենք սկսում են թիրախները շեղել եւ փորձել հանրության ուշադրությունը տարբեր անհեթեթություններով զբաղեցնել, փորձը ցույց է տվել, որ հատկապես այդ դեպքերում պետք է զգոն եւ ուշադիր լինել։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31