Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հակոբյան. Եվ ահա, առաջին անգամ ՌԴ հեռուստաալիքների հեռարձակումը ՀՀ-ում ինստիտուցիոնալ բնույթ է ստանում, բովանդակության մասով պարտավորություններ ենթադրում այդ հեռարձակողների համար

Մայիս 17,2021 10:30

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Պաշտոնական հրավերով Մոսկվայում էի։ Աշխատանքային բազմաթիվ հանդիպումներ ունեցա թվային զարգացման, կապի եւ զանգվածային հաղորդակցության նախարարությունում, զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունում (Роскомнадзор), «Россия сегодня» մեդիահոլդինգում, Զարգացման միջազգային կորպորացիայում։ Փոխնախարար Բ․Չերկեսովայի հետ (ներկա էին նաեւ Հայաստանում գործող ՌԴ բոլոր հեռարձակող ընկերությունների ներկայացուցիչները) քննարկեցինք ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված (2020 թ․ դեկտեմբեր) զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին Համաձայնագրից բխող անելիքները։ Роскомнадзор-ի ղեկավար Ա․Լիպովի հետ կնքեցինք մեր երկրների կարգավորող մարմինների միջեւ համագործակցության հուշագիր, եւս քննարկեցինք բազմաթիվ հարցեր։ Շնորհակալ եմ ռուսաստանցի գործընկերներին ջերմ ընդունելության եւ շատ արդյունավետ քննարկումների համար։

Այդ հանդիպումների մանրամասների մասին ՀՌՀ-ն հաղորդագրություն կտարածի։ Ես այլ նպատակով եմ գրում այցի մասին։

Բանն այն է, որ այս այցը, փաստորեն, երկու տարուց ավել է, ինչ նախապատրաստվում էր։ Շատերը կհիշեն, ինչ արհեստական «դժգոհության ալիքներ» էին այստեղ բարձրացնում արտահայտած իմ այն կարծիքները համար, որ պետք է հստակ գծվեն սուվերեն մեդիատարածքի սահմանները, հստակեցվի հանրային մուլտիպլեքսի հայեցակարգը, սահմանվի «լեզվական անվտանգություն» հասկացությունը, եւ ինչպես էին ինձ պիտակավորում։ Բայց մենք անդադար աշխատում էինք Ռուսաստանի մեր գործընկերների հետ՝ հանդիպելով Մոսկվայում եւ Երեւանում, տասնյակ ժամեր անցկացնելով առցանց քննարկումներում, տարբեր նախագծեր մշակելով, վիճելով, համաձայնեցնելով, փոխզիջումների գալով։

Եւ ահա, առաջին անգամ Ռուսաստանի հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում ինստիտուցիոնալ բնույթ է ստանում, բովանդակության մասով պարտավորություններ է ենթադրում այդ հեռարձակողների համար։ Առաջին անգամ հուշագիր է կնքվում կարգավորող մարմինների միջեւ, ինչը արդյունավետ փոխգործակցության հնարավորություն է տալիս։ Առաջին անգամ մեր Հանրային հեռարձակողին իրավական ակտով հնարավորություն է տրվում ունիվերսալ արտոնագիր ստանալ ՌԴ-ում հեռարձակվելու համար։ Ու շատ-շատ այսպիսի «առաջին անգամ»-ներ այսօր ունենք, որոնք կրում են «հավասարը հավասարի հետ» հարաբերությունների բնույթը, նպաստում են փոխշահավետ համագործակցությանը։ Արդյունքները, կարծում եմ, մի առ ժամանակ հետո տեսանելի կլինեն։ Եթե, իհարկե, եռանդով եւ նպատակային աշխատեն ոչ միայն մեր Հանձնաժողովը, այլ նաեւ ՀՀ այլ պետական հաստատությունները։

Դեռ հսկա ծավալի աշխատանքներ կան, որպեսզի պայմանավորվածությունները թղթի վրա չմնան, բայց առաջին կարեւորագույն քայլերն այս մի քանի ամսվա մեջ արված են։

Ասածս է․ գլխներիս հող լցնելու, բոլորին եւ ամենը մեղադրելու փոխարեն, պարզապես աշխատել է պետք, չընկճվել, հավատալ արդյունքներին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31