Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի Գորբաչովիզմը

Մայիս 17,2021 10:00

44-օրյա պատերազմով սկսվել է Ռուսաստան պետության թուլացումը, իսկ Պուտինը մեծ եռանդով փլուզում է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը

Ես աղոտ եմ հիշում ԽՍՀՄ փլուզման շրջանը, դրա իրական պատճառների մասին մինչ օրս տարբեր վարկածներ են շրջանառվում մեր հասարակության մեջ, օրինակ՝ «Սովետը հայերը փլուզեցին» պնդումից մինչեւ «ԽՍՀՄ-ը քանդեցին Ռոնալդ Ռեյգանը, Ջորջ Բուշն ու Միխայիլ Գորբաչովը» համոզումը: Գորբաչովի՝ «Վերակառուցման» քաղաքականության արդյունքում, որով հնարավոր էր դարձրել ԽՍՀՄ առանձին հանրապետություններում անկախացման եւ ազգային-ազատագրական շարժումների ձեւավորումը, անկախ մեր ժողովրդին պատուհասած ծանր հարվածներից, հնարավորություն ունեցանք հռչակել Հայաստանի Հանրապետություն, եւ մեզ պարտադրված պատերազմում հաղթանակներ արձանագրեցինք ոչ միայն ռազմի դաշտում, այլեւ՝ դիվանագիտական ճակատում:

ԽՍՀՄ փլուզման շրջանում իմ հիշողություններում շատ լավ տպավորվել են որոշ դրվագներ. գիշեր-ցերեկ մեր ընտանիքում, ծնողներիս բարեկամ-ընկերների քաղաքական թեժ զրույցները՝ հերթական հանրահավաքից հետո, նրանց բուռն զայրույթը, երբ Ղարաբաղյան շարժման վերելքի ժամանակ ԽՍՀՄ պետական քարոզչամեքենան՝ «Պրավդան» ու «Վրեմյան», Երեւանի «Թատերական», այժմյան՝ «Ազատության» հրապարակում անցկացվող համաժողովրդական ցույցերը ներկայացնում էին որպես` «հայ ծայրահեղականների» հավաքներ: Հիշում եմ, թե ինչպես էր հայ ժողովուրդը այդ քարոզչամեքենայի տարածած կեղծիքների, ստերի պատճառով հեգնանքով վերաբերում Միխայիլ Գորբաչովին ու քննադատում նրան: Հատկապես վառ տպավորվել է մի տեսանյութ, թե ինչպես էր 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից անմիջապես հետո Հայաստան ժամանած Գորբաչովը հայաստանցիների հետ զրույցի բռնկված զայրացած դժգոհում, թե հայերը նույնիսկ այսպիսի արհավիրքից հետո Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հարց են բարձրացնում:

Մի քանի առիթներով ՌԴ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է ԽՍՀՄ-ի փլուզման եւ վերաինտեգրման թեմաներին: 2004-ին նա ասաց. «Ինձ թվում է, որ նախկին տեսքով ԽՍՀՄ-ի ստեղծումն անհնարին է…Իսկ ինչ վերաբերում է միասնական ու մեծ երկրին, որտեղ մեզ բոլորիս հարմարավետ ու անվտանգ կլիներ ապրելը, ապա ինձ թվում է՝ ավելի լավ կլինի խոսել էկոնոմիկայի ոլորտում ջանքերի միավորման ու ինտեգրման մասին»: Մեկ այլ առիթով, 2016թ. Պուտինի դիրքորոշումը վերահաստատել էր նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը. «Խորհրդային Միության փլուզումը 1991 թվականին աղետ էր։ Թեեւ այդ կազմալուծված միավորումը չի կարելի այժմ վերականգնել, սակայն Ռուսաստանի նախագահը կարծում է, որ նոր ինտեգրումը նախկին Խորհրդային Միության տարածքում անհրաժեշտ է»։

Այսպես, մի քանի առիթներով Պուտինի կարծիքը ձեւակերպվեց՝ Խորհրդային Միությունը վերականգնելու մասին խոսք անգամ չկա, նույնիսկ ասվեց, որ միամտություն է կարծելը, թե հնարավոր է վերականգնել կամ նմանակել անցյալում մնացած մի որեւէ երեւույթ, սակայն այնուհանդերձ, շեշտվեց, որ Պուտինը կողմնակից է տնտեսական, քաղաքական եւ արժեհամակարգային հիմքի վրա սերտ ինտեգրմանը: Չնայած այս արձանագրումներին, տարիներ շարունակ արեւմտյան փորձագետները, գործիչները, նախկին դիվանագետները համոզված կարծիք են հայտնել, թե Ռուսաստանը ծավալապաշտական քաղաքականություն է վարում, ձգտում է ազդեցությունը պահպանել նախկին խորհրդային միության հանրապետություններում: Բայց այսօր այս պնդումը խիստ կասկածելի է թվում, որովհետեւ նախ՝ հստակ չի, թե Պուտինն Ռուսաստանն ո՞ւր է տանում:

Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, տարիներ առաջ դաշնակցի ուժը շեշտելու համար մեր հասարակության մեջ կային, օրինակ հետեւյալ համոզումները՝ «ռուսը չի թողնի, որ թուրքը մտնի Հայաստան», «Հայաստանի սահմանը մեկ մետր թշնամու ուղղաթիռ հատի՝ ռուսը կխփի» եւ այլն: Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, անկախ նրանից, թե ով է Հայաստանում իշխանություն, ենթադրում է Ռուսաստանի արագ եւ անվերապահ արձագանք՝ Հայաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգության դեպքում: Անխոս, Հայաստանի գործող իշխանություններն այնքան պատվազուրկ են, այն աստիճան են բոլորի հետ հարաբերությունները փչացրել, որ որեւէ մեկից աջակցություն չեն կարողանում ստանալ, եւ առհասարակ, անցյալ շաբաթ Հայաստանի սահմաններից ներս ադրբեջանական ներխուժման առիթով ՀՀ իշխանությունների պահվածքն ուղղակի խայտառակություն է, սա առանձին քննարկման նյութ է, եւ դրան դեռ կանդրադառնանք:

Այսօր, սակայն, հասունացել է պահը մի հարցի պատասխան գտնելու: Ո՞ւմ է ձեռնտու Հայաստանում Փաշինյանի նման ղեկավարի հետագա իշխանավարումը: Սա հռետորական հարց չէ, այս հարցին պատասխանելու համար փորձենք որոշ փաստեր դիտարկել:

Մինչեւ Փաշինյանի «թավշյա հեղափոխությունը» ԵԱՀԿ Մինսկի Խմբում ամենաակտիվ պետությունը եղել է Ռուսաստանը: 2007թ. նոյեմբերի 29-ին, Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման շրջանում Հայաստանն ընդունեց Մադրիդյան փաստաթուղթն ու սկզբունքները, 2008թ. նոյեմբերի 2-ին Ռուսաստանի միջնորդությամբ եւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ստորագրեցին Մայենդորֆյան 5 կետանոց հռչակագիրը: Հայտնի է ռուսական ջանքերի մեկ այլ դրվագ. 2011թ. հունիսին Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից առաջարկված փաստաթուղթը, որը մերժեց Իլհամ Ալիեւը:

Ղարաբաղյան կարգավորման այս դրվագները, բոլորը փաստում են ռուսական ակտիվ ջանքերի մասին: Իսկ ամենաթարմ առաջարկները՝ Լավրովի հանրահայտ պլանն էր, որի առկայությունը սկզբնական շրջանում պաշտոնական Երեւանն էր հերքում, հետո ռուսական կողմը հերքեց, սակայն դրա գոյության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի գործող եւ ԱՄՆ-ի երկու նախկին համանախագահները հստակ խոսել են, ու անկախ նրանից, թե այդ պլանում 2018-ից հետո քանի դրույթներ են փոփոխվել ու լրացվել՝ ակնհայտ է, որ ռուսական կողմը եղել է ամենագլխավոր դերակատարը այդ առաջարկների մշակման հարցում, այսպես ասած՝ հիմնական առաջ մղողը:

44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը ստացել է այն, ինչի մասին ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի ողջ ընթացքում խոսում էին շատերը, բայց չկար հստակ համոզում, որ ռուս խաղաղապահները պետք է տեղակայվեն Լեռնային Ղարաբաղում: Այսօր դա իրողություն է, եւ այստեղ միանշանակ պետք է արձանագրենք, որ այո՛, ռուս խաղաղապահների ներկայությամբ հայերի բնաջնջումը Լեռնային Ղարաբաղում դադարեցվեց:

Բայց ի՞նչ է պետք 44-օրյա պատերազմից եւ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ռուսաստանին… Ակնհայտ է, որ Ռուսաստանը ձգտելու է պահպանել իր ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, չնայած թուրք-ադրբեջանական տանդեմի բացահայտ դժկամությանը: Թուրքական ազդեցությունը նախկին խորհրդային միության տարբեր հանրապետություններում այսօր եւս ակնհայտ է, չնայած այն հանգամանքին, որ Պուտինն ու Էրդողանն այսօր միմյանց «լավ ընկերներ» են համարում: Կրեմլի այդ քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ վերլուծվում է, խնդրահարույց է համարվում նաեւ ռուսաստանցի որոշ փորձագետների կողմից: Ոչ ոք չունի պատասխան, թե որն է Պուտինի հաշվարկը, օրինակ՝ նա հույս ունի, որ կտրելո՞ւ է Թուրքիային ՆԱՏՕ-ից, թե՞ պարզապես կողմնակից է Թուրքիայի ազդեցության մեծացմանը նախկին խորհրդային տարածքում Ռուսաստանի հետ համագործակցության ընդլայնման համատեքստում: Այսօր ոչ ոք չունի հստակ պատասխան, թե օրինակ՝ ինչպիսին է Պուտինի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Ադրբեջանում ռազմական ներկայության հաստատման հարցում: Եթե Թուրքիան այդ որոշումն ընդունի՝ դե ֆակտո ռազմաբազա տեղակայել Ադրբեջանում, Ռուսաստանը կհամարձակվի՞ հակազդել դրան:

Ի՞նչ տեղի ունեցավ անցյալ շաբաթ: Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանի տարածք ներխուժեցին ադրբեջանական բանակի ստորաբաժանումներ, եւ ամբողջ աշխարհը ականատես դարձավ, որ Պուտինն առավելապես հետաքրքրված էր Պաղեստինի եւ Իսրայելի ղեկավարներին Մոսկվայում բանակցություններ վարելու հրավեր ուղարկելով, քան՝ ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանի ինքնիշխանության պաշտպանությամբ: Կրեմլի կողմից մեկ-երկու տողանոց հայտարարություն անգամ չհնչեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հանդեպ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է: Ֆրանսիայի նախագահը, փաստացի, միակ պետության ղեկավարն էր, որն ընդգծեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրս բերման անհրաժեշտությունը:

44-օրյա պատերազմի ողջ ընթացքում ռուսական իշխանական քարոզչամեքենայի սպասարկուները, որոնք քննադատում էին Փաշինյանին, անընդմեջ կրկնում էին՝ «բայց Փաշինյանը չի էլ դիմել Պուտինին օգնություն ստանալու համար»: Անցյալ շաբաթ պաշտոնական Երեւանը դիմել է ե՛ւ ՀԱՊԿ-ին, ե՛ւ ՌԴ նախագահին: Բայց ի՞նչ ենք տեսնում… Ռուսաստանը ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության առիթով նախընտրում է հարցը տարբեր պատրվակներով երկարաձգել, բերում են ցանկացած պատճառաբանություն, օրինակ՝ «Փաշինյանը օգնություն չի խնդրել»: Ինչի՞ն է ծառայում այս երկարաձգումը, հստակ երեւում է՝ միայն թե Ֆրանսիայի նախաձեռնությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լուծում գտնել, վիժեցվի:

Տպավորություն է ստեղծվում, որ ռուսներն այսօր այնքան են կենտրոնացած ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում պահպանելով, որ պատրաստ են դրա դիմաց ենթարկվել թուրք-ադրբեջանական ցանկացած քմահաճույքի՝ արդեն ՀՀ տարածքի նկատմամբ հավակնությունների տեսքով:

Ու այս ամենը ընթանում է Կրեմլի վերահսկողության տակ գտնվող քարոզիչների եւ նրանց հայաստանյան արբանյակների՝ ՀՀ իշխանությանն ուղղված շարունակական մեղադրանքներով: Այսինքն, քարոզչական խաղը շատ պարզունակ է՝ «ՀՀ իշխանությունն է մեղավոր», «ինչո՞ւ այսպես չարեցին», «ինչո՞ւ չկրակեցին ադրբեջանցիների ուղղությամբ», բայց այս ամենի համատեքստում՝ Ռուսաստանը Թուրքիայի հետ տանում է իր խաղը, որից տուժում է Հայաստանն ու էլ ավելի սանձարձակ է դառնում Ադրբեջանը, բայց Հայաստանում իրավունք չունեն դժգոհել Մոսկվայից, քանի որ ի սկզբանե, որոշված է, որ «մեղավորը Հայաստանի իշխանությունն է»: Փաշինյանն, այսպես, թե այնպես հիմնական մեղավորն ու հիմնական պատասխանատուն է ստեղծած իրավիճակում, նրա գործունեության արդյունքում մենք կորցրել ենք Արցախի մեծ մասը, իսկ Հայաստանը դեպի աղետի է գնում: Սակայն, միեւնույն ժամանակ, կարելի է արդեն համոզված ասել, որ Փաշինյանի հետագա իշխանավարումը հենց Պուտինին է ձեռնտու, որովհետեւ Փաշինյանի գոյությամբ հնարավոր դարձավ իրականացնել ռուսական այն բոլոր ծրագրերը, որոնք Հայաստանի նախկին երեք նախագահների ժամանակ դժվար իրագործելի էին:

Կրեմլի հեռահար նպատակները նախկին ԽՍՀՄ տարածքում, թերեւս, ոչ ոք հստակ չգիտի, բայց այսօր նկատվում է, որ Պուտինը, Թուրքիայի առջեւ գիտակցված բացել է նախկին ԽՍՀՄ-ի «դարպասները»: Պուտինը, վստահաբար, ունի իր հաշվարկները, սակայն այսօր ակնհայտ է, որ սկիզբ է դրվում Ռուսաստանը դեպի քաոս տանելու քաղաքականություն: Եթե 1988-ի Ղարաբաղյան շարժումը պատմականորեն ԽՍՀՄ-ի փլուզման հետ կապվեց, ապա 2020-ին Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմով արդեն իսկ նկատվում է Ռուսաստան պետության թուլացման, քայքայման սկիզբը:

Ինչո՞ւ հոդվածի սկզբում հիշատակեցի Միխայիլ Գորբաչովի նկատմամբ տարիներ առաջ հայերի անբարյացակամ վերաբերմունքի մասին… Որովհետեւ մի հարց է անվերջ պտտվում իմ մտքում՝ Կրեմլի այսօրվա ղեկավարի համար ընդհանրապես կարեւո՞ր է, թե ինչ են մտածում հայաստանցիները, ամբողջ աշխարհի հայերը Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ղեկավարի պահվածքի մասին: Ինչո՞ւ է Պուտինը սկսվել նմանվել Գորբաչովին, որին, ի դեպ, ռուսաստանյան իշխանական քարոզչությունն իրականացնող հանրահայտ մեկնաբաններն ու փորձագետներն առիթը բաց չեն թողնում հեգնելու ու քննադատելու, մեղադրելով նրան ԽՍՀՄ-ը փլուզելու մեջ: ԽՍՀՄ-ը չկա, բայց Պուտինն այսօր մեծ եռանդով փլուզում է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, որի մասին նրանք հիշում են, երբ իրենց է պետք: Մոսկվայի անգործությունը «արդարացնելու» հարցում պատրվակը գտնված է՝ «Փաշինյանն է մեղավոր» ու արդեն նկատելի է, որ եթե անգամ չլիներ Փաշինյանը՝ Մոսկվայում վստահաբար գտնեին այլ «մեղավոր»: Փաշինյանով հնարավոր է դարձել «թաքցնել» Պուտինի իրական նպատակներն ու ծրագրերը Հայաստանի ապագայի խորտակման ճանապարհին, անկախ այն հարցերից, թե այսօրվա Ռուսաստանը որքան է թույլ եւ արդյոք ընդունակ է հակազդել թուրքական քաղաքականությանը: Երբ Մոսկվային հարկավոր է լինում՝ Կրեմլը կարողանում է մեկ ակնթարթում փոխել քարոզչական գիծ ու անհրաժեշտ ուղղություն բռնել: Տարիներ առաջ Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո օրինակ ռուս-թուրքական «գործընկերությունն» ու «բարեկամությունը» հաշված րոպեների ընթացքում փլուզվեց՝ հենց այդ քարոզչությունը գործի դնելով:

Իսկ ի՞նչ պատահեց 44-օրյա պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին, եռակողմ հայտարարության ստորագրումից ժամեր առաջ:  Հայաստանի օդային տարածքում Ադրբեջանի զինվորականների կողմից խոցվեց ռուսական ուղղաթիռ, որն ուղեկցում էր ռուս խաղաղապահների շարասյունը դեպի ԼՂ: Բաքուն ներողություն հայցեց «ողբերգական միջադեպի» կապակցությամբ, հավաստիացրեց, թե «պատահական բնույթի» միջադեպը ուղղված չէ ընդդեմ ռուսական կողմի եւ պատրաստ են «փոխհատուցել», Նախիջեւանի զինվորական դատախազությունն էլ քրեական գործը հարուցեց «ծառայության հանդեպ անփույթ վերաբերմունքի» հոդվածով, Մոսկվան բավարարվեց Բաքվի քայլերով, մոտավորապես նման պահվածք դրսեւորելով՝ «ну, всякое бывает», իսկ այսօր պաշտոնական Մոսկվայի համար նշյալ թեման վաղուց մոռացված է:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Հարգելի Էմմա Գաբրիելյան

    Ձեր դատողություններում մի սխալ հիմք կա: Դուք մոռանում եք, որ ցանկացած պետություն, նաեւ Ռուսաստանը առաջնորդվում է սեփական շահով եւ նոր միայն ալյոց: Ռուսաստանի համար սպառնալիք է Թուրքիայի ազդեցության աճը նախկին ԽՍՀՄ-ում, Ռուսաստանը սրա դեմ գործողություններ է իրականացնում՝ սեփական շահից ելնելով: Այս շահի մեջ է, որ ադրբեջանն ու թուրքիան ցամաքով իրար չկպնեն, Հայաստանի նման ՍԵՊԸ միշտ լինի; Բայց այս այդ սեպի բաղկացուցիչ կարող են չլինել Արցախը կամ Սեւ լիճը: Հասկացա՞ք:
    Մենք էլ պիտի մեր շահով առաջնորդվենք, որը չի ենթադրում սելֆիներ, առանց սպառազինության օդանավեր, կեղծ-սուտ պաշտոնական տեղեկություն, ատելության խոսք, սադրանքներ: Մեր այսօրվա իշխանությունն է բերել մի վիճակի, երբ Ռուսաստանը կարող է սեփական շահերը առաջ տանել մեր շահերի հաշվին: Նման բան 100 տարի առաջ էլ է եղել, դաշնակների ձեռամբ: Պատմություն կարդացեք ու կտեղեկանաք:
    Ես Հայաստանի քաղաքացի եմ ու ցավով եմ արձանագրում, որ իմ երկրում իմ երեխայի ապագան, մեղմ ասած, մշուշոտ է: Չեմ արտագաղթի: Բայց չեմ ուզում ինքնախաբեությամբ զբաղվել: Դուք նման բան եք անում, ուստի կրկնում եմ մեր այսօրվա իշխանությունն է բերել մի վիճակի, երբ Ռուսաստանը կարող է սեփական շահերը առաջ տանել մեր շահերի հաշվին:
    Ոչ շատ վաղ անցյալի դեպքերը հիշեցնեմ. Ռուսաստանը Հայաստանին պարտադրում էր զիջել Արցախը, որ ադրբեջանը դառնա ԵԱՏՄ անդամ: Մեր իշխանությունը դիմադրեց ու հաջողության հասավ: Իսկ այսօրվա իշխանությունը բացի սելֆի անելուց, այլ բանի ընդունակ չէ: Ու մեզ համար մեծ ողբերգություն է, որ մեր անվտանգության ու գոյության ՄԻԱԿ երաշխավորը մի երկիր է՝ Ռուսաստանը, որը սեփական շահերի սպասարկման տիրույթում բազում հոգսեր ունի եւ մի պահի կարող է մեր դեպքում մի քիչ ուշանալ: Ռուսաստանը սեփական շահը պահելով չի թողնի, որ ադրբեջանն ու թուրքիան ցամաքով միանան, բայց եթե ադրբեջանը կամ թուրքիան Սյունիքի մի գյուղում մի քանի հայի սպանեն՝ Ռուսաստանի շահը չի տուժի, մեզ համար ողբերգություն կլինի: Մեր իշխանությունը պիտի սրա մասին մտածեր, մարդասպան Սաֆարովին հերոսացնող Ալիեւին կիրթ ու կառուցողական չհամարեր ու նման մեղմ, ասած, հիմարություններ չաներ:

    • Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ says:

      Հարգելի Նարեկ, շնորհակալ եմ մեկնաբանության համար: Ձեր ուշադրությունը կհրավիրեմ երկու մեջբերման վրա՝ իմ նույն հոդվածից.
      1. «…Անխոս, Հայաստանի գործող իշխանություններն այնքան պատվազուրկ են, այն աստիճան են բոլորի հետ հարաբերությունները փչացրել, որ որեւէ մեկից աջակցություն չեն կարողանում ստանալ, եւ առհասարակ, անցյալ շաբաթ Հայաստանի սահմաններից ներս ադրբեջանական ներխուժման առիթով ՀՀ իշխանությունների պահվածքն ուղղակի խայտառակություն է…»
      2. «…Փաշինյանն, այսպես, թե այնպես հիմնական մեղավորն ու հիմնական պատասխանատուն է ստեղծած իրավիճակում, նրա գործունեության արդյունքում մենք կորցրել ենք Արցախի մեծ մասը, իսկ Հայաստանը դեպի աղետի է գնում…»:
      Իսկ ավելի հանգամանալից՝ ՀՀ իշխանությունների մեղավորության մասին՝ մայիսի 19-ի «Առավոտ»-ում կլինի: Ինձ համար կարեւոր էր արձանագրելը նաեւ, որ իշխանության մեղավորության մասին բոլորը խոսում են, դա արդեն ամենապոպուլյար գործն է հիմա: Շատերն են գիտակցում Փաշինյանի իշխանության մեղավորության աստիճանը: Իսկ ահա ՀՀ-ի ռազմավարական դաշնակցի պարտավորությունների մասին՝ չի կարելի խոսե՞լ, չի կարելի չէ արձանագրե՞լ, որ քանի օր է Ֆրանսիայի նախաձեռնությունը՝ ՄԱԿ մտցնել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության փաստով, ՌԴ-ն թույլ չի տալիս՝ Մուրադովի «մասնակցությամբ» երկար ձգվող ու բանակցություններով: Իմ կարծիքով, Փաշինյանի իշխանության լինելը ոչ մի կերպ չի արդարացնում Ռուսաստանի ոչ համարժեք պահվածքը: Թե՞ Փաշինյանի պատճառով ՀՀ ժողովրդին են անվերջ պատժելու: Դա՞ է ՌԴ-ի այսօրվա գերակա շահը:

  2. Նարեկ says:

    Շնորհակալություն արձագանքի համար
    Այո, դա է Ռուսաստանի այսօրվա շահը: Ես հրապարակումը կարդացել, նոր եմ մեկնաբանություն գրել: Դուք մեղադրում ենք Նիկոլին ու Ռուսաստանին: Ես ասում եմ՝ Նիկոլի իշխանությունն է բերել մի վիճակի, երբ Ռուսաստանը կարող է սեփական շահերը առաջ տանել մեր շահերի հաշվին:
    Ռուսաստանը իր շահերի համար ամեն ինչ էլ կանի, ու Ռուսաստանի պետքը չի ՀՀ քաղաքացին: Մեղադրենք Նիկոլին: ՈՒշագիր կարդացեք իմ գրառումը՝ Ռուսաստանը Հայաստանին պարտադրում էր զիջել Արցախը, որ ադրբեջանը դառնա ԵԱՏՄ անդամ: Մեր իշխանությունը դիմադրեց ու հաջողության հասավ:
    ՈՒժեղ եղիր, որ ուրիշները, այդ թվում քո ռազմավարական գործընկերը, քո հաշվին սեփական խնդիրները չլուծի: Ոչ Ռուսաստանը, ոչ որեւէ այլ երկիր ամենակարող չի: Բոլորն են ասում, որ այսօր Չեչնիայի նախագահ Քադիրովը ազդեցություն ունի Պուտինի վրա: Մենք եթե սրան չենք ձգտում, գոնե պիտի այնպես անենք, որ Պուտինը չորոշի մեր ապագան: Ռուսաստանին Հայաստանի տարածքն է պետք, անգամ եթե այդ տարածքում ապրի 1,5 ընտանիք: Ռուսաստանը ՀԱՅՐԵՆԱԿԻՑ եւ ամեն տեսակ նման ծրագրերով ու գործողություններով հարվածել է մեր շահին ու դա տեսնելով Նիկոլը այնպես է կառավարում, որ Ռուսաստանը դառնում է մի դեմք, որը կարող է սեփական շահերը առաջ տանել մեր շահերի հաշվին:
    Սա եմ ասում: Նժդեհ կարդացեք: Երեք մեջբերում Նժդեհից.
    Չի կարելի օգնել ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:
    Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես:
    Հայերի խնդիրն այն չէ, որ կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր:

    Հուսամ պարզ եմ շարադրել: Եթե ոչ՝ պատիվ կհամարեմ հետագա հնարավոր բանավեճը:

    Առողջ եղեք:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31