Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբեմն շների են բերում՝ աչքը հանած, գանգը փշրած, թաթը կտրած»․ Գյումրիում վերսկսվել  է ստերջացման ծրագիրը

Մայիս 16,2021 23:47

Գյումրիում վերսկսվել  է թափառող շների ստերջացման ծրագիրը։ Մրցույթը շահած «My vet» անասնաբուժական կլինիկայի աշխատակից Էդգար Գևորգյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ առաջին փուլում ստերջացրել են 950 թափառող շների,  350 շան համար էլ նոր պայմանագիր են կնքել Գյումրու քաղաքապետարանի հետ։

Մեր զրուցակիցն ասաց,  որ բնակիչները զանգահարում են թեժ գծին՝ ներկայացնելով, թե որ թաղերում են առավել շատ թափառող շները, զանգերը հերթագրում են ու դրանց հետքերով գնում նշված  հասցեներ, բերում շներին։ Ստերջացումից հետո 3 օր անց շներին վերադարձնում են նույն թաղամաս։

Թափառող կենդանիներին նախքան ստերջացումը  կլինիկայում հետազոտում են, անալիզներ վերցնում, նոր միայն կատարում  բուն վիրահատական միջամտություն։ 3 օր էլ տևում է հետվիրահատական խնամքը, եթե կենդանին իրեն լավ է զգում, տեղափոխում են այն թաղամաս, որտեղից բերել  էին, իսկ եթե առողջական վիճակը նորմալ  չէ, պահում են այնքան, որքան  անհրաժեշտ է։

Մեր դիտարկմանը, թե բանավեճի թունդ թեմա է դարձել  թափառող շներին կրակել-չկրակելու հարցը, շատերը սոցցանցերում  դժգոհում են, օրինակներ բերում, որ շները հարձակվում, վնասում են մարդկանց, մի՞թե այս դեպքում ստերջացումն է հարցի լուծումը,  մեր զրուցակիցն ասաց․ «Կրակելով ընդհանրապես հարց չի լուծվում, եթե մի թաղամասում կրակում են,  այդ նույն ժամանակահատվածում մի այլ թաղամասում բազմանում են, շարունակում են  հարձակվել մարդկանց վրա։ Կրակելով մարդուն չես պաշտպանում, կրակելու մեթոդը տարիների շարունակ կիրառվել է, արդարացված չէ․ կենդանին էլ բնության մի մասնիկն է, չի կարելի դաժան վերաբերվել։ Կարելի է նրանց վերացնել՝ աստիճանաբար՝ առանց ցավ պատճառելու, առանց նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի։

Մոտ ապագայում Գյումրին միանշանակ ունենալու է թափառող շների կացարան։ Ստերջացման առաջին նպատակը հետևյալն է․ ստերջացման միջոցով նրանց թիվը քչացնել ու նաև չթողնելը, որ բազմանան։

Ենթադրենք, թե  մեր քաղաքապետարանը կամ մի անհատ ուզի շների կացարան հիմնել, նրանց համար ավելի հեշտ կլինի կացարանում տեղավորել  500 կամ 1000 շուն, քան 4000-ից ավելի։ Մեր գերնպատակը սա է, իհարկե, ստերջացման միջոցով մենք չենք կարող մարդկանց անվտանգությունն ապահովել, բայց մենք կարող ենք այդ թիվը պահել նույն սանդղակի վրա՝  չթողնենք ավելանա, որ հետո  մարդիկ կարողանան հեշտությամբ կացարանի հարց լուծել։ Բարերար պիտի փնտրեն, 1 միլիոն դրամ ներդնող մարդիկ ավելի հեշտ կգտնվեն, քան 5 միլիոն։ Ինչքան կենդանիների  քիչ թիվ ունենանք, ավելի հեշտությամբ կլուծվի կացարանի հարցը։ Հիմա մեր գերխնդիրն է կենդանիների թվի կառավարումը, որ կարողանանք գոնե ունեցած թիվը պահպանել։

Ստերջացման արդյունքը շուտով կզգացվի։ Կացարաններում էլ  ստերջացված արուներին և էգերին կարող են  ընդհանուր մի տեղ հատկացնել, քանի որ ապահով են, խաչասերում չի լինի։ Իսկ եթե ստերջացված չլինեն ու տանեն կացարանում պահելու, դա նույնն է, թե բազմացման պրոցես սկսեն»։

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ստերջացումից հետո շների մոտ կատաղություն սկսվո՞ւմ է․ նման բողոքներ ևս հնչում են սոցցանցերում։

«My vet» կլինիկայի անասնաբույժ Արմինե Եղիկյանն ասում է․ «Կարող է վարքի փոփոխություն տեղի ունենալ, որովհետև կլինիկայում գտնվելու այս երեք օրերի ընթացքում շները մարդու կողմից տեսնում են հոգատարություն, խնամք, սեր, իսկ երբ դրսում փորձում են մարդուն մոտենալ,  հոգատարության փոխարեն ստանում են հարված։ Առաջին, երկրորդ, երրորդ հարվածը հանդուրժելուց հետո արդեն շունն ինքն է հարձակվում։  Թե՛ ստերջացած, թե՛ չստերջացված  կենդանու հարձակվելը մարդու վրա գալիս է մարդու փոխադարձ դաժանությունից։ Երբ շները ծնվում են, վայրի կենդանու նման մարդու վրա հարձակվելու  ստիմուլով չեն ծնվում, նրանք մարդուն չեն դիտարկում որպես զոհ, որպես սնունդ, ջունգլիներում չեն, նրանք ընտանի կենդանիներ են՝ մեզ հետ ապրող, մեզ ընկեր։ Դաժանության հետևանքով իրենք դառնում են կատաղած։ Նույն կատաղած շները, որոնցից շատ են բողոքել, 3-4 օր, երբեմն նաև 15 օր մեզ մոտ մնացել են, բացարձակ կատաղություն չենք նկատել»։

Արմինե Եղիկյանը նշում է, որ իրենց մոտ շատ դեպքերում տեղափոխում են  երկար ժամանակ ծեծված շների։

«Աղբանոցի մոտ, նկուղում ապրող շներն ագրեսիա չունեն, եթե մարդն ագրեսիա ցույց չի տալիս։ Այո, բողոքներ կան, որ ստերջացված կենդանիները դարձել են ագրեսիվ, այստեղ տեսել են սեր, հոգատարություն, դրսում անտարբերություն։ Լավ կլիներ, եթե  միայն անտարբեր լինեին մեր քաղաքացիները, դաժան ծեծի են ենթարկում, հարվածում։ Եկեք գնանք տեսնենք մի շան, որը երկար ժամանակ կոնտակտի մեջ չի մտնում, որովհետև երկար ժամանակ ծեծվել է։ Կերը դնում ես, չի ուտում, մեծ շուն է, իր չափերի պատճառով միշտ խփել են», -ասաց անասնաբույժը։

Կլինիկայի աշխատակիցներն ասում են՝ ծեծված շների գերակշռող մասը մեծ չափերի են, հենց նրանք են վախ առաջացնում մարդկանց մոտ։ Տեսնելով մեծ շների՝ մարդու մոտ սկսվում է ինքնապաշտպանական բնազդ։

Նրանք պատմում են, որ երբեմն հեռախոսազանգերով մեծ շանը ներկայացնում են որպես առյուծ, որը իբր հարձակվում է, բայց բերում են կլինիկա, նրանք ոչ մի ագրեսիվ վարքագիծ չեն դրսևորում։

«Մարդկային դաժանությունը սահման ու չափ չունի, երբեմն բերում ենք կենդանիների՝ աչքը հանած, գանգը փշրած, թաթիկը կտրած, ամորձին է պոկած՝ վերքով, մատը կտրած, որովայնը ճղած։ Թաթիկի վրայից մեքենայով անցել են։

Վերջերս վեց ամիս առաջ ստերջացված շանը բերեցին, մի ամիս պահեցինք, 40 կիլոգրամանոց  շուն է, մատակարարը եկել է,  բեռնատար մեքենայով կանգնել է կենդանու աջ թաթի վրա՝ հինգ րոպե։ Երբ կերակրող մարդը զայրացել է, թե ինչու ես անում, ասել է՝ դրսի շուն է, բան չի լինի։ Կենդանու թաթիկն ամպուտացման եզրին էր, մի ամիս պահեցինք, փրկեցինք, մատները լրիվ փշրված էր։ Կենդանին ոչ մի ագրեսիա ցույց չէր տվել թե՛ մատակարարի,  և թե՛ որևէ մեկի հանդեպ։ Բայց կարո՞ղ էր դառնալ  չէ ագրեսիվ, միգուցե հենց մեքենա  տեսնի, պիտի գնա, անվադողը բռնի, կծի։

Անի թաղամասում՝ 11 փողոցի վրա  կա մի շուն՝ թաթիկը լրիվ ջնջխված։ Ինչքան ծեր մարդ տեսնի, նստում է , թաթիկը ցույց է տալիս ու խնդրում է իրեն օգնել։ Հենց հիմա մեր մոտ շուն կա՝ աչքը հանած, ու ինչքան նման դեպքեր։ Ես եմ  ներկա եղել, երբ ծնողը երեխայի հետ քայլելիս շուն են տեսել, երեխան ուրախացել է, իսկ ծնողը խորհուրդ է տվել՝ քարը վերցրու, տուր գլխին։ Քանի անգամ են էդպես խփել, աչքն է ելել, ականջն է կտրել, գլուխն է ջարդել։ Մենք մենակ խոսում ենք, թե շունը կծեց, բայց ինչի՞ հետևանքով կծեց։ Ես չպիտի ագրեսիա ցույց տամ, որ  շունը իմ հետևից մյուս մարդկանց ագրեսիա ցույց չտա»,-ասում է Արմինե Եղիկյանը։

Անասնաբուժական կլինիկայի աշխատակիցները երբեմն զարմանում են հնչած հեռախոսազանգերից, բնակիչներն առաջարկում են կենդանիների ատամները քաշել, ոչ թե սեռական օրգանները հեռացնել։ Երբեմն զանգում, բողոքում են, որ շունն աղբարկղից տակդիր է  տարել  իրենց դռան մոտ, պահանջում են՝  արագ եկեք, տարեք շանը։ Նույնիսկ նման մի զանգ է հնչել, թե չե՞ք կարող շանն այնպիսի մի դեղ տալ, որ կուլ տա, մեր հարևանի վրա հարձակվի։

Իհարկե,  ըստ կլինիկայի աշխատակիցների, վերջերս հեռախոսազանգերի բնույթը փոխվել է, մարդիկ սկսել են հետզհետե հասկանալ, որ իրենք միայն ստերջացմամբ են զբաղվում։

Եղել են դեպքեր, երբ կլինիկայի աշխատակիցները գնացել են ահազանգի հետքերով, ականատես դարձել, թե  ինչպես են  հարևանները կռիվ  տալիս  «Սևո» շան պատճառով, մեկն ասում է՝ չհամարձակվեք տանել ստերջացման, մյուսն անիծում է հարևանին։

Երբեմն մեղադրանքներ են հնչում, թե ստերջացումից հետո շները բազմանում են։  «My vet» կլինիկայից պարզաբանել են նաև այս հարցը։

Այս մասին՝ ավելի ուշ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31