Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Արցախի օկուպացված տարածքներից տեղահանված բնակիչներին

Մայիս 16,2021 22:29

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ այցելել եմ Արցախի օկուպացված տարածքներից տեղահանված և Վանք, Առաջաձոր, Չարեքտար համայնքներում ապաստանած մեր հայրենակիցներին։

Տեղահանված բնակիչներին հուզող ամենաառաջնային հարցերի շրջանակը ընդգրկում է Արցախի անվտանգությանը, կանխատեսելի ապագային, տեղահանված բնակչությանը կացարաններով և աշխատանքով ապահովելու և սոցիալական խնդիրներին առնչվող հարցերը, որոնք համակարգված առաջարկների տեսքով ներկայացնելու եմ ոլորտային պատասխանատու մարմիններին։

Անմիջական զրույցներում վեր են հանվել սոցիալական և քաղաքացիների կենսապայմանների հետ կապված խնդիրներ, որոնք քաղաքացի-պետական կառավարման համակարգ կոորդինացված հարաբերությունների դեպքում հեշտությամբ կարող են ստանալ իրենց լուծումները։

Պետք է արձանագրենք նաև, որ տեղահանված բնակիչների կարիքներին վերաբերող տեղեկատվության փոխանակման ճիշտ կազմակերպման անհրաժեշտություն կա, որի ապահովման դեպքում պետական համակարգը առավել օպերատիվ և թիրախային կարող է գտնվել և այդպիսով լուծումներ գտնել բազմաբնույթ հարցերի։ Որևէ պարագայում քաղաքացին միայնակ չպետք է մնա իրեն պատուհասած խնդիրների հետ։

Տեղահանված բնակչության կենսապայմանների բարելավմանն ուղղված պետական աջակցությունը չպետք է ուշանա, որոհետև որոշ դեպքերում քաղաքացիները ապրում են այնպիսի դժվարին պայմաններում, որտեղ պահպանված չեն նվազագույն կենսապայմանները, անգամ անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ պայմանները։

Որպես խոցելի խմբի՝ տեղահանված բնակչության խնդիրները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում, նրանց հետ պարբերական հանդիպումները մեզ համար առաջնահերթություն են, քանի որ դա լավագույն մեթոդն է տեղում ծանոթանալու խնդիրներին, քննարկելու այս կամ այն խնդրի լուծման ուղիները և դրանք բարձրաձայնելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների առջև։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31