Լրահոս
Օրվա լրահոսը

Ասել, որ Հայաստանն այսօր հայտնվել է ծանրագույն քաղաքական ճգնաժամի առջև, կնշանակի ոչինչ չասել․ Արման Մուսինյան

Մայիս 16,2021 22:08

ՀԱԿ անդամ Արման Մուսինյանի ամբողջական ելույթը «Հայ ազգային կոնգրեսի» այսօրվա համագումարում

Համագումարի հարգելի ներկաներ,

Ասել, որ Հայաստանն այսօր հայտնվել է ծանրագույն քաղաքական ճգնաժամի առջև, կնշանակի ոչինչ չասել: Հատկապես արցախյան վերջին պատերազմում կրած պարտությունից հետո, մեր երկիրը հասել է մի վտանգավոր եզրագծի, որից այն կողմ այլևս գոյաբանական մարտահրավերներ են. Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և մեր ազգի հավաքական գոյությունն այս հողի վրա: Իրականությունն ավելի մռայլ է դառնում, երբ տեսնում ենք, թե ովքեր են այսօր հավակնում, իբրև թե, լուծելու այդ մարտահրավերները, բայց իրականում՝ իշխանություն են ուզում բացառապես անձնական մոտիվներից ելնելով:

Նախևառաջ, օրվա իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ: Այս իշխանությունն ունի, ըստ իս, երեք բնութագրիչ, որոնք համակցության մեջ նրան դարձրել են մի իսկական փորձանք մեր երկրի ու ժողովրդի գլխին:

Առաջին. Կառավարման ունակությունների բացարձակ բացակայությունը, որոշում կայացնելու և իրագործելու անկարողությունը, ինչպես նաև քաղաքական մանկամտությունը, եթե չասենք տհասությունը: Երկրում առկա ինչ խնդրի էլ, որ այս կառավարությունը դիպել է, ոչ միայն չի լուծել, այլև ավելի է խճճել, հարամել, փչացրել ու ձախողել այն: Դրա վառ օրինակներն են Մարտի 1-ի գործի բացահայտումը, Սահմանադրական դատարանի ճգնաժամը, դատական և կրթական համակարգի, ինչպես նաև Փաշինյանի՝ պարբերաբար ահազանգած ինստիտուցիոնալ կաթվածի հիմնախնդիրները։

Էլ չխոսած կործանարար արտաքին քաղաքականության մասին: Ինչին դիպել են, ինչպես ժողովուրդն է ասում՝ ունքը շինելու տեղն աչքն էլ են հանել: Վերը թվարկված ու մնացյալ բոլոր խնդիրների լուծման հարցում իշխանությունը թաշկինակ պես դիրքորոշում է փոխել: Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նախարարությունների վերածելու գաղափարը մեկ սխալ էր, հետո դարձավ ճիշտ, հետո կրկին դարձավ սխալ։ Նախագահական կառավարման համակարգը մեկ կործանարար էր համարվում, մեկ էլ պարզվեց առավել արդյունավետն է։ Մեկ ճիշտ էր Ամուլսարը շահագործելը, հետո պարզվեց՝ սխալ էր, հիմա կրկին ճիշտ է։ Մեկ դատավորներին վեթինգի էր պետք ենթարկել, մեկ էլ պարզվեց, որ դրա կարիքը չկա: Մեկ Արցախն առանձին պետություն էր, որ պետք է մասնակցեր բանակցություններին, մեկ էլ պարզվեց, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Եվ այսպես շարունակ։

Իսկ ինչ վերաբերում է քաղաքական տհասությանը, տեղին է հիշել այս իշխանության և հատկապես նրա ղեկավարի արտահայտած մտքի մի քանի գոհարներ: Մասնավորապես․ որ իրականում ճիշտը սխալվելն է, և սխալվելն է հաջողության գրավականը, որ եթե պարտվենք, մեզ պարտված չպետք է համարենք, որ մեզ չի հետաքրքրում հնարավորը, մենք անհնարինն իրագործող ժողովուրդ ենք, որ թշնամությունը պետք է կառավարել և այլն: Մտքեր, որոնք քաղաքական հետևանքների առումով կործանարար են, իսկ բանականության տեսանկյունից կատարյալ ցնդաբանություններ:

Երկրորդ․ քաղաքական և, եթե կուզեք, բարոյական ու մարդկային պատասխանատվության զգացման բացարձակ բացակայությունը և դրանից ամեն գնով խուսափելը: Բոլոր իր ձախողումների համար Փաշինյանն ունի պատրաստի մեղավորներ: Դա կարող է լինել իր թիմակիցը, նախկինները, ԶԼՄ-ները, միջազգային հանրությունը, մի խոսքով բոլորը, միայն ոչ ինքը: Անպատասխանատվության ամենացցուն օրինակներն, իհարկե, պատերազմյան և հետպատերազմյան շրջաններին են պատկանում: Պատերազմում իր պարտության համար Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով մեղադրեց բանակին, ժողովրդին, նախկիններին, միջազգային հանրությանը, իրեն «համեստաբար» դնելով նրանց շարքում՝ հավասարը հավասարի, այնինչ՝ տարրական բարոյականություն, ազնվություն և պետական մտածողության նշույլ ունեցող որևէ անհատ ծնկաչոք ներողություն կխնդրեր և հավիտյան կչքվեր իր ժողովրդի աչքից:

Երրորդ՝ անելիքի բացակայությունը։ 2018-ի իշխանափոխությունից հետո այս կառավարությունն այդպես էլ ունակ չեղավ ձևակերպել իր անելիքը, հասարակությանը չներկայացրեց գեթ մեկ ամփոփ ծրագիր, բարեփոխումների որևէ հայեցակարգ: Փոխարենը, գրեթե բառացի պատճենեց Սերժ Սարգսյանի կառավարության ծրագիրը, մեկ-երկու բացառությունը չհաշված, չձեռնարկեց ռեալ բարեփոխումներ որևէ ոլորտում, հասարակությանը հրամցրեց միայն ականջահաճո «նպատակներ», որոնք բանական մարդու համար կարող էին ընկալելի թվալ միայն որպես կոմեդիայի ժանրի նմուշներ: Մի խոսքով, այս կառավարության կողմից բացառապես ձեռնարկվում էին քայլեր, որոնք բխում են ոչ թե երկրի առջև ծառացած խնդիրներից, դրանց խելամիտ ախտորոշումից ու դրանք լուծելու պետության կարողություններից, այլ պայմանավորված էին միմիայն անձնական փառքի ու ամբոխահաճության մոտիվներով:

Իսկ երբ իշխանության ղեկին նստածն անելիք չունի, անխուսափելիորեն տեղի է ունենում հետևյալը․ նախ, անձը կառչում է աթոռից, իշխանությունն իր համար դառնում է նպատակ, այլ ոչ թե միջոց՝ ծառայելու պետությանն ու քաղաքացիներին: Ինչի ականատեսն ենք հատկապես նոյեմբերի 10-ից սկսած: Երկրորդ հետևանքը պետական կառավարման համակարգի, ուժային կառույցների, դիվանագիտության կաթվածահար լինելն է, ինչի ականատեսն ենք այսօր և ինչի ականատեսն էինք նույնիսկ պատերազմից առաջ: Որովհետև պետական համակարգը չի կարող կենսունակ մնալ, եթե իր առջև դրված չեն կատարման ենթակա հստակ խնդիրներ, կամ այդ խնդիրները փոխվում են շաբաթը մեկ: Անելիքի բացակայության հաջորդ անխուսափելի հետևանքն աստիճանաբար կոռուպցիոն գայթակղություններին տրվելն է, որի նշաններն արդեն վաղուց երևում են և այս իշխանության վերարտադրման պարագայում ավելի են ուժգնանալու:

Եվ վերջապես ղարաբաղյան քաղաքականության Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի գործած ամենամեծ հանցանքի մասին։ Նիկոլ Փաշինյանն ու նրան պաշտպանելու փորձ անողները նշում են, որ ղարաբաղյան հարցում այս իշխանությունը ստացել է ծանր ժառանգություն։ Անկասկած, այդպես է, երկու կարծիք լինել չի կարող։ Նախկին երկու հանցավոր վարչակարգերը, առաջնորդվելով ոչմիթիզականության ու կեղծ հայրենասիրության սնանկ գաղափարներով, ինչպես նաև գլխավորելով կոռուպցիան ու թալանը, մեր պետությունն ու ղարաբաղյան հակամարտության բանակցություններն իսկապես հասցրել էին վտանգավոր հանգրվանի։

Բայց սա ոչ թե առիթ պետք է լիներ Նիկոլ Փաշինյանի համար՝ Հայաստանի ղարաբաղյան քաղաքականությունը շիլափլավի վերածելու, բանակցությունները սեփական կետից սկսելու, մյունխենյան սկզբունքներ երկնելու, հակառակորդի հետ հեգնական, ու սպառնալից խոսելու, դաշնակիցների հետ հարաբերությունները փչացնելու, իսկ դաժան պարտությունից հետո նույն այդ ծանր ժառանգությանը, որպես արդարացում, հղում անելու։ Հակառակը, եթե ստացել ես ծանրագույն ժառանգություն, ուրեմն բոլոր քայլերդ պետք է լինեն տասնապատիկ զգույշ, հաշվարկված ու իրատեսական։ Պատկերավոր ասած՝ եթե մտնում ես խարխուլ տնակ, որևէ պարագայում կտրուկ շարժում չես անի, ուր մնաց թե գլխին երկրորդ հարկ կառուցես։ Կկորցնես և՛ նորակառույցը, և՛ խարխուլ տնակը։

Նիկոլ Փաշինյանը փոխարենն արեց այս միակ բանական մոտեցման ուղիղ հակառակը։ Հասկանալով (իր իսկ խոստովանությամբ), որ Հայաստանը կանգնած է ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման առջև․կա՛մ ստատուս-քվոն արտացոլող, բայց իր համար անընդունելի կարգավորման ծրագրի ստորագրմամբ, կա՛մ պատերազմի միջոցով, նա կայացրեց մեր պատմության նոր շրջանի, թերևս, ամենահանցավոր ու կործանարար որոշումը, այն է՝ սադրել պատերազմ՝ ստատուս քվոն հօգուտ Հայաստանի փոխելու նպատակով։ Նիկոլ Փաշինյանի գործողությունների որևէ այլ բանական բացատրություն չկա։ Դա է հաստատում նրա իշխանության որդեգրած «նոր պատերազմ, նոր տարածքներ» դոկտրինը, դա է հաստատում նախապատերազմյան շրջանի իշխանական քարոզչությունը, դա է հաստատում նաև այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն ուներ մի քանի ռեալ հնարավորություն՝ պատերազմն ավելի վաղ կանգնեցնելու և չարեց դա՝ մեր ազգին տանելով դաժան ու արյունալի պարտության։ Ինչի համար արժանիորեն վաստակեց ազգակործան պատուհասի հավերժ խարանը։

Եվ հիմա, ազգի ու պետության գլխին այս աղետը բերելուց հետո, Փաշինյանը դեռ հանդգնում է կրկին իշխանության հայտ ներկայացնել՝ հասարակության հետ խոսելով իր ձեռքի տակ մնացած միակ զենքով՝ նախկինների վերադարձի շանտաժով։ Իրականում, նախկինները և Նիկոլ Փաշինյանը դաշնակից են՝ միմյանց թթվածինը, էներգիայի աղբյուրը։ Էլ չասած, որ պահանջատիրության, հայդատականության, ոչմիթիզականության ու հասարակությանը ստելու հարցերում նրանք սիամական երկվորյակներ են։ Բայց մեր ազգն անմեղսունակների ու հանցագործների միջև այս երկընտրանքի պատանդը չի կարող մնալ։ Հետևաբար, մեր պարտքն է անել ամեն ինչ՝ այդ երկու դաշնակից ուժերին էլ մեր արնաքամ եղած պետության ղեկից հեռու պահելու համար։

Շնորհակալություն։

Ելույթի տեսքստը՝ «Իլուր»-ից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31