«Հայ ուսանողությունը՝ ազգային վերածննդի առաջամարտիկ» խորագրով համահայկական ուսանողական խորհրդաժողովի մասնակիցների հայտարարությունը
- Հաշվի առնելով 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո ձևավորված ծանր իրադրությունը,
- Շեշտադրելով այդ պայմաններում հայության բոլոր խմբերի պատասխանատվությունը Հայաստանի և Արցախի հանրապետությունների ապագայի և սերունդների առաջ,
- Գիտակցելով հայապահպանության մարտահրավերները սփյուռքում և դրանց դիմակայելու անհրաժեշտությունը,
- Արժևորելով Հայրենիք-Սփյուռք կապերի դերը հայկական երկու պետությունների զարգացման և հզորացման գործում,
- Համոզված լինելով, որ այսօր հայության բոլոր խմբերը պարտավոր են հստակեցնել իրենց անելիքը՝ ի շահ մեր հայրենիքի ու ժողովրդի,
- Հիմք ընդունելով ուսանողության՝ որպես առաջմղիչ ուժի կարևոր դերը համազգային օրակարգ մշակելու և կենսագործելու հարցում,
- Հայտնելով մեր պատրաստակամությունը՝ առավելագույնս օգտակար լինելու մեր վտանգված հայրենիքին ու ժողովրդին՝
Մենք՝
2021 թվականի մայիսի 15-ին 25 պետությունների հայ ուսանողների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած «Հայ ուսանողությունը՝ ազգային վերածննդի առաջամարտիկ» խորագրով համահայկական ուսանողական խորհրդաժողովի մասնակիցներս հայտարարում ենք․
Մենք ամենայն խորությամբ ընկալում ենք մեր պատասխանատվությունը ներկա դժվարին պայմաններում և պատրաստակամ ենք միավորել մեր ջանքերը՝ Հայաստանի ու Արցախի հանրապետություններին աջակցելու և առկա մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ:
Գիտակցում ենք, որ հայ ուսանողությունն իր ներուժով ընդունակ է էական ազդեցություն ունենալու մեր հայրենիքի ու ժողովրդի դեմ սանձազերծված հետպատերազմյան տեղեկատվական պայքարում՝ սատար կանգնելով մեր ժողովրդի արդար դատին:
Կարդացեք նաև
Համոզված ենք, որ հայ ուսանողությունը ընդունակ է աջակցելու հայապահպանության մարտահրավերների չեզոքացմանը և համատեղ ծրագրերի իրականացմամբ նպաստելու հայ ինքնության ամրապնդմանն ու արժևորմանը գլոբալիզացիայի դարաշրջանում:
Մենք հավատարիմ ենք մեր հազարավոր անմահացած եղբայրների հիշատակին և ամենուր՝ Հայրենիքում թե Սփյուռքում, պայքարելու ենք Արցախի հանրապետության անկախ գոյությունը պաշտպանելու և սահմանների անվտանգությունն ամրապնդելու համար:
Այսուհետ մեր ուշադրության կենտրոնում մեր վտանգված հայրենիքն ու ինքնությունն են լինելու, որոնց մենք պաշտպանելու ենք համատեղ ծրագրեր կազմելով և իրագործելով:
Վստահ ենք, որ ստեղծված իրավիճակում հայրենադարձությունը մեծագույն անհրաժեշտություն է Սփյուռքի և Մայր Հայրենիքի համար, ուստի մեր խնդիրն է լինելու հայրենադարձությանը և ազգահավաքին նպաստելը:
Մենք ամենուր մեր համագործակցությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր պայքարում են հայության իրավունքների պաշտպանության համար:
Մենք՝ հայրենաբնակ և աշխարհասփյուռ հայ ուսանողության ներկայացուցիչներս, աջակցելու ենք Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացմանը՝ որպես Հայաստանի ու Արցախի հանրապետությունների հզորացման և Սփյուռքում հայապահպանության արդյունավետ իրականացման անհրաժեշտ գրավական:
***
Հիշեցնենք, որ «Հայ ուսանողությունը՝ ազգային վերածննդի առաջամարտիկ» խորագրով համահայկական ուսանողական խորհրդաժողովը անցկացվել է 2021 թ. մայիսի 15-ին ԵՊՀ Սփյուռքագիտության ամբիոնի ուսանողների նախաձեռնությամբ և նպատակ ուներ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների և Հայկական Սփյուռքի ուսանողների մասնակցությամբ քննարկել աշխարհասփյուռ հայության համար օրակարգային հարցերումհայ ուսանողության նաելիքները՝ հստակեցնելով համատեղ իրականացվելիք ծրագրերը և ձևավորելով համահայկական ուսանողական առցանց հարթակ։
Խոհրդաժողովին մասնակցել են ուսանողներ Հայաստանի և Արցախի հանրապետություններից ու աշխարհի 25 պետություններից։