Ի տարբերություն խանութից գնածի՝ տնական մայոնեզը չի պարունակում ոչ մի քիմիական հավելում, կոնսերվանտներ, գույնի եւ համի կարգավորիչներ, բարելավիչներ եւ այլն: Իսկ եթե օգտագործեք նաեւ թարմ եւ բարձրորակ մթերքներ, այս մայոնեզը կարող է նույնիսկ ոչ միայն շատ համեղ լինել, այլեւ՝ օգտակար: Մայոնեզի հիմքի վրա կարող եք պատրաստել նաեւ թարթար թանձրուկ, որը մատուցվում է հիմնականում ձկնեղենի հետ:
Անհրաժեշտ մթերքները
Ձվի դեղնուց- 2 հատ
Մանանեխ-1-2 թեյի գդալ (մանանեխի քանակը կախված է ձեր ճաշակից, կարող եք նույնիսկ կես գդալ ավելացնել)
Կարդացեք նաև
Բուսական յուղ- 200 մլ
Կիտրոնի հյութ կամ սպիտակ քացախ-1-2 ճաշի գդալ
Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կարող եք ինչպես հարիչով (միքսերով) պատրաստել, այնպես էլ ձեռքի կամ սովորական կոտորակիչով (բլենդեր): Իսկ եթե ժամանակ, ուժ եւ ցանկություն ունեք, սովորական հարիչը՝ ոչ էլեկտրական (венчик), նույնպես բավական է:
Սկզբում ձվի դեղնուցը լավ հարեք մանանեխի եւ աղի հետ: Ապա բարակ շիթով քիչ-քիչ ավելացրեք բուսական յուղը: Եթե ձեռքի կոտորակիչով եք պատրաստում, կարող եք միանգամից լցնել բուսական յուղի կեսը, հարել, ապա լցնել մյուս կեսը, նորից հարել:
Երբ միատարր զանգված դառնա, ավելացրեք քացախը կամ կիտրոնի հյութը, մի քիչ էլ հարեք եւ վերջ, մայոնեզը պատրաստ է:
Թարթար թանձրուկի համար արդեն պատրաստի մայոնեզին պետք է ավելացնել 1-2 հատ մանր կտրատած մարինացված վարունգ, եթե գտնեք՝ 1 ճաշի գդալ մարինացված կապար (каперсы), 1-2 ճյուղ մանր կտրատած սամիթ եւ սեւ պղպեղ:
Մանրամասները՝ տեսանյութում
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ