Առաջիկա արտահերթ ընտրություններին շատ ենք լսում, որ այլընտրանք չկա, մարդիկ պետք է ընտրեն կա՛մ նախկիններին, կա՛մ գործող իշխանություններին: Մարդկանց այդ այլընտրանքը տալու համար Հայկական բանակի փայլուն զինվորականներից մեկը՝ ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հիմնադրած Ալեքսան Մինասյանը որոշել է իր «Վերելք» կուսակցությամբ մասնակցել ընտրություններին՝ ցույց տալու, որ ամեն ինչ կորած չէ: Ստորեւ ներկայացնում ենք «Առավոտի» զրույցը՝ լեգենդար գնդապետի հետ:
– Պարոն Մինասյան, զինվորականի տեղը, ասում են՝ ռազմադաշտն է: Ի՞նչն է դրդել մտնել քաղաքականություն:
– Նախ, այսօրվա քաղաքական գործիչների վարած քաղաքականության շարունակությունը բերում է պատերազմի: Բացի այդ, ես քաղաքական գիտությունների թեկնածու եմ եւ ասել, որ որեւէ մեկը ավելի շատ բան գիտի քաղաքականության մասին, քան ես՝ սխալ կլինի: Երկրի ղեկավարը, ինչ խոսք, կարող է լինել նաեւ լեզվաբան, բայց այս ճգնաժամային իրավիճակում ռազմաքաղաքական գործչի որոշումներ են մեզ պետք, դա այլընտրանք չունի: Իսկ ռազմական ակադեմիան ոսկե մեդալով ավարտած մարդու ու քաղաքական գիտությունների թեկնածուի համադրությունը այս իրավիճակը հաղթահարելու համար ուղղակի անհրաժեշտություն է: Զինվորականն ունի որոշակի տեղեկատվություն, որի վրա պետք է կառուցվի քաղաքականությունը, իսկ այսօր մեր մոտ քաղաքականությունը կառուցվում է տրամադրության թելադրանքով՝ առանց տեղեկատվության տիրապետելու: Կառուցում են՝ չունենալով հիմքեր, որն անընդունելի է:
Կարդացեք նաև
– Այսինքն, դուք ուղնուծուծով մեր հայրենիքը գիտեք, գիտեք բացերը, թերությունները ու ունեք նաեւ այդ խնդիրները լուծելու բանալի՞ն:
– Իհարկե, ես անգամ մեր երկրի սահմանները ոտքով եմ անցել, որը ոչ մեկը չի անցել: Ոչ մեկը չի կարող գլուխ գովել, որ ամբողջ սահմանագծով ոտքով անցած լինի: Ես ամբողջ սահմանագծով ոտքով անցել եմ, 293 կմ՝ Նախիջեւանի կողմով, 311 կմ՝ այս կողմով, այնպես որ ես անգամ գիտեմ՝ որ քերծի տակ ինչ զենք ու զինամթերք ունենք, որը, իհարկե, հրապարակման ենթակա չէ, անգամ գիտեմ, թե որը տեղին ու որը անտեղի է դրված: Տեղեր կան, որ մենք սխալ ենք դրել ռազմական սարքերը, տվյալ տեղանքին չեն համապատասխանում: Ես պատահական չէ, որ ասում եմ՝ մենք ռազմական թատերաբեմը լավ չենք հասկանում:
Անում ենք այն, ինչ անհրաժեշտ է անել, օրինակ, հարթավայրային տարածքում, որովհետեւ մենք 40-ականների մարտական կանոնագրքով ենք դեռ շարժվում: Էլ չեմ ուզում խոսել կազմակերպվածության մասին: Դուք երեւի կզարմանաք, բայց մեր կազմակերպվածությանը խանգարում է մեր դաստիարակությունը: Ինչպիսի մտածելակերպ պետք է ունենա հայ մարդը, որ կարողանա դիմագրավել թե՛ բանակային պրոբլեմներին, թե՛ սոցիալական, թե՛ միջազգային: 30 տարի մենք բավարար ուշադրություն դարձրե՞լ ենք դրա վրա: Իհարկե՝ ոչ: Մեր կրթությունը պետք է բերվի գործնական դաշտ, որովհետեւ տեսական գիտելիքները ստանում են, գնում այլ երկիր: Պրակտիկ գիտելիքները շատ ավելի արժեքավոր են:
– Ովքե՞ր են ձեր թիմում, որովհետեւ շատ լավ լիդերն անգամ, մտնելով քաղաքականություն, պետք է իր հետեւում թիմ ունենա:
– «Վերելք» կուսակցության խորհրդում ու մեր ցուցակի առաջին 20-30 տեղերում հիմնականում գիտնականներ են, մարդիկ, ովքեր իրենց ոլորտների արհեստավարժներ են՝ սկսած ֆինանսական ոլորտից մինչեւ դեղագործություն: Մենք հայտնի մարդկանց չենք ներգրավել, առաջարկներ եղել են: Մենք ուզել ենք, որ ամեն ինչ մնա «ստերիլ» վիճակում, որովհետեւ եթե մարդը, օրինակ, հայտնի ձեռներեց է, նա հաստատ կյանքի ընթացքում «կեղտոտվել» է: Ես ասել եմ՝ եթե անգամ ձեռքս խառնվի կոռուպցիայի մեջ, ես այն կտրելու եմ, երդվում եմ: Մենք հավաքել ենք կիրառական գիտելիքներ ու փորձ ունեցող մարդկանց: Որովհետեւ թղթի վրա զուտ համալսարաններ ավարտած լինելը մեզ ոչ լավ պաշտպանություն է տալու, ոչ էլ տնտեսություն:
Ակնհայտ է, որ անվտանգային խնդիրների լուծումն այսօր առաջնահերթ է մեր երկրի համար: Ես առաջին լեյտենանտի ուսադիրն եմ տվել ՀՀ-ի, կատարել եմ առաջին պարաշյուտադեսանտային թռիչքը, մասնակցել եմ մեր բոլոր պատերազմներին: Բացի այդ, Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան ավարտել եմ ոսկե մեդալով ու ոսկե տառերով այսօր իմ անունը գրված է ՌԴ-ի այդ ակադեմիայի պատին: Մոնթե Մելքոնյանի վարժարանը ստեղծելիս մենք կարողացել ենք այնպիսի որակ ստեղծել, որ անգամ մեր սաները սահման մեկնելիս վախ էին առաջացնում հակառակորդի մոտ: Հիմա մենք ուզում ենք վերականգնել դա: Այս բանակը ի զորու չէ պաշտպանելու Հայաստանը:
Մեր բանակը պետք է լինի հաղթող: Գիտեք, իմ սաներից երեքը դարձան ազգային հերոսներ: Դա հենց դաստիարակությունից է: Եթե չունենային այդ դաստիարակությունը, որ պետք է սիրեն իրենց հայրենիքը ու պիտի փակեն թշնամու ճանապարհը իրենց կյանքի գնով՝ չէին անի դա: Բայց իրենք երազում էին հայրենիք: Այդ երազանքների հայրենիքը ո՞վ պետք է իրագործի: Ես իմ սաների պարտքը պիտի տամ, այն, որ իրենք կիսատ են թողել, ես պիտի իրենց երազած հայրենիքը ստեղծեմ: Այստեղ միանշանակ դնելու եմ իմ կյանքի փորձը ու իմ ողջ գիտելիքները, որ ձեռք եմ բերել:
– Ըստ ձեզ, ովքե՞ր պետք է ձեր կուսակցությանը ձայն տան, նկատի ունեմ՝ ձեր ընտրազանգվածը ո՞րն է: Մի կողմից Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ ինքը հաղթանակած նախագահ է եւ ունի կառավարման փորձ, մյուս կողմից Նիկոլ Փաշինյանն ասում է, որ նախկիններին մերժել են, ինքն ունի բարձր վարկանիշ, դուք այս ընտրազանգվածի ո՞ր մասն եք հավակնում վերցնել:
– Հիմնականում հավակնում եմ այն մարդկանց քվեին, որոնք այսօր չեն հավատում ոչ ոքի՝ ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին: Ես փորձելու եմ վերականգնել հավատը: Նախկիններին չեն հավատում, որովհետեւ տեսան, որ սահմանները 30 տարի ռետինե անվադողերով ու պահածոների տուփերով էին պաշտպանում: Մենք տեսել ենք ինչ են արել իրենք, թող հներից ոչ մեկը գլուխ չգովի: Նորը գուցե չհասցրեց, բայց նորի մոտ թիմային խնդիրներ լուծելու կարողությունը իսպառ բացակայում էր, կիրառական մաս չկար: Զուտ տեսական գիտելիքներով եկան Հարվարդն ավարտածներ, բայց պրակտիկ գործունեության մեջ տապալեցին:
– «Վերելքը» նոր ուժ է, շատ կարճ ժամանակ է մնացել քարոզարշավի համար, ունե՞ք հաշվարկներ, թե քանի՞ տոկոս ձայն կհավաքեք:
– Մեզ լոկ մանդատներ պետք չեն: Ակնկալում ենք, որ երկրորդ փուլում մենք կլինենք առաջատարը: Ժամանակն իրոք կարճ է, բայց մենք հուսով ենք, որ մեր էներգետիկ ռեսուրսի հաշվին կկարողանանք հանդիպել բնակչության 20%-ին՝ տեղային հավաքների, հանդիպումների տարբերակով: Կփորձենք նայել մարդկանց աչքերի մեջ, որովհետեւ ի տարբերություն այլոց, մենք մեր քաղաքացիների աչքերի մեջ նայելիս ամաչելու ոչինչ չունենք: Ես անձամբ ոչ մի վատ բան չեմ արել, իմ կենսագրության մեջ չեք գտնի մի կետ, որի համար գլուխս կախեմ: Ես տվել եմ հայրենիքիս՝ ինչ կարողացել եմ: Իմ առավելությունը հենց դրանում է: Եթե մեկը կօգտվի Հայաստանում, որը կփորձի ասել, թե ես մի զինվոր եմ բաց թողել, մի լիտր բենզին եմ վաճառել, կամ 1 կգ մակարոն՝ ես Հայաստանից կգնամ:
– Ֆինանսական ռեսուրսները որտեղի՞ց եք գտել, որովհետեւ ցանկացած նոր ուժի հետեւում փնտրում են ինչ-որ մեկի «ականջները»:
– Ես չեմ թաքցնի, ինձ գերտերությունների կողմից առաջարկներ են եղել ամսական 20-30 հազար դոլար տալ, պարզ ասեմ՝ անգամ օդանավակայանում ինձ փող են առաջարկել: Իրենք իմ դոսյեն ինձնից լավ գիտեին՝ ով եմ ու ինչ վաստակ ունեմ: Բայց իմ պատասխանը միշտ նույնն է եղել՝ եթե ես դա վերցնեմ, ես ինքս «ես» չեմ լինի: Ես ինձ համարում եմ ամենամաքուր մարդկանցից մեկը, որն ունեցել է կնիք գողանալու հնարավորություն, ղեկավար պոստերի ու չի գողացել, հակառակն է արել: Երբ ես Մոնթե Մելքոնյանի վարժարանը հիմնադրում էի, ոչ պատուհաններ կային, ոչ էլ ասֆալտ անգամ: ԱՄՆ-ից քեռիս ինձ մեքենա ուղարկեց, վաճառեցի, քույրս փողեր էր ուղարկում, ես ողջ գումարը ներդնում էի դրա վրա: 94 թվից ես իմ մտքում կառուցում էի մեր բոլորի երազած Հայաստանը: ԱՄՆ-ում հայրս մահանալիս բռնում է մորս ձեռքն ու ասում, որ կգնաս Հայաստան ու կթաղվես Հայաստանում, որպեսզի Ալեքը՝ այսինքն ես, ունենամ գերեզման: Մայրս եկավ ու 4-րդ օրը այստեղ մահացավ: Երիտասարդ տարիքում մահացավ նաեւ իմ ողորմածիկ կինը, այսինքն, ես երկրորդ գերեզմանն ունեցա այս հողում: Ես պարտավոր եմ իմ հոր առաջադրանքը, ժառանգությունը կատարելու:
Ավելին ասեմ՝ երբ օդանավակայանում մենք վերջին անգամ հանդիպեցինք, ես ԱՄՆ-ից էի վերադառնում, հայրս նայեց աչքերիս մեջ ու ասաց՝ եթե Վանա լճի ափին խմեք զոհված տղաների կենացը, կխմես նաեւ իմ կենացը, եթե ողջ մնացած կլինես, որովհետեւ ես քեզ եմ ստեղծել: Ես իմ հոգու, իմ սրտի պարտքն եմ կատարելու մեր հայրենիքի հանդեպ: Վերջին պատերազմում իմ ցավը սաստկացավ, որովհետեւ ես կորցրեցի իմ լավագույն սաներին: Նրանցից երեքը, որոնց ես էի պատրաստել, արժանացան Ազգային հերոսի կոչման: Հոկտեմբերին Ղարաբաղում էինք, երբ լսեցի, որ Ասատրյան Վահագը՝ սպեցնազի հրամանատարը մահացել է, նա իմ ձեռքով է ստացել լեյտենանտի ուսադիրը…Ես՝ աչքերս արցունքոտ, տղաների մոտ ասացի, որ ես պետք է մտնեմ քաղաքականություն: Չթվա, թե ես սա անում եմ հենց այնպես: Ես ինքնաբավ մարդ եմ: Ինձ որեւէ գումար պետք չի: Հարցնում եք՝ որտեղի՞ց եմ գումար գտել՝ ես 800 հազար աշխատավարձ ունեմ, ընկերներս էլ օգնում են մինչեւ ամսական 1,2 մլն ներդնել կուսակցության մեջ:
– Հիմա մեր հասարակությունը բաժան-բաժան է, անգամ զինվորականությունն է կիսվել, կհաջողվի՞ ձեզ այսպես ասած «մերանի» դեր կատարել ու համերաշխություն բերել:
– Որպեսզի դա լինի, պետք է ձուկը գլխից բռնվի: Եթե ձուկը բռնեցիր՝ կլինի: Ես չգիտեմ՝ ինձ կհաջողվի՞ ձուկը գլխից բռնել, թե ոչ, բայց համոզված եմ, որ հաջորդ անգամ, եթե ես անգամ չլինեմ, իմ թիմը բռնելու է: Գոնե ես կդնեմ հիմքերը, նրանք կկառուցեն: Որովհետեւ ամեն անգամ, երբ մեր կառավարիչները գալիս են, ամեն մեկն իր աստիճանն է կառուցում, չի ուզում առաջին աստիճանը կառուցի, որ աստիճաններ դառնան ու լինի վերամբարձ ուժ: Դրա համար մենք մեր կուսակցության անունը դրել ենք «Վերելք», որովհետեւ մենք իսկապես ուզում ենք դեպի վեր գնալ: Անկախ ամեն ինչից, ինչ էլ լինի, նախկիններից ամեն մեկն արել է դրական բան: Ես փորձելու եմ այդ արածի փշրանքները հավաքել ու շարունակել:
Եթե Աստված հաջողվի մենք կունենանք աստիճան, որով կբարձրանանք ազգովի: Մեր պապերը լավ խոսք ունեին՝ արյունն արյամբ չեն լվանում, արյունը լվանում են ջրով: Ես ջրով եմ լվանալու արյունը, այսինքն, մաքրելու եմ բոլոր հետքերը, որը թողել են, մեկը՝ արյուն, մեկը՝ քրտինք: Ես լվանալու եմ:
Զրուցեց Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԸ