Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանն ընդգծել է Սյունիքի մարզում կողմերի միջև խաղաղության ու անվտանգության ապահովման անհրաժեշտությունը

Մայիս 16,2021 16:05

Մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, Հայաստանի հետ սահմանների ճշգրտման կեղծ հիմնավորմամբ, փորձել է որոշակի սահմանային խախտումներ իրականացնել Հայաստանի Սյունիքի սահմանային հատվածում Սև լիճ տարածքում, սակայն ինչպես հայկական ԶԼՄ-ները և ավելի ուշ պետական պատասխանատու մարմինները հայտարարեցին, հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ ներխուժումը։

Հայաստանի ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնել է, որ Ադրբեջանը հերթական սադրանք է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել և որ դեռ շարունակվում է, սակայն այդ կազմակերպության արձագանքներն ու կանխարգելիչ ձեռնարկությունները խիստ կասկածելի են։

Չնայած Հայաստանը, որևէ անվտանգային և ռազմական համագործակցության պայմանագիր չի կնքել Արևմտյան գերուժ պետությունների հետ և ըստ արևմուտքի Հայաստանը համարվում է Ռուսաստանի անվտանգային շահերի գոտում գտնվող այդ երկրի այսպես ասած՝ դաշնակիցը սակայն, հաշվի առնելով Կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և մասնավորաբար Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմաններում, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից հրահրվող սադրանքները, որոնք արվում են տարածաշրջանային հավասարումները և աշխարհաքաղաքական հավասարակշռությունը փոփոխելու ի վնաս Հայաստանին և մասամբ նաև անուղղակիորեն Իրանի վնասին, և ի շահ Ռուսաստան-Թուրքիա բարեկամական հարաբերությունների հաշվին. այդուամենայնիվ Սյունիքում տեղի ունեցող սահմանային բացահայտ խախտումների դեպքին անմիջապես արձագանքեցին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, բաց տեքստով հայտարարելով, որ կատարվածը ոտնձգություն է Հայաստանի պետական սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության դեմ և կոշտ մոտեցմամբ՝  նրանք  ադրբեջանական կողմից  պահանջել են հետ քաշել իր զինված ուժերը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված և հաստատված տարածքներից: Հատկանշական է, որ նման  բաց հայտարարությամբ հանդես չի եկել Հայաստանի դաշնակից համարվող Ռուսաստանը:

Մյուս կողմից առավել ևս կարևոր էր Իրանի արձագանքը այս հարցին, որպես տարածաշրջանային կարևոր և դերակատար երկիր, որը իր Արտաքին գործերի նախարարության շուրթերից հայտարարել է, որ Սյունիքի մարզը և Զանգեզուրի միջանցքը Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական խորության կարմիր գծերն են համարվում և Իրանը թույլ չի տա ցանկացած փոփոխություն սահմանային գծերում, որոնք ուղղակի կամ անուղղակիորեն կվտանգեն Իրանի տարածաշրջանային  և գեոպոլիտիկական շահերն ու անվտանգությունը:

Չնայած վերջին մեկ շաբաթվա ընթացքում իսրայելա-պաղեստինյան հակամարտության նոր փուլի մեկնարկին՝ Գազայի հատվածում, որը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական անվտանգության գոտու կարևոր գործոններից է համարվում և Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ուշադրությունը այս օրերին սևեռված է այդ հակամարտության վրա, սակայն, Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, իսլամական աշխարհի կարևորագույն տոներից մեկը համարվող Ֆեթրի տոնի արձակուրդներից հետո, Իրանն արձագանքել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև տեղի ունեցած սահմանային խնդիրներին:

Մայիսի 12-ին և 13-ին, սահմանների ճշգրտման պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունից հետո, մայիսի 14-ի երեկոյան  ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարեց. «Իրանն ընդգծում է տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովման անհրաժեշտությունը և Ադրբեջանին ու Հայաստանին կոչ անում զսպվածություն ցուցաբերել, խուսափել բախումների հրահրումից և հարգել միմյանց սահմանները»:

Սաիդ Խաթիբզադեն ընդգծել է. «Իրանն ուշադրությամբ հետևում է վերջին օրերին Ադրբեջանի ու Հայաստանի սահմաններին տեղի ունեցող իրադարձություններին և հուսով է, որ տարաձայնությունները, կողմերի խոհեմ քայլերի արդյունքում սահմանային խնդիրները կլուծվեն հնարավորիս արագ և խաղաղ ճանապարհով»:

Խաթիբզադեն նշել է. «Իրանը պատրաստ է աջակցել երկու երկրների միջև առկա տարաձայնությունների, այդ թվում Սյունիքի մարզի վերջին սահմանային միջադեպի խաղաղ լուծմանը»:

Չնայած վերջին օրերին Իրանական ԶԼՄ-ներում որևէ անդրադարձ չի արձանագրվել Սյունիքի դեպքերի վերաբերյալ , սակայն Իրանի արտգործնախարարության մայիսի 14-ին կատարած հայտարարությունը մի կերպ  հիշեցում էր իրանական դիվանագիտական շրջանակներին ու ԶԼՄ-ներին, որ օրերս, Ադրբեջանի բանակը, Ադրբեջան-Հայաստան պաշտոնական սահմանագծերը խախտելով, փորձել է հատուկ ռազմական գործողություններով ներխուժել Հայաստանի տարածք, Սյունիքի մարզում:

Խաթիբզադեն ընդգծել է, որ Իրանը պատրաստակամություն է հայտնում օգնելու երկու երկրների միջև առկա խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով, այդ թվում` վերջին սահմանային վեճերը:

Իհարկե, նախքան Իրանի Արտաքին գործեր նախարարության խոսնակի  պաշտոնական հայտարարությանը,  Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը մայիսի 13-ին հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհսեն Բահարվանդի հետ։ Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանությունից, ՀՀ դեսպանը հանգամանալից ներկայացրել է մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը՝ անթույլատրելի համարելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը:

ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալի խնդրանքով դեսպան Թումանյանը ներկայացրել է լարվածության թուլացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը ընդգծել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության սպառնալիքների չեզոքացման հրամայականը, այդ թվում՝ երկու երկրների համագործակցության միջոցով:

Սա ցույց է տալիս, որ Իրանը անտարբեր չի անցել իր հյուսիսային հարևան և բարեկամ երկիր Հայաստանի սահմաններում տեղի ունեցող իրադարձություններից և անմիջապես փորձել է դեսպանից տեղեկանալ Իրանի մյուս հարևան Ադրբեջանի սադրիչ քայլերի մասին

Ակնհայտ է, որ Իրանը բազմիցս պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը և մասնավորաբար Սյունիքի մարզի անվտանգության դեմ ուղղված ցանկացած սադրանք Իրանի կարմիր գծերն են համարվում և Իրանը չի կարող անտարբեր մնալ տարածաշրջանի աշխարհագրական և անվտանգային փոփոխությունների նկատմամբ, հատկապես որ դա չի բխում Իրանի տարածաշրջանային անվտանգության շահերից:

Միևնույն ժամանակ Իրանի ԶԼՄ-ների ու պաշտոնական մեդիադաշտի ուշադրությունը կենտրոնացած է պաղեստինա-իսրայելական վերջին հակամարտության զարգացումների վրա: Սակայն դա չի նշանակում, որ Իրանը անտարբեր է իր շրջապատում և Կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական և ռազմական զարգացումների նկատմամբ:

Ակնկալվում է, որ խնդրի խաղաղ հանգուցալուծման նպատակով Իրանը կփորձի միջնորդական դերում հանդես գալ և խուսափել կոշտ արձագանքներից ադրբեջանական կողմի դեմ, քանի որ արցախյան 44-օրյա պատերազմից և նոյեմբերի 9-ի եռակողմ տխրահռչակ համաձայնությունից հետո Իրանը փորձել է հակամարտության երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ տնտեսական, առևտրային, էներգետիկ և տրանսպորտային լայն համագործակցության պայմանավորվածություններ ձեռք բերել, միաժամանակ ձգտելով հավասարակշռությունը պահել բոլոր հարևան երկրների հետ:

Հատկանշական է, որ Հայաստանի և Ադրբեջանի  հետ Իրանի սահմանների երկայնքով խնդիրներն ու մարտահրավերները ավելացել են 2020-ի ղարաբաղյան պատերազմից հետո: Քանի որ Իրանը սահմանակից է Կովկասյան տարածաշրջանի չորս կարևոր երկրների, մասնավորապես ՝ Ադրբեջանի հիմնական տարածքի, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի, Նախիջևանի և Հայաստանի հետ, այդ մարտահրավերների կանխատեսելիությունը և հակամարտություններին վերահսկելը ավելի կարևոր են դարձել Իրանի արտաքին և տարածաշրջանային քաղաքականության շրջանակում:

Ավելին` պետք է նկատի ունենալ Հայաստանը որևէ անվտանգային կամ պաշտպանական երկկողմ պայմանագիր չի ստորագրել Իրանի հետ և Իրանը հանձնառություն չունի պաշտպանել Հայաստանի տարածքային անվտանգությունը, սակայն եթե Հայաստանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք, որը կարող է վտանգել Իրանի տարածքային կամ ազգային անվտանգությանը, կարող է արժանանալ Իրանի համարժեք պատասխանին: Անկասկած, Իրանը զգոն է իր շահերի դեմ ուղղված սպառնալիքները չեզոքացնելու և տարածաշրջանային ընդհանուր անվտանգությունը և կայունությունը պահպանելու հարցերում, և ըստ կարողության և հնարավորության դերակատարություն ունենալ տարածաշրջանային գործընթացներում, այն էլ, ըստ էության տարածաշրջանային ուժերի համագործակցությամբ ու մասնակցությամբ: Իսկ կապված Իրանի վեճերը և ունեցած խնդիրները ԱՄՆ-ի և Իսրայելի հետ, և հաշվի առնելով Իրանի յուրովի քաղաքական լեզուն և առանձնահատուկ դիվանագիտական վարքագիծը և քաղաքական ընթացքը տարածաշրջանային հարցերի նկատմամբ, Իրանը այնուամենայնիվ Հայաստանին դիտում է, որպես Ռուսաստանի անվտանգության գոտում գտնվող տարածաշրջան և փորձում է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված Արևմուտքի և Իսրայելի դաշնակիցներ՝ Ադրբեջանի և Թուրքիայի սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ իր քայլերն համակարգել Մոսկվայի քաղաքականության հետ:

Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ
Թեհրան, Իրան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31