«Դասեր քաղելու համար պետք է հասկանանք, թե ում ենք պարտվել։ Եթե համարենք, որ պարտվել ենք Ադրբեջանին, ապա ոչ միայն դաս չենք քաղի, այլեւ կհանդիպենք ավելի մեծ ու կործանարար աղետների»,-«Հայ ազգային կոնգրեսի» այսօրվա համագումարում հայտարարեց կուսակցության համակիր, հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկեւիչյանը։
Նա նշեց․ «Ադրբեջանին պարտված լինելու զգացումը մեր հանրությանը մղելու է վրեժի եւ կորուստն ամեն գնով հետ բերելուն։ Արդեն իսկ քիչ չեն հին ու նոր ցնորապաշտները, որոնք առաջարկում են վերածնել ազգ-բանակ գաղափարը, ստեղծել ստորգետնյա պաշտպանական ցանցեր, ունենալ ընդհատակյա գրոհայիններ եւ նման բաներ։ Այս անգամ եւս, ինչպես նախկինում, նրանք չեն հաշվարկում նյութական եւ մարդկային ռեսուրսը եւ միամտորեն կարծում են, թե պարտվել ենք սոսկ Ադրբեջանին՝ հաշվի չառնելով, որ պատերազմով մեր հարեւանը ստացել է աշխարհակարգային հավասարակշռության իր բաժինը, եւ աշխարհում այլեւս ոչ ոք թույլ չի տալու վիճարկել նրա ձեռքբերումը։ Այսպես մտածողները շատ լավ հասկանում են, որ նոր պատերազմը վաղը, տասը կամ քսան տարի հետո բերելու է նոր աղետ՝ նոր զոհերով, վիրավորներով, գերիներով․․․այսպես մտածողներն այդպիսին են՝ սթափ դատողությունը վանելու եւ անքննադատ լսարանի սրտերը հովացնելու համար»։
Տիգրան Պասկեւիչյանի խոսքով․ «Եթե համարում ենք, պարտվել ենք աշխարհաքաղաքական խարդավանքին, ապա ընկնում ենք ծանր ընկճախտի մեջ։ Սա ավելի վտանգավոր է, քան առաջին տարբերակը։ Դավադրության դեպքում անթափանց խավար է։ Կա նաեւ երրորդ տարբերակը։ Պետք է ընդունենք, որ պարտվել ենք ինքներս մեզ, մեր ծայրահեղականությանը եւ առավելապաշտությանը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ