Դուդուկի հայկականության մասին խոսելու ժամանակ շատ հարցեր են առաջանում, սակայն այդ հարցերի պատասխանները հայ դուդուկահարներն ամբողջացնում են իրենց նվագի մեջ` ապացուցելով, որ դեռևս 5-րդ դարում Մովսես Խորենացու հիշատակած դուդուկը, որը ծիրանափող անունով է ներկայացրել, մեծ ու դժվարին ճանապարհ անցնելուց հետո ավելի է կատարելագործվել։
Դուդուկը նաև երիտասարդների շրջանում է մեծ սեր վայելում։ Ռադիկ Արզումանյանը դուդուկի հետ կապվեց ու նրա մատների հպումից ստացված նվագը տարավ այնտեղ, որտեղ հիմա է։
-Դուդուկն իր իրական կատարելությանն ու բարձրակետին է հասնում, եթե նվագում ես հայերեն,-ասում է Ռադիկը` շարունակելով,-որովհետև դուդուկի հայկականության պահպանումը ոչ միայն դուդուկահարից, այլ նաև յուրաքանչյուր հայից է կախված։
Ռադիկն իր առաջին քայլերը սկսել է Ճարտարի Արվեստի դպրոցից, որից հետո ուսումը շարունակել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում։ Ռադիկը սիրեց դուդուկի յուրօրինակ ձայնը, տեսքը, երաժշտական հաստատուն կոլորիտ ստեղծելու համարձակությունը։ Նա եկավ այն մտքին, որ պետք է մեծ բեմերում իր դուդուկի նվագով հիացնի մարդկանց։ Ու այդ ամենը չուշացավ։ Նա արդեն հասցրել է տարբեր տարիներին մասնակցել մի շարք մրցույթների ու լավ արդյունքներ գրանցել։ Բոլորովին վերջերս էլ Երևանում կայացած մրցույթ-փառատոնն էր, որը երիտասարդ դուդուկահարին ուղեկցեց դեպի հաջողության սանդղակի նոր բարձրակետ։
Կարդացեք նաև
Առաջին անգամ է կայացել DUDUKMAN մրցույթ-փառատոնը, որի մրցութային երեք փուլերը հաղթահարելուց հետո Երևանի Կոմիտասի անվան տուն-թանգարանում կայացած գալա համերգի ժամանակ ճարտարցի դուդուկահար Ռադիկ Արզումանյանն արժանացել է հատուկ մրցանակի։ Ռադիկը նաև կատարումով հանդես է եկել երգիչ Վարդան Բադալյանի հետ։
-Տպավորությունները շատ լավ ու անմոռանալի են,-ասում է զրուցակիցս, նաև հավելում, որ իր երազանքներին հասնելու ճանապարհին ջանք ու եռանդ չի խնայելու։
Արդեն որոշել է` ուսումը շարունակելու է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, իսկ մեծ բեմերը անհամբեր են հաստատ։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ