Այսօր՝ 2021 թ. մայիսի 15-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը ճանապարհ բռնեց դեպի Սեւ լիճ…
Վերջին օրերին լճի շուրջ տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունները, լճի ուղղությամբ Ադրբեջանի փաստացի ագրեսիան խորը մտահոգություն են առաջացրել Գորիսում եւ տարածաշրջանի գյուղերում, մանավանդ որ անցած երեք-չորս օրվա ընթացքում բազմաթիվ առանցքային հարցեր այդպես էլ իրենց ողջամիտ պատասխանը չեն ստացել:
Ստեղծված իրավիճակի շուրջ անորոշությունն ավելի է խորանում եւ նույնիսկ սպառնալից բնույթ ստանում, երբ լսում ենք մայրաքաղաքի տարբեր հարթակներից հնչող իրարամերժ տեղեկությունները:
Ուստի եւ որոշեցինք անձամբ բարձրանալ լճի տարածք՝ նկատի ունենալով նաեւ մեր քաջատեղյակությունն այդ վայրերին:
Կարդացեք նաև
Ճանապարհ ընկանք Ակներ գյուղով (եւ ոչ թե Վերիշենով կամ Խոզնավարով):
Գյուղից վերեւ՝ Խաչին օսում կամ Սուրբ Հակոբ սրբավայրում, որ գտնվում է Ակնի ձորի եւ Մթնաձորի միացքում, հանդիպեցինք ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին, Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Խաչատրյանին եւ Նարեկ Ղահրամանյանին, ովքեր նույնպես բարձրանում էին Սեւ լիճ:
Եվ մենք միասին նախ հաղթահարեցինք Ձագեձորի լեռը ու շարժվեցինք առաջ: Ակներ գյուղից 20 կմ անցնելուց հետո Սեւ լճի ափին էինք…
Ճանապարհին՝ ժամանակ առ ժամանակ, կանգ էինք առնում Սեւ լճի մատույցներում եւ Մեծ Իշխանասարի արեւելյան ստորոտում գտնվող զինվորական կայաններում. փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու պատգամավորները հետաքրքրվում էին օպերատիվ իրավիճակով ու առկա խնդիրներով:
Չէր կարելի չնկատել հայոց զինվորականների վճռականությունը՝ տեր կանգնելու հայոց սրբազան հողին…
Մենք լճի արեւմտյան ափից (լճի աջ մասով) հասանք մինչեւ արեւելյան կամ գուցե հարավ-արեւելյան ափին գտնվող տնակներ (այնտեղ հանդիպեցինք նաեւ Գորիս համայնքի Ակներ գյուղի վարչական ղեկավար Սպարտակ Մինասյանին եւ Վերիշեն գյուղի վարչական ղեկավար Արարատ Օրդյանին, ովքեր էլ փոխվարչապետին ու մարզպետին ներկայացրին լճի շրջակայքում տիրող վիճակի մասին):
Կարող էինք այդտեղից Գորիս վերադառնալ Վերիշեն իջնող ճանապարհով (զինվորականներն այդ ուղին եւս անվտանգ էին համարում), բայց գերադասեցինք հետ դառնալ նույն ճանապարհով:
Ես չգիտեմ, թե մեկ-երկու օր առաջ ինչ վիճակ էր տիրում լճի մերձակայքում, չգիտեմ նաեւ, թե ինչ դրություն է հիմա տիրում Խոզնավարից դեպի լիճ բարձրացող ճանապարհի շուրջ, բայց լճի շրջանում (հատկապես արեւմտյան, հարավային եւ հարավ- արեւելյան հատվածներում) հայոց զինվորականների տիրական ներկայությունն էր…
Մեծ Իշխանասարի գագաթը, ինչպես երեւում էր, ձյունածածկ էր: 2020 թ. հուլիսի 5-ին մեր ստեղծագործական խումբը հենց այդ երթուղով էր բարձրացել Մեծ Իշխանասարի գագաթ՝ Սուրբ Հովհաննես սրբավայր: Տեսականորեն կարելի էր հիմա էլ բարձրանալ այդ լեռնագագաթ՝ նույն երթուղով, որը նույնպես անվտանգ էր՝ զինվորականների հավաստմամբ: Իսկ թե ինչ վիճակ է տիրում Մեծ Իշխանասարի հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան մատույցներում՝ տեղեկություն չստացանք…
Եվ, այդուհանդերձ, զարմացանք, թե մեր զինվորականների նման տեղաբաշխվածության պայմաններում ինչպես են թուրք-ազերիները կարողացել բարձրանալ ու դիրքավորվել Քաչալ դաղ կոչվող լեռան գագաթին, որ լճի հարավային կողմը երիզող լեռնագագաթն է (այդ լեռը մեր մատենագիտության մեջ կոչվում է Գլուխ Ձագեձորո):
Հարցը, ըստ երեւույթին, մեկ պատասխան ունի. երբ ազերիները խուժել են մեր տարածք՝ այնտեղ հայոց դիրքապահներ չեն եղել հավանաբար:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարները՝ «Սյունյաց երկրի»