Լրահոս
Օրվա լրահոսը

«Պիտի հասկանանք՝ եթե այս եկեղեցին սարքում ենք,  չպիտի հանձնենք թուրքին»․ Միքայել Սրբազան

Մայիս 15,2021 21:17

Ինչպես տեղեկացրել ենք, Ամասիայում իր անձնական միջոցներով եկեղեցի է կառուցում Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր Վահե Հակոբյանը։

Այսօր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ տեղի ունեցավ եկեղեցու հիմնարկեքի օրհնությունը։ Սրբազանը, շնորհակալ լինելով Վահե Հակոբյանին, ասաց, շատ դռներ են բախել, խոստումներ են ստացել, որոնք չեն իրականացվել։ Իսկ Վահե Հակոբյանը, ըստ թեմի առաջնորդի, իմանալով Ամասիայի  եկեղեցական կարիքը՝ ցանկություն է հայտնել կառուցելու։

«Շատերին դիմել ենք և չի եղել, իրեն չդիմեցինք և եղավ, ուրեմն նման է այն առակին աստվածաշնչական, որ ասում է՝ Տերն ասաց իր որդիներից մեկին՝ արա, ասաց՝ կանեմ և չարեց։ Մյուս որդին չասաց՝ կանեմ, նույնիսկ ասաց՝ չեմ անի, բայց արեց։ Եվ ասում է Աստվածաշունչը՝ ո՞վ  է, որ Տիրոջ կամքը կատարեց, նա՝ ով ասաց՝ այո, բայց չարե՞ց, թե՞ նա, ով այո չասաց, բայց արեց։ Եվ, բնականաբար, աստվածաշնչական եզրակացությունը մեկն է, որ այո ասելով չէ, որ Աստծո կամքը կատարում ենք, այլ կատարելով այն գործը, որ Աստված մեզ հնարավորություն է տվել կատարելու։

Եկեղեցի կառուցելը դա շնորհ է, որ Աստված ամեն մեկին թույլ չի տալիս, շատերս դա չենք հասկանում հաճախ։Ամեն մարդ չէ, որ կարող է մտնել այդ վաստակի մեջ, ասել՝ ես եկեղեցի կառուցեցի, ամեն մարդու չի տրված դա։ Եվ ուրեմն նաև՝ եթե մարդն ինքնաբուխ է կամենում եկեղեցի կառուցել, դա նշանակում է՝  շնորհը գործում է առավել, քան սովորական պայմաններում։

Ինձ համար մեծագույն անակնկալ էր հանկարծ իմանալ, որ պատրաստակամություն կա Ամասիայում եկեղեցի կառուցելու»,-ասաց Սրբազանը։

Նա ասաց՝ պիտի ենթադրեք, թե անցած 22 տարիների ընթացքում քանի դուռ բախած կարող է լինել Առաջնորդը, որպեսզի քաղաքին հավասար այս գյուղը եկեղեցի ունենա։

«Ես նույնիսկ շատ գյումրեցիների եմ ասել, և շատ գյումրեցիներ վիրավորվել են, ասել եմ՝ Ամասիայում եկեղեցի կառուցելն ավելի կարևոր է, քան Ամենափրկչի վերակառուցումը։ Գյումրեցիք հաճախ վիրավորվել են իմ այս խոսքից, բայց այսօր էլ ասում եմ՝ Ամասիայում եկեղեցին ավելի առաջնահերթ է, քան Ամենափրկչի կառուցումը, որովհետև Գյումրին եկեղեցիներ ունի այլ, բայց Ամասիան չունի»։

Սրբազանը նաև ասաց, որ այս եկեղեցին պիտի դառնա առհավատչյան, որ այստեղ ապրում է հայը, սա հայկական հող է։

«Ինչո՞ւ է մեր թշնամին առաջին հերթին եկեղեցին ոչնչացնում, որովհետև մենք ուրիշ անգամներ էլ ասել ենք, և ոմանք չեն հասկանում և ափռ-ցփռ խոսում են եկեղեցաշինության հասցեին։

Մեր երկրի սահմանները գծված են եկեղեցիներով, մեր բանակը չէ ցավոք, որ մեր երկրի սահմանները գծել է, այլ մեր եկեղեցիներն են գծել։ Եվ այսօր էլ, ցավոք, ի վիճակի չեն ո՛չ պետականությամբ, ո՛չ էլ  բանակով այդ եկեղեցական սահմանները պահելու։ Բայց ամեն մի եկեղեցաշինությամբ պետք է նաև հասկանանք, որ եթե սարքում ենք այս եկեղեցին, չպիտի հանձնենք թուրքին, չպիտի՛ հանձնենք, մենք հանձնելիք չունենք, չենք ունեցել և չպիտի հանձնեինք։

Եվ մեր հայրենիքն այստեղ չի սկսվում, այստեղ վերջանում է։ Մեր հայրենիքը շատ հեռուներից է սկսվում։ Եվ ամասիացու համար ընդամենը վերջանում է այստեղ, ոչ թե սկսվում է այստեղից և չգիտես որտեղ անմիության մեջ վերջանում։ Մեր եկեղեցիները միայն աղոթքի վայր չեն, այլ մեր հայ լինելու առհավատչյան, վկայականն են, անձնագիրը, այս հողը մեզ պատկանած լինելու փաստը։ Սա է իրականությունը և այս մտածումով պիտի եկեղեցիները կառուցենք»։

Սրբազանը նաև նշեց, որ եկեղեցի կառուցելը հոգևորականների գործն է ու  այդ գործը լավ են անում։

«Այո՛, մենք եկեղեցի ենք կառուցում, հոգևորականներս եկեղեցիներ ենք կառուցում՝ բարերարների օժանդակությամբ և բարերարների նվիրատվությամբ։ Մենք մեր գործն ենք անում, թող ամեն մեկն իր գործն անի, թող դպրոց կառուցողը դպրոց կառուցի, հիվանդանոց կառուցողը հիվանդանոց կառուցի, առողջապահությամբ զբաղվողն առողջապահությամբ զբաղվի, կրթությամբ զբաղվողը՝ կրթությամբ, մենք էլ զբաղվում ենք մեր գործով և լավ ենք զբաղվում։

Թող ամեն մի ասպարեզի մարդ այնքան նվիրում, այնքան նախանձախնդրություն ունենա, որ գա հաճախ ժողովրդի կողմից արհամարհված, այսպես կոչված, տերտերներն ունեն։ Թող այդքան նախանձախնդրություն ունենան, պետական գործիչներն ունենան այդքան սեր երկրի նկատմամբ, որքան արհամարհված տերտերներն ունեն։

Ես մի քիչ հուզվում եմ, բայց այն իրավիճակում, որի մեջ ապրում ենք, չհուզվելը կնշանակեր հոգի չունենալ։

Ես նկատեցի, որ հասուն տղամարդկանցից ոմանք, շատերը նույնիսկ կարող եմ ասել, երբ որ մոտենում էին քարը օծելու, դողում էին, դա ի՞նչ է, վախի դո՞ղ է, վախենո՞ւմ էին, ո՛չ դա երկյուղ է Աստծո, Սրբության և այս խորհրդի նկատմամբ, որ իրենց տրված է, իրենց վերապահված է։ Այդ երկյուղի դողը յուրաքանչյուր մարդ պիտի ունենա իր մեջ, որ թուրքից  վախը հաղթահարի։

Եվ այդ սրբազան դողը որ մարդու մեջ կա, դա նշանակում է՝ ինքը փչացած չէ, ինքը փուչ ընկույզ չէ, ուրեմն հոգի կա և այդ հոգու մեջ Աստված խոսում է»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31