«Հենց նոր եմ իջել դիրքերից, կայուն իրավիճակ է, փառք Աստծուն։ Ոնց կային, նույն ձեւով՝ դեմ դիմաց կանգնած են։ Վերին Շորժայում այսպես ասած՝ անվերջ բարձունքներ են, որոշ բարձունքների վրա մենք ենք կանգնած, որոշների վրա՝ նրանք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանն՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայում վերջին զարգացումներին։
Ադրբեջանական զինուժը մայիսի 13-ին սահմանային Վերին Շորժա բնակավայրում երկու կիլոմետր առաջ է եկել, իսկ Սյունիքում 3,5 կիլոմետր առաջ է եկել եւ շրջափակել Սեւ լիճը։
ՊՆ-ն այսօր կեսօրին հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 15-ի առավոտյան դրությամբ, դեռեւս չի հանգուցալուծվել։
Ադրբեջանական զինված ուժերին հայկական տարածքից դուրս հանելու շուրջ բանակցությունները դադարեցվել են երեկ, դրանք վերսկսվել են այսօր։ Սյունիքում բանակցություններին մասնակցում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։
Կարդացեք նաև
Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց․« Դիվանագիտական կորպուսը շատ լավ աշխատում է, շատ մեծ հույսեր ունենք, որ շուտով այս հարցը լուծում կստանա։ Ես ադրբեջանցիների կողմից որեւէ ագրեսիա չեմ նկատել, հանդարտ կանգնած են»։
Գեղարքունիքի մարզի սահմանյին գյուղերի բնակիչների տրամադրությունների մասին էլ պարոն Մելքոնյանն ասաց՝ մարդիկ բնականոն կյանքով են ապրում․«Բայց այս իրադարձությունների հետ կապված այն իրավիճակը, որ ամբողջ հանրապետությունում է, նույնն էլ այստեղ է»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ