Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը այսօր` մայիսի 15-ին Սյունիքում մասնակցում է բանակցություններին: Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ բանակցությունները նախատեսվածից մոտ երկու ժամ ուշ են սկսել, ժամը 17։00-ի սահմաններում, բանակցությունները, ըստ Մենուա Հովսեփյանի՝ ընթանում են Խնձորեսկում։ Մենուա Հովսեփյանը, ի դեպ, խնդրում է լրատվամիջոցներին, իր ասածներին ոչինչ չավելացնել ու ինտրիգ չստեղծել։
«Հարց տվեցին՝ պատասխանեցի բանակցությունները դեռ շարունակվում են։ Եթե դրանք մինչեւ վերջ ավարտված լինեն, եւ թշնամին նահանջած լինի, կնշանակի՝ բանակցությունները ավարտվել են։ Եթե չի նահանջել՝ ապա շարունակվում են, իսկ եթե չի նահանջում, բանակցությունները համարում ենք ավարտված, ուրեմն նշանակում է պիտի կռվենք»,–նշում է Հովսեփյանը։
Ավելացնենք, որ ադրբեջանցիները արդեն Գորիսի Ակներ գյուղի վերեւում են, որի հետեւանքով Գորիս քաղաքն ընկնում է նրանց անմիջական նշանառության տակ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ