«Ալյանս» կուսակցության` այսօր կայացած համաժողովում կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ պոլիտբյուրոյի համաժողովի ֆորմատ չի լինելու, որ շատ կարճ կարտահայտեն իրենց մտքերը, դիրքորոշումները, հանրությանը կտան ինֆորմատիվ բնույթի տեղեկություններ, որից հետո բողոքի երթով կգնան կառավարության շենք եւ պահանջագիր կներկայացնեն:
«Մենք այսօր նախատեսել էինք աշխատել նախապես ծրագրված ընթացակարգով, մշակել էինք օրակարգը, հիմնական դրույթները: Բայց եկեք ու տեսեք, ինչպես որ հատկապես վերջին երկու տարվա ընթացքում, այս կես տարվա ժամանակահատվածում, փաստորեն, մեր կյանքում որեւէ բան ծրագրել հարատեւ կայունության ձեւաչափի մեջ չի ստացվում, որովհետեւ ապրում ենք անհասկանալիության մեջ, անկանխատեսելիության մեջ: Սա, վստահ եմ, հիմնական խնդիրն է, որ հուզում է մեր ժողովրդին առհասարակ:
Լավ, ինչպե՞ս պիտի շարունակենք ապրել ամեն Աստծո օր՝ չհասկանալով, թե ինչ է սպասվում մեզ վաղը կենսական վտանգի, սպառնալիքի պայմաններում, մեր սահմանների, արդեն մեր տարածքի նկատմամբ անընդմեջ ոտնձգությունների պայմաններում:
Կարդացեք նաև
Ես չէի կարող խոսքս չսկսել երեկ, առաջին օրը, այսօր, հենց այս րոպեին տեղի ունեցող իրադարձություններից: Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը այսպես չի ուզել երբեք, չի ուզում այլեւս այսօր»,-հայտարարեց կուսակցության նախագահը եւ ասաց, որ իրենք, բոլորը, որպես ՀՀ քաղաքացիներ պատասխան են պահանջելու իշխանությունից, սակայն որպես քաղաքական ուժ ներկայացնելու են նաեւ ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջարկներ, որոնք նա եւ իր կուսակիցներից մի քանիսը հակիրճ հնչեցրին հենց դահլիճում:
Այնուհետեւ, Համաժողովի մասնակիցները Մելիք-Ադամյան փողոցից շարժվեցին դեպի կառավարության շենքի գլխավոր մուտք, որտեղ հրապարակավ ընթերցեցին կուսակցության պահանջագիրը եւ այն պաշտոնապես փոխանցեցին կառավարության դիմում-բողոքների քննարկման վարչության պետին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ