Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի հիմնական խնդիրներից մեկը կենտրոնացումն է Երևանում, և այսօր մենք պետք է այդ խնդիրը արմատապես լուծենք». Հայկ Չոբանյան

Մայիս 15,2021 17:24

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում պետք է լինեն հարկային որոշակի ռեժիմներ, որ մասնագետները շահագրգռված լինեն  գնալ մարզեր։

Այդ մասին այսօր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ  Դիլիջանում անցկացվող  «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» ֆորումի շրջանակներում, Aravot.am – ի հետ զրույցում ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը։

«Նմանատիպ հարթակները ամենաարդյունավետ հարթակներն են մեր առջև կանգնած խնդիրները ձևակերպելու և դրանց լուծումները գտնելու համար,  որպեսզի խնդիրները քննարկենք ոչ թե մեր ստորաբաժանումների հետ, այլ քննարկենք ոլորտի իրական գործիչների և իրականացնողների հետ։ Նման միջոցառումների արդյունքը պետք է լինի գործողությունների ծրագիր նոր առաջարկությունները, որոնք պետք է լինեն մեր սեղանին, որպես ռազմավարական փաստաթղթեր»,- նշել է Չոբանյանը։

Նախարարը նաև անդրադարձել է մարզերում ոլորտի զարգացման նպատակներին` նշելով, որ բարձր տեխնոլոգիաների կենտրոնացումը պետք է հանել Երևանից.

«Ոլորտի հիմնական խնդիրներից մեկը կենտրոնացումն է Երևանում, և այսօր մենք պետք է այդ խնդիրը արմատապես լուծենք, քանի որ այն լուծումները, որոնք տրվել են նախորդ տարիների ընթացքում մեծ արդյունք չեն ունեցել և շատ փոքր մեկնաբանություններ ունեն որոշ հատվածներում։ Դա նշանակում է, որ մենք պետք է փոխենք մեր ռազմավարությունը և որոշումներ կայացնենք այդ թվում հարկային դաշտում արտոնություններ մտցնելով։ Այս ոլորտը գիտական ներուժի վրա է հիմնված, որը սփռված է ամբողջ Հայաստանով մեկ»։

Նախարարի խոսքով, բարձր տեխնոլոգիաների ոլորտում ամենակայացած ուղղությունը դա ծրագրավորման ուղղությունն է, որը ստաբիլ աճում է և ոլորտի թիվ մեկ խնդիրը մարդկային ներուժն է,որը  լրացնելու համար ոլորտի ներկայացուցիչները պատրաստ են ներդրումներ կատարել կրթության ոլորտում և վերապատրաստումների մեջ.

«Կազմակերպությունների կողմից ոչ միայն պատրաստակամություն կա այլ նաև արդեն ինքնուրույն իրականացնում են մարզերում ներդրումներ և ծրագրեր, իսկ մեր խնդիրը որպես համակարգող գերատեսչություն պետք է լինի միջավայրի և ենթակառուցվածքների ստեղծումը, որը հնարավորություն կտա և կօգնի ձեռնարկություններին արագ ու մեծ ծավալներով ներդրումներ իրականացնել։ Պետք է լինեն հարկային որոշակի ռեժիմներ, որ մենք շահագրգռենք մասնագետներին գնալ մարզեր»։

 

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31