ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, «Առաջ Իտալիա» կուսակցության անդամ, սենատոր Անդրեա Կանջինիի, Եվրոպական խորհրդարանի անդամ Կարլո Ֆիդանցայի (Իտալիայի եղբայրներ կուսակցություն) հայտարարությունները սահմանային վերջին միջադեպի կապակցությամբ
«Խոր մտահոգություն ենք հայտնում Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին իրականացված ռազմական օպերացիաների կապակցությամբ, որոնք հանգեցրել են Սև լճի տարածքում մի քանի կիլոմետր տարածքի նկատմամբ ոտնձգության», – հայտարարել է «Իտալիայի եղբայրներ» կուսակցության արտաքին հարցերով պատասխանատու և Եվրախորհրդարանում կուսակցության պատվիրակության ղեկավար Կարլո Ֆիդանցան: «Սա սադրանք է, որը պետք է անպայման դադարեցվի ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերմամբ՝ տարածաշրջանում հետագա նոր սրացումից խուսափելու համար: Դիմում ենք կառավարությանը և միջազգային հանրությանը, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն կարգը վերականգնելու համար՝ հարգելով Հայաստանի Հանրապետության լիիրավ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:
«Հռոմում Հայաստանի դեսպանի բարձրաձայնած տագնապի կոչը չի կարող անպատասխան մնալ: Ճի՞շտ է, որ երեկ Սյունիքի մարզում ադրբեջանական զորքերը խախտել են Հայաստանի պետական սահմանը: Դա կլիներ հերթական սադրանքը Թուրքիայի դիվանագիտական և ռազմական աջակցությունը վայելող Ադրբեջանի կողմից՝ ի վնաս Հայաստանի ժողովրդավարական և քրիստոնեական հանրապետության: Հավատացած ենք, որ եվրոպական կառույցներն ընդհանուր առմամբ և Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն մասնավորապես, անհապաղ կարձագանքեն դեսպան Համբարձումյանի կոչին` ի պաշտպանություն միջազգային իրավունքի: Նա, ով ձևացնում է, թե չի տեսնում, ինքն իրեն հանցակից է դարձնում և սնուցում է ռազմական էսկալացիայի վտանգը» – հայտարարում է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի անդամ, «Առաջ Իտալիա» կուսակցության անդամ, սենատոր Անդրեա Կանջինին։