Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան․ «Ընդգծում եմ եւս մեկ անգամ՝ անցյալին վերադարձ չի լինելու»

Մայիս 15,2021 14:48

Այսօր ստորագրվել է «Պատիվ ունեմ»  դաշինքի կազմավորման մասին հուշագիրը։ Մինչ ստորագրումը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում ասաց՝  հուշագրի ստորագրմամբ կմեկնարկի այս փուլի մեր պատվի գործը, այն է՝ առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի շնորհիվ հեռացնել  պետության կառավարումը ձախողած, ժողովրդի ապագան եւ պետականությունը վտանգի տակ դրած, պատվազուրկ եւ  կապիտուլյանտ իշխանություններին, վերականգնել Հայաստանի հանրապետության լիարժեք  ինքնիշխանությունը,  վերադարձնել մեր ժողովրդին իր հայրենիքում խաղաղ ապրելու, անվտանգ եւ արժանապատիվ արարելու իրավունքն ու վաղվա օրվա նկատմամբ հավատը։

«Մենք չենք կարող եւ բարոյական իրավունք չունենք մի կողմ քաշվելու եւ անտարբեր հետեւելու պետության կործանման ընթացքին։ Աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները, գրեթե ամենուր լարվածության աճը, մեր հարեւանությամբ տեղի ունեցող իրադարձությունները, մեզ անմիջականորեն սպառնացող վտանգները, եւ այս ամենի ֆոնին ՀՀ գործող իշխանությունների ոչ  համարժեք վարքագիծը լավատեսության ոչ մի հիմք չեն տալիս հուսալու, որ նման պայմաններում այսօր կկարողանանք գրագետ, ճիշտ հաշվարկված քայլերով կանխել վերահաս նոր վտանգը, դուրս գալ կործանարար շրջափուլից եւ պետության ընթացքը տեղափոխել անվտանգ ու զարգացման հեռանկար ունեցող  ռելսերի վրա։
Իսկ դա հնարավոր է, միանգամայն հնարավոր է առանց իշխանությունը զավթած պոպուլիստների, որոնք պետությունը լայն քայլերով տանում են դեպի վերջնական կործանում»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ընտրապայքարը, որի մեկնարկը տրվել է մեր պետական սահմանների նկատմամբ արտաքին թշնամու հերթական ոտնձգությունների եւ սանձարձակ պահվածքի պայմաններում, պետք է  ոչ միայն չպառակտի, այլեւ ավելի համախմբի  հայրենանվեր բոլոր անհատներին, կազմակերպություններին, ինչպես արտաքին թշնամուն, այնպես էլ նրա շահերը ներսում սպասարկող ուժերի եւ կապիտուլյանտ  ուժերի դեմ պայքարում։

«Դաշինք կազմող մեր երկու քաղաքական  ուժերին միավորում են իրավիճակի սթափ գնահատման արդյունքում ՀՀ ներքին եւ արտաքին  վտանգների, առկա մարտահրավերների, դրանց հաղթահարման ուղիների եւ ապագայի վերաբերյալ  նույնանման մոտեցումներն ու ընդհանուր  մտահոգությունները, ինչպես նաեւ ազգային արժեքների պաշտպանության դիրքերում  ամուր եւ աննահանջ կանգնելու վճռականությունը։
ՀՀԿ-ն լինելով անկախ Հայաստանում գրանցված առաջին հասարակական, քաղաքական կազմակերպությունը եւ պետականաշինության  մեջ ամենամեծ փորձառությունն ունեցող քաղաքական կառույցը, իր փորձն ու գիտելիքն ու կարողությունները, պահպանողական  գաղափարախոսությունը համադրում է երիտասարդ քաղաքական ուժի, «Հայրենիք կուսակցության արդիական, թարմ մոտեցումների, համարձակ նախաձեռնությունների, նոր ավյունի ու եռանդի հետ։ Վստահությամբ, որ  կուսակցությունն իր  երիտասարդ, բայց  պետական համակարգում ճանապարհ անցած առաջնորդ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ հանրապետականների հետ կդառնան ամուր եւ ժամանակակից պետություն կառուցելու ջատագովն ու առաջամարտիկը։

«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական հուշագրում հանգամանորեն շարադրված է մեր նպատակներն ու  խնդիրները,  դրանց հասնելու ուղիները։ Այսօր մեր ժողովրդի մի զգալի հատվածը ՀՀ-ում եւ Արցախում ամեն օր արթնանում է անորոշության, վերահաս վտանգի վախերի, ապագայի նկատմամբ թերահավատությամբ, հուսահատության եւ ապատիայի, իսկ մի մասն էլ իրականության ընկալումն ամբողջովին կորցրած, անտարբերության զգացողությամբ կամ պարտված ժողովրդի թերարժեքության բարդույթով։

Կառավարման երեք տարիներին   ահա այս հոգեվիճակի եւ տրամադրությունների հանգեցրին ապաշնորհ իշխանությունները, որից մարդկանց դուրս բերելը հսկայական ջանքեր է պահանջում։ Սա մեկ  կամ երկու քաղաքական ուժերի գործ չէ։ Այստեղ պահանջվելու է բոլոր  առողջ քաղաքական ուժերի համախմբումը, որոնք այս ընթացքում կողք կողքի  պետք է պայքարեն չարի իշխանության դեմ, իսկ հետո համախմբեն բոլորի մասնագիտական, ինտելեկտուալ, կազմակերպչական եւ այլ կարողություններն ու ռեսուրսները, որպեսզի վերականգնեն հավատը պետության եւ  հույսը վաղվա օրվա նկատմամբ։

Մենք հաղթանակ ենք բերել եւ հայրենիքում ու աշխարհի բոլոր  ծայրերում  հայը քայել է   գլուխը բարձր՝ որպես հաղթանակած ժողովրդի զավակ, մենք այդ հպարտությունը վերադարձնելու ենք։ Անհնարին ոչինչ չկա։ Արցախյան առաջին պատերազմում, ընդհուպ 2018-ի ապրիլի 23-ը, 2016-ի ապրիլին  դա ապացուցել ենք։

Շատերն են այսօր խոսում քաղաքական հավակնությունների մասին, մեր մարդկային ներուժը  եւ քաղաքական միտքն ամբողջությամբ բավարարում են խոսել սեփական հավակնություններից, սակայն դասական իմաստով , մենք  նեղ կուսակցական հավակնություններ չենք դրսեւորում, քանզի  դաշինքի ստեղծման նպատակը պատգամավորական մանդատներ ունենալը չէ,  մենք ունենք հստակ առաքելություն՝ քաղաքական դաշտի  այլ ուժերի հետ միասին հեռացնել կապիտուլյանտներին իշխանությունից։ Մեր դաշինքում հավաքված են պատվախնդիր մարդիկ, եւ մենք պատրաստ ենք հանուն մեր պետության, մեր երեխաների ապագայի համագործակցել պատվախնդրություն  ունեցող  բոլոր անձանց, հասարակական, քաղաքական կառույցների  հետ,  իսկ նրանք  քիչ չեն։Մենք նրանց հեռացնելու ենք եւ պատիվ ենք պահանջելու մեր պետությունը հեղինակազրկած, թշնամու առջեւ ծնկած եւ նվաստացած կապիտուլյանտներից, եւ կասեցնելու ենք պետության անկումը, դուրս ենք բերելու այս վիճակից եւ արժանապատիվ ընթացք ենք սկսելու բոլորս միասին»,-ասաց պարոն Սարգսյանը։

ՀՀ 3-րդ նախագահն իր ելույթում խոսեց նաեւ Արթուր Վանեցյանի մասին․ «Երբեմն ես լսում եմ կարծիքներ, թե Արթուր Վանեցյանը  որպես ԱԱԾ  տնօրեն հետապնդումների առաջամարտիկ էր, ինչպե՞ս եք նրա հետ դաշինք կազմում։ Շատ պարզ՝ Արթուր Վանեցյանը ժամանակին գիտակցեց նորելուկ շնագայլերի ողջ իրական էությունը, անձամբ կանգ առավ եւ կոչ արեց նաեւ մյուսներին, ավաղ նրան չլսեցին։ Ասեմ ուղիղ՝ դժվար թե գտնվի մի մարդ, ով այս իշխանությունների հետապնդումներից ավելի է տուժել, քան ես ու իմ ընտանիքը, մերձավոր շրջապատը։ Սա ասելով, հասկանում եմ՝  յուրաքանչյուրն իր խնդին ու ցավը ամենացավոտն է համարում, սակայն անձնական զգացողությունները , ամբիցիաներն ու քաղաքական կոնյուկտուրան անցողիկ են, եւ խիստ երկրորդական այն առաքելության համար, որն ունի  յուրաքանչյուր գիտակից հայ գործիչ մեր երկրում ստեղծված ճգնաժամի պարագայում»։

Սերժ Սարգսյանը ելույթի վերջում հայտարարեց․«Ընդգծում եմ եւս մեկ անգամ՝ անցյալին վերադարձ չի լինելու, բայց այսօր ուզում եմ ասել՝ ով չի խոստովանում անցյալի սխալները՝ չունի  քաջություն, ով չի գնահատում անցյալի ձեռքբերումները՝ չունի ազնվություն։ Պատիվ ունեմ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31