«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, ում դեմ այս իշխանությունները քրեական գործ են հարուցել, այս պահին Սյունիքում է։ Բայց մեկուսացված է բանակից ու սահմանից, ուստի չի կարող ասել, թե ինչ է կատարվում Սեւ լճի մոտակայքում, մեր բանակն ինչով է զբաղված, ինչ են բանակցում։
Եվ այս ամենի ֆոնին մենք լսում ենք, որ Տիգրան Ավինյանը Գորիսում հայտարարում է, թե պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումների։ Մինչդեռ այդ զարգացումներին միշտ պատրաստ անձինք, ինչպիսին, օրինակ, Աշոտ Մինասյանն է, մեկուսացված են իրադարձություններից, նրանց անգամ զենք չեն տրամադրում, որ հարկ եղած դեպքում գնան հայրենիքը պաշտպանելու։ Թերեւս կրկնվում է անցած աշնան իրավիճակը։
«Ես տեղեկություն չունեմ, մեկուսացված եմ, ինֆորմացիա չունեմ՝ բանակն ինչ է անում, եթե ասեք՝ բանակ ունենք, ես կասեմ՝ ինչո՞վ է զբաղված բանակը»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց պարոն Մինասյանը։
– Դե, դեռեւս կարծես թե չեն ոչնչացրել բանակը, այն, ամեն դեպքում, գոյություն ունի։
Կարդացեք նաև
– Բանակը գոյություն ունի, բայց այն, թե ինչ է կատարում բանակը, չգիտեմ, որովհետեւ ես մեկուսացված եմ բանակից։ Իսկ թե մենք ինչ ենք անում, ժողովուրդն ինչ է անում, ապա ժողովուրդն անտեղյակության մեջ տառապում է՝ հավատալով այս պետականակործան անհավատների լուսաբանմանը կամ լրատվությանը։
– Ասում են՝ պետք է տագնապ հայտարարվի Սյունիքում, ինքնապաշտպանական ջոկատների մասին են նորից խոսում, հնարավո՞ր է Ձեր ջոկատը նորից պայքարի մեջ մտնի։
– Իմ ջոկատը միշտ պատրաստ է, հիմա էլ տղաների հետ նստած՝ զրույց ենք անում, բայց չեմ կարծում, թե էս իշխանություններն ինձ զենք կհատկացնեն, որ ես գնամ իմ անելիքը կատարելու։
– Իսկ Դուք դիմե՞լ եք, խոսե՞լ եք պատասխանատու անձանց հետ։
– Ոչ մեկին չեմ դիմել, չեմ էլ ուզում դիմել, երբ հարցը կհասնի դրան, բնականաբար, կդիմեմ համապատասխան մարմիններին, որոնք, ասենք, էստեղի գունդն է, գնդի հրամանատարությունն է կամ կորպուսի հրամանատարն է, զինկոմիսարիատն է, որպեսզի զենք հատկացնեն։ Եթե հատկացնեն, սիրով կգնամ՝ պաշտպանելու հայրենիքը, եթե չհատկացնեն, թեկուզ բահ տան, կգնամ խրամատ կփորեմ։
– Դուք հիմա լուծումն ինչպե՞ս եք տեսնում, քանզի եթե նախկինում նման բան լիներ, եթե թշնամին հանկարծ հատեր մեր սահմանն ու մեկ մետր անգամ առաջ գար, հայկական կողմը շատ կոշտ կարձագանքեր՝ տեղում կոչնչացնեին կամ գերի կվերցնեին, իսկ հիմա քայլելով եկել-մտել են մեր տարածքը, ու մերոնք որեւէ քայլ չեն ձեռնարկում։
– Էդտեղ երկու տարբերակ կա՝ կա՛մ սպանում են, կա՛մ գերի են վերցնում, երկուսից մեկն է լինում, էս պահի դրությամբ ճիշտ կլիներ, որ կարողանայինք շրջափակել ու գերի վերցնել եւ էդ գերիներին փոխանակեինք մեր այն գերիների հետ, որոնք գտնվում են իրենց բանտերում։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում