Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի նախկին մարզպետ. ՊՆ-ն, ԱԱԾ սահմանապահ զորքերը եւ ԱԳՆ-ն պետք է ամեն ինչ անեն՝ իրավիճակը վերահսկելու համար. «Հրապարակ»

Մայիս 15,2021 10:45

Հարցազրույց Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանի հետ

– Պարոն Պողոսյան, Ձեզ համար հասկանալի՞ է, թե ինչ է կատարվում Սյունիքում եւ, առհասարակ, Հայաստանի սահմաններին։ Ինչպե՞ս կարելի է մի օր արթնանալ եւ հայտնաբերել, որ թշնամին պաշտոնական վարկածով 3.5 կիլոմետր խախտել է սահմանը եւ կարծես թե ցանկություն չունի հետ գնալու, մինչդեռ մեզ ասում էին, որ մեր սահմաններն ամուր պահվում են։

– Սա շատ նուրբ, շատ վտանգավոր հարց է։ Ցավոք սրտի, մեր իրականությունում, որպես կանոն, նման դեպքերում հասկացող-չհասկացող խոսում-մեկնաբանում են, վերլուծաբանների պակաս չունենք․ ես որոշակի իմաստով ձեռնպահ կմնամ, բայց ասեմ Ձեզ՝ իմ հրաժարականի տեքստում ես հետեւյալ նախադասությունն  էի կարմիր գծով տանում, որ մենք ապրել ենք այլ իրողությունում եւ այսօր հանկարծ անմիջապես, հարեւանությամբ պետք է ապրենք մեկի հետ, ում հետ օր առաջ կենաց-մահու կռիվ էինք տալիս։

Այս ամենի դրսեւորման ձեւերից մեկն է այն, ինչին մենք այսօր ականատես ենք լինում։ Ես կարծում եմ՝ պատկան մարմինները՝ ՊՆ-ն, ԱԱԾ սահմանապահ զորքերը եւ ԱԳՆ-ն, պետք է ամեն ինչ անեն՝ իրավիճակը վերահսկելու համար։ Կարծես թե ահագին գործ արվեց, Անվտանգության խորհրդի նիստ է եղել, այսօր արդեն մի շարք երկրներ են արձագանքում՝ ղեկավարների մակարդակով, հասցեական հայտարարություններ են անում։ Ինչ վերաբերում է մեզ, մենք ամեն բան պետք է անենք՝ օր առաջ ուժեղանանք։ Ցավոք սրտի, այդ աշխատանքները չեն արվում։

– Վարչապետի պաշտոնակատարը խորհրդարանի ամբիոնից վստահեցնում էր, թե սահմանին դիրքերի վերաբերյալ աշխատանքներ են տարվում, որոնք նկատելի չեն, եթե սահմանն անառիկ պահվեր, չէին կարո՞ղ կանխել առաջխաղացումը։ Թե՞ գուցե մենք այսօր այնպիսի փխրուն հրադադարի ռեժիմում ենք, որ ճիշտը իրավիճակը չլարելն է։

– Մենք, ցավոք սրտի եւ ճակատագրի բերումով, ունենք մի «հարեւան», որն արդեն միջազգային ասպարեզում է լկտիացել, իսկ այդ լկտիությանը հանգեցրել է անպատժելիությունը։ Չմոռանանք, որ պատերազմի ժամանակ միջազգային հանրությունն ընդամենը արձագանքում էր, բայց ոչ ավելի․․․ Հիմա Ադրբեջանը փորձելու է լկտիանալ, առաջ գալ, հավակնություններ դրսեւորել։ Մեր խնդիրը պետք է լինի այն, որ այդ սադրանքներին կտրուկ, օրինական եւ մեր երկրի շահերից բխող միջոցներով արձագանքենք՝ ներգրավելով նաեւ միջազգային գործընկերներին, կառույցներին։ Եվ դա անենք այնպիսի մակարդակում, որ հաջորդ անգամ իրենք նման փորձ չանեն։ Մնացածը՝ սահմանագծում, սահմանազատում, պաշտոնյաները շատ հասկանալի եւ ընկալելի  բացատրել են։ Հանձնաժողովներ է պետք ստեղծել, որ ակտիվ ներգրավվի գործընթացին։ Հիմա սա է մեր իրականությունը, ի՞նչ անենք, եկանք-հասանք այս հանգրվանին։ Բայց այս ամենը պետք է արժանապատիվ արվի։

 

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31