Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Մկր Սարգսյան. «Զրո կետից սկսեց» և զրոյացրեց ամեն ինչ․ «Փաստ»

Մայիս 15,2021 10:22

Գրող, հրապարակախոս Դավիթ Մկր Սարգսյանն ասում է՝ մեր երկրի համար այս դժվար ժամանակաշրջանում շատերի համար ցանկալի տարբերակը կլիներ ժամանակավոր կառավարության ստեղծումը և ոչ թե արտահերթ ընտրությունների անցկացումը:

«Այսինքն՝ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ հեռանում էր: Ցավոք, այդ մարդիկ իրենց մեջ այդքան արժանապատվություն, հայրենասիրություն և նվիրում չունեցան, որպեսզի ինքնակամ հեռանան, այս ամենը բացակայում է իրենց մեջ: Իրենք շատ լավ հասկանում են, որ երկիրը տարել են մեծագույն աղետի, մեր երկրի ամբողջ տարածքը դարձել է գերեզմանատուն, ամենուրեք սուգ է: Ժողովուրդը ցայտնոտի մեջ է, շատերը մոլորված են, շատերն անտարբեր են դարձել քաղաքական գործընթացների նկատմամբ, քանի որ իրենց հոգսերին բազմաթիվ խնդիրներ են գումարվել: Այդ մարդիկ փողոցային չտեսության, մարտնչող տգիտության հետևանքով կործանեցին երկիրը: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք:

Ցանկալի կլիներ, եթե նրանք համարձակորեն հետ քաշվեին՝ շատ լավ հասկանալով, որ իրենք երեք տարվա ընթացքում խաղացել են երկրի ճակատագրի հետ, կորստի են մատնել երեսուն տարվա ընթացքում ձեռք բերածը: Շարունակում են խոսել ալան-թալանից, բայց ես առաջնորդվում եմ այս պահին առկա քրեական գործերով, փաստերով և ոչ թե ասեկոսեներով: Եթե փաստերով ենք դատում, նախկինում ոչ ոք երկիր չի հանձնել, ոչ ոք այսքան զոհ չի տվել: Այսօր մեր նվաճումները հավասարվել են զրոյի: Ինչպես այդ խեղկատակն է ասում, «զրո կետից սկսեց» և զրոյացրեց ամեն ինչ: Պետք է արժանապատվորեն հեռանային, բայց մարդիկ արժանապատվություն չունեն, մարդիկ չունեն հայրենիքի ու խղճի զգացողություն: Ամենակարևորը, որ նրանք ոչնչացրեցին, մարդկանց հավատն էր, հույսը, լավատեսությունը: Շատերը սպասում էին, որ պետք է գա այս հեղափոխական սերունդը՝ թավիշով, բաց ձեռքերով, սիրով ու համերաշխությամբ, բայց ինչ ասացին, արվեց հակառակը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը: Նշում է՝ ժողովրդի մեջ ունենք մոլորյալներ և խաբվածներ, ունենք նաև միտումնավոր կերպով ճշմարտությունից շեղվող անձինք:

«Բայց ճշմարիտ ժողովուրդը շատ բան հասկացավ: Ասում էին՝ «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ», հաջորդիվ տուգանքները կրկնապատկվեցին: Բարեկեցիկ կյանք էին խոստանում, իրենց համար, այո՛, եղավ այդ բարեկեցիկ կյանքը: Նրանք սկսեցին ապրել ըստ ցանկության և այնքան անպատկառ գտնվեցին, որ քաղաքական մեծամասնությունը, շատ լավ իմանալով, որ Ազգային ժողովը լուծարվելու է, չբարեհաճեց 50 հազարական դրամները փոխանցել հաշմանդամների հիմնադրամին:

Ավելին՝ օգնությունները «Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղափոխեցին ՀՀ պետական բյուջե: Սա ազգային խայտառակություն է, ազգային արժանապատվության ոտնահարում բառիս բուն իմաստով: Եվ հենց հասկացող մարդիկ իրենց պարագլխից, առաջնորդից պետք է պահանջեին՝ հրաժարական տուր: Հրաժարական տային և հեռանային, քանի որ ձախողվել են, երկիրը հասցրել են մեծագույն ողբերգության, աղետի: Այս տաբերակը ճիշտ կլիներ, բայց մենք խոսում ենք քաղաքակիրթ լուծման մասին: Այս տեսակին դա չի առնչվում, նրանք կապ չունեն քաղաքակրթության, խղճի, մտածողության, բանականության, առողջ գիտակցականության հետ, հետևաբար նրանք գնացին այս ճանապարհով»,-նշում է մեր զրուցակիցը:

 

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31