Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանավորները նույնն են, լրագրողները՝ ոչ

Մայիս 15,2021 10:00

1967 թվականի հուլիսի 4-ին` ԱՄՆ անկախության օրը, այդ երկրի նախագահ Լինդոն Ջոնսոնը ստորագրեց մի փաստաթուղթ, որը կոչվում էր «Օրենք ինֆորմացիայի ազատության մասին»: Ստորագրելու արարողության ժամանակ նա ասաց. «Ինֆորմացիայի ազատությունը նույնքան անհրաժեշտ է հասարակության համար, որքան ազգային անվտանգությունը, եւ պետական պաշտոնյաները կամ առանձին քաղաքացիները չպիտի որոշեն, թե երբ է պետք այն սահմանափակել»: Դրանից հետո լրագրողներից մեկը հարցրեց նախագահին՝ արդյոք կարող է ստանալ այս ճառի պատճենը, եւ Ջոնսոնը նրան շատ չոր տոնով մերժեց:

Սա պատմություն է այն մասին, թե ինչպես են բոլոր ժամանակների եւ բոլոր երկրների իշխանավորները վերաբերվում լրագրությանը: Ընդ որում, ոչ ոք չի խոստովանում, որ ցանկանում է ճնշած պահել ազատ խոսքը կամ բավարար տեղեկություններ չտրամադրել քաղաքացիներին:

Եթե հարցնեք, ասենք, Թուրքմենստանի կամ Հյուսիսային Կորեայի ղեկավարներին, ապա նրանք, անկասկած, կհայտարարեն, որ այս բնագավառում իրենց երկրներում տիրում է կատարյալ ազատություն: Միացյալ Նահանգների նման երկրների բարձրաստիճան պաշտոնյաներն ամպագոռգոռ հայտարարություններ են անում, բայց հոգու խորքում երազում են այն մասին, որ իրենց բոլորը փառաբանեն, չփառաբանողներին համարում են «ծախված», ինչպես նաեւ հակված են խաբել իրենց քաղաքացիներին:

Այնպես որ՝ Հայաստանն այս պարագայում էլ բացառություն չէ. մասնավորապես, ներկայիս իշխանությունը փորձում է քաղաքացիներից թաքցնել այն իրավիճակը, որը ստեղծվել է Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում, իսկ «Իմ քայլում» կան պատգամավորներ, որոնք չգիտեն, թե ինչպես է պետք շփվել լրագրողների հետ: Բայց մի քիչ այս կողմ-այն կողմ, իշխանության բնույթն ամբողջ աշխարհում նույնն է: Տարբերությունը ես տեսնում եմ այլ տեղ:

Զարգացած երկրներում լրագրողական համայնքն այնքան քաղաքականացված չէ եւ, որպես հետեւանք, այնքան պառակտած չէ, որքան Հայաստանում: Լրագրողն, իմ կարծիքով, այն մարդն է, որը հասարակությանը պետք է ծառայի որպես հանդուրժողականության եւ լայնախոհության օրինակ: Սակայն մեզանում լրագրողների զգալի մասը 30 տարի զբաղված է նրանով, որ գործընկերների «պորտը տեղն է դնում», «դիմակներ է պատռում», բացահայտում է այլ լրագրողների «ծախվածությունը»: Այսինքն՝ իրենց վրա են վերցնում քաղաքական գործչի և, հատկապես, իշխանավորի գործառույթները:

Մասամբ դրանով եմ ես բացատրում, որ լրագրողներից շատերը ձգտում են պատգամավոր դառնալ: (Խոսքը ոչ միայն այս՝ վերջին գումարման Ազգային ժողովի մասին է): Նրանք արդեն ներքուստ պատրաստ են իշխանավորի կարգավիճակին, եւ այն ստանալուց հետո ադապտացման կարիքն այլեւս չունեն: Նախկին լրագրողները, դառնալով իշխող թիմի անդամ, լիարժեքորեն մտնում են իրենց դերի մեջ՝ դառնում են «քառակուսի», դոգմատիկ հավատաքննիչներ, կորցնում են զարմանալու եւ կյանքում տարբեր երանգներ տեսնելու ունակությունները՝ ի վերջո, դիտողականությունը: Իսկ դրանք, ինձ թվում է, լրագրողի կարեւորագույն հատկանիշներն են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Armen says:

    Իմ համար հասկանալի չէ ծայրահեղ տոտալիտար և բոլորի կողմից ընդունված ժողովրդավարական արժեքներ դավանող երկրների իշխանություններին մի հարթության մեջ դնելու փորձը, այդպես ներկայացնում են 1-ինը նշված երկրների պրոպոգանդիստները: Միթե՞ կա ընդհանուր ինչ որ բան ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև:

  2. Լավատես says:

    Մեր դեմ գործող ՝Բաժանիր, որ տիրես՝ սկզբունքին պետք է հակադրել ՝Միավորվիր, որ տիրես՝ սկզբունքը: Առաջինը հիմնված է մարդկային մեղքի վրա, իսկ երկրորդը՝ հակառակը՝ մարդկային առաքինության վրա: Ստացվում է, եթե մեր առաքինի մարդը ենթարկվում է մեր միջի մեղավորին, նույնն է թե արդար քրտինքով աշխատողը ենթարկվի գողին: Սա դրսի խնդիրը չէ, սա մեր ներսի խնդիրն է մեր տեսակի խնդիրն է, երբ մեր մեջ առաքինին գողին մահակի տակ պահի ու հենց փորձի մեր գողը գլուխ բարձրացնի, մեր գողը տուտուզին մի հատ ցավոտ ստանա: Գողն արդեն սոցիալապես հիվանդ է, նրան միայն ուժով կարելի է զսպել: Առողջ ուժեղ քաղհասարակությունը՝ դա հենց գերիշխող արդարներն են, որոնց ենթարկվում են բոլոր հիվանդ մարդիկ: Մեր այսօրվա քաղհասարակությունը ընտրություն պետք է կատարի պայմանական գող հիվանդների ու գող հիվանդներին ենթարկվող թույլ անողնաշար պայմանական արդարների միջեւ, երկուսն էլ բերելու են մի արդյունքի՝ քաղհասարակության դեգրադացիայի, իսկ թույլ քաղհասարակությանը սեփական ինքնիշխան պետություն պետք չի, սրանք կգերադասեն լինել որեւէ այլ երկրի կազմում, չհասկանալով, որ վաղը նրանց դուրս են բերելու միջազգային աջուրդի, ինչպես ժամանակին ստրուկներին էին վաճառքի հանում, իսկ եթե բախտներս չբերի, մեզ չաղացրած պետությունը ցեղասպանություն կիրագործի: Մեղավո՞ր է արդյոք բորենին, որը քեզնից՝ ամենակենդանասեր, մարդասեր, ամենաքաղաքակիրթ քաղհասարակությունից ավելի ուժեղ գտնվեց: Այնտեղ, որտեղ պակասում է բարին, նրա տեղն անմիջապես լրացնում է չարը եւ մի՞թե չարն է դրանում մեղավոր, մեր արդարները չարին կզացնելու նպատակ ունե՞ն թե մայախատասկռայու: Արդարներ, միգուցե ժամանակն է միավորվել, եթե ոչինչ չանենք, հաջորդ կանգառը ուրիշի երկրում կլինենք՝ հպատակ ստրուկի կարգավիճակում, իսկ եթե արդարները միավորվեն ու ուժեղ լինեն գողերից, էլի ուրիշի երկրում կհայտնվենք, բայց արդեն իշխողի կարգավիճակում: Այսօր աշխարհը վերաձեւավորման գործըթացում է, իսկ լավ կամ վատ արդյունքը կախված է միայն մեզնից, եկեք մենակ չֆիքսվենք միայն մեզ վրա, մենք բարեկամ ազգեր ունենք, որոնք նույնպես տառապում են իրենց միջի գողերի ձեռքին, մենք որպես քաղաքակրթություն փրկենք մեզ եւ փրկության ձեռք մեկնենք մեզ հարազատ ազգերին ու ժողովուրդներին:

  3. Armen says:

    Ես ծանոթ չեմ լրագրողական դաշտի ներքին խոհանոցին և չգրված օրենքներին: Պարզապես անզեն աչքով էլ երևում է՝ լրագրողների բացարձակ մեծամասնությունը կատարում են պատվեր բնականաբար փողի խաթեր, անկախ նրանից, թե դա ինչքանով է վնասում պետությանը (իշխանության հետ չշփոթել): Դա օրինաչափ է արդյո՞ք:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31