Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները պատճառներ միշտ էլ կարող են բերել, ու, ցավոք, նրանց դեռ հավատացողներ կան․ «Փաստ»

Մայիս 15,2021 09:55

Պատերազմի ավարտից անմիջապես հետո մամուլի, փորձագիտական շրջանակների, ինչպես նաև ընդդիմության կողմից ահազանգեր էին հնչում, որ Սյունիքը վտանգի տակ է, քաղաքացիների անվտանգությունը հարցականի տակ է դրված, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ, սակայն իշխանությունները հորդորում էին հանգստություն պահպանել՝ ձևացնելով, թե կարողանում են վերահսկել իրավիճակը։ Այդ ընթացքում, սակայն, հաճախ ավելի էին խորացնում տագնապները:

Օրինակ՝ հորդորում էին, որ քաղաքացիները Սյունիքի՝ թշնամու նշանառության տակ գտնվող հատվածն անցնելիս արագ վարեն մեքենան և ընդհանրապես չկանգնեն, իսկ գերի ընկնելու դեպքում զանգահարեն ԱԱԾ իրենց տված հեռախոսահամարներով։ Իսկ երբ ադրբեջանցիները հարվածում էին մեր հովիվին կամ գողանում անասունները, իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, թե Սյունիքի սահմաններին սպառնացող վտանգ չկա, հովիվը չպետք է մոտենա սահմանային հենակետերին, պետք է փորձենք ադրբեջանցիների հետ համակեցության միջավայր ստեղծել և այլն։ Սահմանների ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ ակտիվ քայլեր ձեռնարկելու փոխարեն, իշխանություններն այսպիսի հավաստիացումներով սկսեցին փափուկ բարձ դնել հանրության գլխի տակ այնքան ժամանակ, մինչև որ դանակը ոսկորին հասավ։

Նույնիսկ երբ մամուլն ահազանգեց, որ հակառակորդը մեծ ուժերով ներխուժել է Հայաստանի տարածք՝ հատելով սահմանը, իշխանական թիմի ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով, հարձակվեցին մամուլի վրա, թե մեդիատեռոր է իրականացվում իրենց նկատմամբ, նման բան չկա և այլն։ Սակայն անվտանգության խորհրդի նիստերում Փաշինյանի ելույթից պարզ դարձավ, որ մամուլը խնդիրը շատ տեղին էր բարձրաձայնել, կամ, այլ կերպ ասած, բոլորը ճիշտ էին, Նիկոլը՝ սխալ։ Ու իշխանությունների այսպիսի ծայրաստիճան անողնաշարության ֆոնին ԱԽՔ Արմեն Գրիգորյանը համարձակվում է հայտարարել, թե պատերազմի ավարտից հետո սահմանային փոփոխություններ են եղել և ձմռան պատճառով ուղղակի չեն կարողացել ամբողջ սահմանը կահավորել: Չէ, հասկանում ենք, որ այս իշխանությունները պատճառներ միշտ էլ կարող են բերել, ու, ցավոք, նրանց դեռ հավատացողներ կան: Ավելին, որ շատ ավելի սարսափելի է մեր երկրի ապագայի առումով, նույնիսկ վստահողներ դեռ կան:

Ի վերջո, փաստը մնում է փաստ, որ Արցախի 75 տոկոսը կորցրած, հազարավոր զոհեր տված, Հայաստանի անվտանգությունը զրոյին հավասարեցրած Նիկոլ Փաշինյանը, թեկուզ քիչ, բայց, միևնույնն է, աջակիցներ դեռևս ունի: Այնինչ, ադրբեջանցիների՝ Սյունիք ներխուժման միջադեպը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ այս իշխանությունները, բառի ամենաիսկական իմաստով, ոչնչի ունակ չեն, ու նրանց հեռացումը Հայաստանի փրկության միակ ելքն է: Իսկ թե դա ինչ ճանապարհով կլինի, այլ հարց է։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31