Լրահոս
Օրվա լրահոսը

Մոդեստ Կոլերով․ «Պատճառը, որ սահմանները չեն հսկվում, իշխանության պետական անպիտանությունն է»․ «168 ժամ»

Մայիս 15,2021 09:33

«168 ժամ»-ի զրուցակիցն է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը:

– Պարոն Կոլերով, արդեն մի քանի օր է՝ ադրբեջանական զինվորականները խախտել են ՀՀ պետական սահմանը, դիրքային առաջխաղացում ապահովել և մնում են նույն դիրքերում՝ ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Սյունիքում և Վարդենիսում: Սա աննախադեպ, կարելի է ասել՝ նոր իրավիճակ է Հայաստանի համար հետպատերազմյան փուլում: Ինչո՞ւ մենք նման իրավիճակ ունենք:

– Շատ պարզ է պատասխանը՝ սա պատահեց, որովհետև այդ պետական սահմանն ընդհանրապես անպաշտպան է: Սա է գլխավոր պատճառը: ՀՀ պետական սահմանների մնացած բոլոր հատվածներում նույնպիսի իրավիճակ է, և հակառակորդը պարզապես դեռ չի որոշել այդ սահմանները ևս առաջ տալ: Իսկ նա դա անընդհատ է փորձելու անել, անընդհատ փորձելու է օգտվել իրավիճակից, շահարկել իր հաղթանակը՝ ընդլայնելով իր հնարավորությունները:

– Դուք հայաստանյան զարգացումներին հետևում եք մոտիկից և կունենաք պատասխան հարցին՝ ինչո՞ւ սահմանները չեն պաշտպանվում, կահավորված չեն, ինչպես իշխանությունն է պնդում, չկա ռեսո՞ւրս, թե՞ քաղաքական կամք:

– Ռեսուրսներ կան, ՀՀ-ում կան Զինված ուժեր: Հիշում եք, վստահաբար, ի վերջո էական ուժեր են պատերազմից հետո դուրս բերվել Ղարաբաղից: Նրանց պարտադիր չէր բերել երկրի ներս, այդպես չէ՞, կարելի էր թողնել սահմաններին, հատկապես, երբ դրանք չեն հսկվում: Պատճառը, որ սահմանները չեն հսկվում, իշխանության պետական անպիտանությունն է: Ցանկացած իշխանություն՝ նույնիսկ ամենավայրենի, քարանձավային, պետք է հսկի իր սահմանները: Դա անում է ցանկացած իշխանություն, նույնիսկ շներն ու գայլերն են հսկում իրենց տարածքները: Այսքան բան:

– Ավելի վաղ նշում էիք, որ Սյունիքին վտանգ չի սպառնում, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և ունի անվտանգության երաշխիքներ, որոնք տարածվում են ՀՀ ինքնիշխան տարածքի վրա: Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին: Ինչպիսի՞ն, ըստ Ձեզ, կարող է լինել ՀԱՊԿ արձագանքը՝ հաշվի առնելով այդ կառույցի բոլոր առանձնահատկությունները:

– Հայաստանի հարցում ՀԱՊԿ-ը չունի կոնսենսուս: Դա՝ մեկ, և դա փաստ է: Բայց այս դեպքում խոսքը միջազգայնորեն ճանաչված սահմանի մասին է, ուստի ՀԱՊԿ-ին չի հաջողվի «ձեռքերը լվանալ»: Կարծում եմ՝ Հայաստանի համար լավագույն դեպքում ճիշտ կլիներ ուժեր ներգրավել ՀԱՊԿ-ից, որպեսզի պաշտպանեն այն սահմանները, որոնք Հայաստանը չի ցանկանում կամ չի կարողանում պաշտպանել:

 

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 Ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31