Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրաքվե՝ մեխի եւ մեխ հանողի միջեւ․ «Ազգ»

Մայիս 15,2021 09:22

Անցյալ կիրակի օրը գնացել էի Ազատության հրապարակ, «Հայաստան դաշինքի» հանրահավաքին: Ինձ առավելաբար հետաքրքրում էր ներքին աուրան, մթնոլորտը, մարդկանց տրամադրությունը:

Թվում էր՝ «Փրկության շարժման» ընդվզումների ավարտից հետո այնտեղ տեսնելու եմ անարդյունք պայքարից հոգնած, ընդվզելու, պայքարելու ոգին կորցրած մարդկանց: Բայց ո՛չ, ընդհակառակը: Իրավիճակը նորովի գնահատելու, պայքարը նորից շարունակելու վճռականություն կար հավաքված բազմության մեջ: Եվ ամենակարեւորը՝ այդ բազմության մեծագույն մասը 30-50 տարեկան տղամարդիկ ու կանայք էին, այսինքն որեւէ հասարակության ամենաստեղծագործ, ընտանեկան ու հասարակական պատասխանատվություն կրող, մտածող հատվածը, որը վճռական էր ու ոգեւորված:

Ծանոթ-անծանոթների հետ զրուցելիս ոմանք ասացին, որ իրենք չեն եկել Դաշնակցության ներկայացուցչին, այլ՝ Ռոբերտ Քոչարյանին լսելու: Ինչո՞ւ: Որովհետեւ, ասացին, իրենք կուսակցություններին չեն հավատում այլեւս, իսկ երկրորդ նախագահը լուրջ, հետեւողական ու փորձված մարդ է. պետք է նրա՛ն լսել: Մեկ ուրիշն էլ թե՝ Քոչարյանը պինդ մեխ է, եւ ծուռ մեխը մեխով են հանում:

Այդ ծուռը մեխը անշուշտ Նիկոլն է, որին գամել են օտարները, իսկ հիմա էլ նրան պահում են թուրք-ազերիները, նաեւ՝ ռուսները: Տարօրինակ, ես կասեի՝ արտառոց այդ տրիոն կամ տրոյկան պահում-պահելու է նրան մինչեւ առաջիկա ընտրություններ, որպեսզի անմիջապես հետո, արդեն որպես «լեգիտիմ» վարչապետ ստորագրի այսպես կոչված եռակողմ պայմանագիր (եւ ոչ թե հայտարարություն)՝ Սյունիքի միջով Ադրբեջանը Նախիջեւանին ու Թուրքիային միացնող միջանցք եւ ոչ թե «կոմունիկացիոն ճանապարհ» տալու մասին:

Թե ի՞նչ են դրանից շահելու ռուսները՝ անհասկանալի է, թե ի՞նչ էին նշանակում նախագահ Պուտինի պնդումները, թե դաշնակցային իր պարտավորությունները տարածվում են բացառապես ՀՀ սահմաններից ներս՝ Սեւ լճի բռնագրավման ֆոնին՝ ծիծաղելի են, թե ի՞նչ է նշանակում խաղաղապահ առաքելություն, երեւի արտգործնախարար Լավրովը կբացատրի, որը Բաքվից մեզ հաղորդում էր, թե, օրինակ, ի՞նչ է մեզնից պահանջում Ալիեւը գերիներին վերադարձնելու համար. ականապատված տարածքների քարտեզը:

Շատ են ինչուները, դրանց պատասխանն էլ կարող է շուտով ժամանակավրեպ եւ ավելորդ դառնալ, ինչպես ինքը՝ Նիկոլը, որին, անկասկած, պայմանագրի ստորագրումից հետո սպասում է փախուստը: Կարեւորը հիմա՛ է, կարեւորը նրան հիմա՛ հեռացնելն է, թեկուզ հանրաքվեով, կարեւորը մեր ուղեղի, մարմնի ու հոգու մեջ մխրճված այդ մեխը, գամը, սեպը դուրս հանելն է: Միայն դրանից հետո կարելի է լծվել տաժանակիր աշխատանքի՝ երկիրը վերականգնելու, պետականությունը ամրապնդելու, ժողովրդին պաշտպանելու եւ բարօրություն պարգեւելու:

Հանրաքվե՝ մեխի եւ մեխ հանողի միջեւ:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31